Նախընտրական կրքեր... արհեստական գրգռիչներով


Երբ իրականանում են կանխատեսումների... ճիշտ հակառակը Խորհրդային հայտնի կինոկատակերգություններից մեկում այսպիսի դրվագ կա. նորաձևության սիրահար քարտուղարուհին հնաոճ-պահպանողական տնօրինուհուն ցույց է տալիս երկարաճիտք կոշիկներ և խորհուրդ հարցնում` արժե՞ գնել: Ստանալով կտրուկ բացասական պատասխան` քարտուղարուհին ինքն-իրեն ասում է` ուրեմն պետք է գնել: Անցյալի փորձը ցույց է տալիս, որ եթե հայաստանյան քաղաքական մեկնաբանները ապագա իրադարձությունների վերաբերյալ համառորեն պնդում են ինչ-որ կանխատեսում ու «գուշակություն», ապա հաստատ կատարվելու է ճիշտ հակառակը: Այդ «անցյալի փորձից» բերենք վերջին թարմ օրինակը: Մեր վերլուծաբաններն արդեն քանի տարի փորձում են ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանը հստակ ռուսամետ կողմնորոշում ունի, իսկ Սերժ Սարգսյանը նույնքան ընդգծված արևմտամետ: Այսօրվա վարչապետին են վերագրվում ՆԱՏՕ-ի հետ ՀՀ համագործակցության անընդհատ խորացումը, ինչն էլ իբր թե առիթ է տալիս Ռուսաստանին` կասկածամտորեն վերաբերվել Պաշտպանության նախկին նախարարին և ոչ միայն չաջակցել, այլև հնարավորինս խոչընդոտել վերջինիս` ՀՀ նախագահի պաշտոնին հասնելու խնդրում: Տարեսկզբին Քոչարյան-Պուտին հանդիպման առիթով, մեր «նստրադամուսները» շրջանառության մեջ դրեցին այն հեքիաթը, իբր Պուտինը կարծիք է հայտնել, թե չէր ցանկանա որպես ՀՀ նախագահի իրավահաջորդ «տեսնել» Սերժ Սարգսյանին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, դրան հաջորդած փոխվարչապետ Սերգեյ Իվանովի այցերը Հայաստան, նրանց անթաքույց ջերմ վերաբերմունքը Ս. Սարգսյանի նկատմամբ, բաց ենթատեքստով թափանցիկ ակնարկները առ այն, որ պաշտոնական Կրեմլը հենց նրան է նախընտրում որպես ՀՀ ապագա նախագահ` ջուրը լցրեցին մեր «պայծառատես» մեկնաբանների բոլոր կանխատեսում-վերլուծությունները: Պարզվեց, որ նրանց կարծրատիպային պատկերացումները 180 աստիճանով չեն համապատասխանում «չոր» իրականությանը: Բայց, քանի որ Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան «հակամարտության» լեգենդը դեռևս նույն «բախտին» չի արժանացել, ինչ վերոնշյալը, ուրեմն հորինվածքների շարունակականության համար բավական լայն դաշտ կա, որտեղ երևակայությունը կարող է հերթական հրաշք «սալտոները» կատարել: Դիցուք. եթե ապացուցված կարելի է համարել բացարձակ հովանավորությունը Ռուսաստանի բացահայտ հովանավորությունը ՀՀ վարչապետին, ապա ինչու չի կարելի պարզ տրամաբանությամբ հիմա էլ արևմտամետ «դարձնել» ՀՀ գործող նախագահին: Հոգ չէ, որ մոտ ապագայում կարող է պարզվել ճիշտ հակառակը: Կարևորը` «խաղի» հետաքրքրության պահպանումն է` քաղաքական կյանքի «տափակության» դեմ անհաշտ պայքարի «ազնիվ» մղումով: