ԳՐԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱ՞Ց 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ


Կամ թե ինչպե՞ս պլագիատ անել չկարդացած գիրքը «Մեգիրան», Կոելոն, ես, Նիցշեն (Սկիզբը` նախորդ համարում) Ես երկար ժամանակ որոնել եմ հանրային գիտակցության արմատական փոփոխություն իրականացնելու ընդունակ մեխանիզմ, ու մի օր, ինչպես արդեն ասել եմ, «Մեգիրան» տրվեց ինձ երազում: Բայց քանի որ Տիեզերքը կառավարող ուժերը մարդկանց հետ ուղիղ տեսքով չեն խոսում, ես հարկադրված էի վերծանել երազը, վերականգնել իմ կողմից մոռացված հատվածները: Այդ հարցում ինձ օգնեցին արտառոց ընդունակություններով օժտված մի մարդու հետ հանդիպումը, ինքնամեկուսացումը լեռներում, Լ. Պովելի, Մ. Բերժեի «Մոգերի լուսաբացը» գրքի ոչ ստանդարտ թեզերի յուրացումը: Այս երեք գործոնների համադրության արդյունքում ինձ հաջողվեց «թափանցել» ինֆորմացիոն մի նոր շերտ, որտեղից արդեն ինձ երևաց որոնածս մեխանիզմի ուրվագիծը, որն էլ որոշ ծածկագրով ներկայացրել եմ «Մեգիրայում»: Հետաքրքիր մի դրվագ` այդ նոր շերտի ինֆորմացիան «մարսելիս» ես տեսա Պ.Կոելոյի «ոտնահետքերը», ու ինձ պարզ դարձավ, թե որտեղից է նա քաղել «Ալքիմիկոսի» նյութը: Եթե ես Ս. Աբրահամյանի պատրաստվածությունն ունենայի, ապա շատ հեշտությամբ Կոելոյին «կբռնացնեի» Պովելի, Բերժեի գրքի պլագիատի մեջ, բայց ես ընդամենը ժպիտով արձանագրեցի, որ Կոելոյի բախտը չի բերել, նա Պովելից մի փոքր ուշ է ծնվել և ուշացումով է մուտք գործել իրեն հարկավոր շերտը: Եվ միայն: Ես հանրային գիտակցության արմատական փոփոխման մեխանիզմի առաջին որոնողը չեմ, այդ խնդրով, անշուշտ, ինձանից առաջ տարվել են շատերը: Ու եթե տարբեր ժամանակներում միևնույն նպատակի ետևից գնում են տարբեր մարդիկ /նկատի ունեմ որոնումի ոչ ստանդարտ կերպը/, ապա նրանց տրված ինֆորմացիաները այս կամ այն չափով կարող են նման լինել կամ փոխլրացնել միմյանց, քանի որ Ճշմարտությունը մեկն է: Այնպես որ, եթե նպատակի որոնման ճանապարհին ինձ տրվածը եթե անգամ այս կամ այն չափով ակամա աղերս ունի հայտնի դեմքերի ուսումնասիրությունների հետ (բավական տեղյակ մի ընթերցող «Մեգիրա»-ի մեջ Շոպենհաուեր է տեսնում, բայց ոչ` Նիցշե), ապա այս դեպքում ճշմարիտ ԳՐԱԿԱՆԱԳԵՏԸ ոչ թե պլագիատության տագնապ կհնչեցներ` գրականությունը իբր փրկելու նպատակով, այլ ընթերցողին օգնելու նպատակով կփորձեր պարզաբանել փոխլրացման էությունը, կփորձեր հասկանալ և ուրիշներին էլ բացատրել, թե Տիեզերքը կառավարող ուժերը ինչու՞ են հարյուր տարվա ընդմիջումից հետո նույն գաղափարը (եթե այդպես է) այլ մատուցմամբ ներկայացնում մարդկությանը, կօգներ գտնել դեպի հանրային գիտակցության արմատական փոփոխման մեխանիզմի հայտնագործումը տանող ճամփան: Մեխանիզմ, առանց որի կիրառման մեր ժողովրդի ապագան անչափ մշուշոտ է լինելու: Դանդաղ գնաս... Եթե Ս. Աբրահամյանին չխեղդեր ինձ պլագիատ անողի մեջ մեղադրանք ներկայացնելու բերելիք ճանաչման տենչը, ապա նա կծանոթանար իրենից ավելի փորձառու, աշխարհն իրենից ավելի բազմագույն և բազմաչափ տեսնող գրականագետների կարծիքներին իմ գրքերի մասին և կտեղեկանար, որ նրանք դեռ տարիներ առաջ են նկատել, որ «վեպում երևակայության ուժը խորապես ապահովել էր հեղինակի «անտեսանելի» ներկայությունը վիպական իրադարձությունների շղթայում: Արծրունը (Նուրծ Րա) երևակայության յուրահատուկ որակ կազմող միստիկական մտահայեցողությամբ նվաճել էր հազարամյակների հեռավորություն ունեցող, չափազանց առարկայական, տեսանելի իրականությունը, որ հեշտ ասված բան չէ» (Զավեն Ավետիսյան), որ «ամենաուշագրավը պատմության ժամանակի փիլիսոփայական բանաձևումն է, որ պատմավեպից օտարում է տարածության ու գործողության ժամանակագրությունը: Սա պատմավեպի գիտականացման նոր հայեցակետ է: … Ժամանակ կատեգորիան Պեպանյանի մեկնությամբ դրված է փիլիսոփայական ռեզոնանսի վրա, և պատմությունը երկուհազարամյա հեռավորությունից արձագանքում է մեր օրերի հարցումներին..., որ թվում է` պատմությունը գործում է մեր կողքին և մեզ զուգահեռ» (Ս. Սարինյան), կամ` «Փոխվել է ոչ միայն պատմավեպի բովանդակային կողմը, այլև ձևը, չափը, կառուցվածքը, պատումի կշռույթը… Առկա է միանգամայն նոր մոտեցում պատմությանը, ինչը պետք է բացատրվի ու գրանցվի ժամանակի գեղարվեստական համապատկերի մեջ» (Դավիթ Գասպարյան): Այդ դեպքում գուցե Ս. Աբրահամյանը հարցներ իրենից ավագ գրականագետներին, թե ի՞նչ է երևակայության յուրահատուկ որակ կազմող միստիկական մտահայեցողությունը, ու պատասխանն ստանալուց հետո կիմանար, որ գրաքննադատության պարզագույն իր գործիքներով չէր կարելի մուտք գործել «Մեգիրայի» աշխարհ և չէր հայտնվի ծիծաղելի վիճակի մեջ: Քաղաքականություն Ժամանակին Ս. Աբրահամյանը եղել է փոխխմբագիրը քաղաքական այն թերթի, որի գլխավոր խմբագիրը ես էի: Քաղաքական այդ թերթում նա այդպես էլ մնաց որպես գրականագետ, և զգալով, որ քաղաքականությունը իր համար բարդ տիրույթ է, վերադարձավ գրականագիտության դաշտ, ինչը ողջունելի է: Բայց ահա, առնչվելով «Մեգիրա»-ին, որը մասամբ նաև քաղաքական բնույթի գործ է, Ս. Աբրահամյանը դժվարանալով ըմբռնել ներկայացվածի ողջ էությունը, մակերեսային ընթերցումների արդյունքում խառնել է ամեն ինչ, խճճվել ու հայտնվել ծիծաղելի վիճակում: Այնքան ծիծաղելի, որ ներկա (գրքում), փոփոխությունների կարիք զգացող իրավիճակի նկարագրությունը մի հերոսից խլել, տարել-դրել է ապագա առաջնորդի շուրթերին, որպես թեզեր: Գրքի կերպարներից Ռելիհին ներկայացնում է իբրև հայերի ապագա առաջնորդ, մինչդեռ գրքից դժվար չէ կռահել, որ խոսքը գնում է վաղուց մեռած մարդու մասին: Ի դեպ, «Մեգիրայի» ընթերցողներից թերևս միայն Ս. Աբրահամյանը չի կռահել Ռելիհի ով լինելը: Նա գլուխ չի հանել «Յահիա» գլխում բերված լակոնիկ մտքերի իմաստից և ներկայացման նպատակից ու իր հոդվածում կիսատ-պռատ մատուցելով ընթերցողին` ստեղծել է մի իսկական խառնաշփոթ: «Այստեղ առաջնորդներ են զոհաբերվում բազմության արատներին, և այդպես կշարունակվի այնքան, քանի դեռ չի° եղել հակառակը» լակոնիկ մտքի խորքայնությունը չի ըմբռնել և ընթերցողին է ներկայացրել այդ մտքի առաջին չորս բառերը սոսկ` աղավաղելով ու այլափոխելով գրողի խոսքը: «Այստեղ ինտելիգենտը հայհոյանք է, և մտածել կարողացողները դժբախտ են» միտքը ևս չի ըմբռնել, ոչ միայն այն առանձնացրել է կոնտեքստից, որն անելն անընդունելի է, քանի որ լակոնիկ մտքերը մի ամբողջություն են կազմում, այլև կռտել է այն ու ընթերցողին ներկայացնելով միայն վերջին չորս բառերը, ստացել է գրողի հետ որևէ առնչություն չունեցող մի արտահայտություն, ընդհանրացրել այն ու ջախջախել իր իսկ հորինվածքը: «Մոխրագույն արյունը» տարել-«դարձրել» է գերմանական նացիոնալ-սոցիալիզմի խորհրդանիշ, որպիսի բան աշխարհում չի եղել, հերոսներից մեկի սիրտը ինքնագլուխ «փոխարինել է» կեռխաչով, մինչդեռ սևով սպիտակին գրված է` սիրտը փոխարինվեց Ռելիհի սրտով: Գրքի Նուրծ Րա հերոսի (թե ինչպե՞ս է հնարավոր այդ անվան հակադարձումից «Արծրուն-հայ» ստանալ, թերևս միայն իրեն է հայտնի) որոշ գաղտնասույթներ ընկալել է որպես սոսկ գեղարվեստական խոսք ու անհեթեթ հետևությունների հանգել, թե իբր ես Հիտլերի «Իմ պայքարն» ու Վագների երաժշտությունն եմ առաջարկում որպես մեզ բալասան: Սեփական եզրահանգումները ներկայացնելով որպես իմը` մեղադրել է ինձ ....սրբապղծության մեջ, չհասկանալով, որ ջախջախում է ինքն իրեն: Եթե ես համոզված լինեի, որ նրա ենթադրած գիրքն ու երաժշտությունն են մեզ անհրաժեշտ, ապա համարձակությունս կհերիքեր բացեիբաց այդ մասին ասելու: Իսկ նման բան չեմ արել, քանի որ, ի տարբերություն Ս. Աբրահամյանի, գիտեմ, որ եթե մի գիրք կամ երաժշտություն հաջողությամբ ազդել են մի որևէ ժողովրդի վրա, ապա բոլորովին չի նշանակում, որ դրանք նույն կերպ կազդեն նաև մեկ այլ ժողովրդի վրա, քանի որ ժողովուրդները տարբեր հոգեկերտվածք և «ստարտային տվյալներ» ունեն: Իսկ ահա, ըստ Ս. Աբրահամյանի, դրանք նույնն են: Եվ հետո, մի խորհուրդ Ս. Աբրահամյանին. խուսափիր խորհրդային շրջանում ձևավորված կողմնակալ աշխարհընկալումով հաճախակի ասպարեզ ելնելուց կամ իրերի և երևույթների մասին հրապարակային եզրահանգումներ անելուց, որպեսզի չհարուցես աշխարհն իրապես ճանաչողների քմծիծաղը: Գրքում ներկայացված է հանրային գիտակցության արմատական փոփոխման քառաբաղադրիչ մեխանիզմի ուրվագիծ, որի տարրերը համարժեք են միմյանց, բայց նա իր թեթև ձեռքով գերլիազորություն է տվել վանականներին, չհասկանալով անգամ, թե ինչպիսի պետության մոդել է ակամա քարոզում: Կարո՞ղ է Ս. Աբրահամյանը ինձ ցույց տալ, թե «Մեգիրայի» ո՞ր հատվածում եմ ես գրել, թե «յահերն իրենց վանականների միջնորդությամբ կկարդան «ծածկագիր» գիրքն ու երաժշտութ յունը»: Որտե՞ղ եմ ես ասում, թե Հայկը ծածկագիր է: Եթե Հայկը ծածկագիր լիներ, ապա վստահ եմ, Ս. Աբրահամյանը այն չէր կարողանա բացահայտել, ինչպես չի կարողացել բացահայտել «Մեգիրայի» շատ ու շատ այլ ծածկագրեր: Իսկ վստահ եմ, քանի որ նա կարողացել է գրել հետևյալ թյուրիմացությունը`«Մեգիրան անցնում է Մտքերի հովտով, ուր նախապես արդեն պարզ է, որ նրա ընտրությունը չի կանխորոշելու ճակատագիրը», և սա այն դեպքում, երբ հերոսներից Նուրծ Րան խոստովանում է, որ Մեգիրան Մտքերի հովիտ փորձության բերված ինը հարյուր ութսուներորդ աղջիկն է, ու գրքի ամենաանուշադիր ընթերցողին էլ պարզ է, որ եթե աղջիկն իրեն ներկայացված մտքերից սխալ ընտրություն կատարի, Րան հարկադրված կլինի փորձության բերել մեկ ուրիշին: Լավ, մի՞թե այսքան պարզունակ կարող է լինել «ճանապարհ անցած» գրաքննադատը: