Հաղթանակի ֆավորիտները գրեթե հայտնի են
Ճիշտ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ ընդամենը մի քանի ժամ հետո կատարվելիքը դժվար է կանխատեսել: Իսկ ներքաղաքական-նախընտրական իրավիճակը, ինչպես միշտ, հակասական է. մի կողմից երգն ու պարը թվացյալ տոնական տրամադրություններ են արթնացնում, համատարած պաստառապատումն ու խայտաբղետ փուչիկները նոր հույսերի պատրանք են ստեղծում... Բայց մյուս կողմից` որոշ այլ զարգացումներ մյուս կողմից կատարելապես փչացնում են նախընտրական (այսինքն` ժամանակավոր) «երջանկության»` իդեալականին մոտ համապատկերը: Որքան էլ անցանկալի լինի, հակասությունները քարոզարշավի տեմպին համընթաց ավելանալու են: Ի վերջո, ամեն ինչ դեռ նոր-նոր է սկսվում: Հակասությունների, հակամարտությունների տեսքով դրսևորումներն ընդամենը նախընտրական զարգացումների ընթացքին են առնչվում: Բացի այդ, կան ապաքաղաքական մեծամասնականներ, ովքեր, ի տարբերություն օլիմպիական սկզբունքով քարոզարշավին մասնակցող շատ ու շատ կուսակցությունների, իրենց առջև միմիայն հաղթելու գերխնդիրն են դրել: Սա նշանակում է, որ քվեարկությանը նախորդող վերջին օրերին, երբ քվեատուփերում ձևավորվելիք պատկերը գրեթե տեսանելի դառնա, վերջիններիս կողմից մեծանալու է ծայրահեղ քայլերի դիմելու գնով իրավիճակը փոխելու ձգտումը: Դժվար չէ նաև նկատել, որ նման դեպքերում կուսակցությունները միայն կատարվածը դատապարտող հայտարարություններ են հնչեցնում ու շատ արագ դիտորդի կարգավիճակում հայտնվում: Հարուստ փորձը հուշում է, որ անկառավարելի մեծամասնականներին զսպելու հնարավորություններն այս անգամ էլ են փոքր: Ավելին, վերջիններիս անդամակցությունն այս կամ այն քաղաքական ուժին սովորաբար ձևական-խորհրդանշական բնույթ է կրում, ինչն էլ իր հերթին է փոքրացնում կուսակցությունների խաղաղարար գործունեության հնարավորությունը: Հասկանալի պատճառներով և արդարացիորեն ուշադրության կենտրոնում քաղաքական կուսակցություններն ու համամասնական ընտրակարգն են, սակայն ակնհայտ է, որ անհատ պատգամավորացուները շատ ավելի «վտանգավոր» են: Ի վերջո, որքան էլ թերահավատորեն վերաբերվենք մերօրյա սոցիոլոգների հրապարակած տվյալներին, այդուհանդերձ, նրանց հարցման արդյունքներով առաջատար ճանաչված քաղաքական երկու միավորների առավելությունները գրեթե առանց վերապահումների են ընդունվում բոլոր բևեռներում: Արդյունքում` ՀՀԿ-ին ու ինչ-որ տեղ նաև ԲՀԿ-ին առաջիկա շաբաթներին մնում է ընդամենը ամրացնել դիրքերն ու փորձել ավելացնել արդեն իսկ անբեկանելի կայուն և բարձր վարկանիշը: Ու ակնհայտ է նաև, որ պայքարի ամբողջ թեժությունը կլանելու է մյուս 22 քաղաքական ուժերին ու մեկ դաշինքին: Վերջին թիվն, իհարկե, մի քանի անգամ չափազանցված է, և, ինչպես վերլուծաբաններն են պնդում, մյուս քաղաքական ուժերից Ազգային ժողով մտնելու իրական շանսեր ունեն առավելագույնը 5-6 քաղաքական ուժեր: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկն էլ չփոխեց ուժերի դասավորությունը, և այժմ էլ բոլոր հիմքերը կան պնդելու, որ առաջիկա երեք շաբաթներին ևս հաղթանակի ֆավորիտների կազմը անփոփոխ կմնա: