Չոր փաստեր, առանց երևակայության շաղախի


Ռուսաստանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների` Արտգործնախարարի և փոխվարչապետի այցերը Հայաստան, մի ավելորդ անգամ ապացուցում են, որ մեր ռազմավարական դաշնակիցը խիստ կարևորում է առաջիկա համապետական ընտրությունները, և դրանց արդյունքում ձևավորվելիք իշխանությունների կեցվածքն ու դիրքորոշումը աշխարհաքաղաքական առանցքային հարցերում: Սա իհարկե խիստ բնական է: Եվ բոլորովին էլ պետք չէ զարմանալ, որ պաշտոնական Մոսկվան որոշեց համեմատաբար շուտ բացել խաղաքարտերը և հստակ ներկայացնել իր համակրանքներն ու աջակցությունը կոնկրետ քաղաքական ուժերի նկատմամբ: Առայժմ հակառակ մարտավարությամբ է առաջնորդվում Արևմուտքը` մասնավորապես ԱՄՆ-ը: Այս պահի դրությամբ վերջինիս իներտությունը կարող է խաբուսիկ լինել: Ավելի հավանական է թվում այն ենթադրությունը, որ ԱՄՆ-ը առայժմ չի կողմնորոշվել թե հայաստանյան ընտրություններում ո՞ր քաղաքական ուժի հաղթանակն իր համար կարող է առավել շահավետ լինել: Իսկ ավելի ստույգ եթե ձևակերպենք, այն արևմտամետ ուժերը, որոնց ԱՄՆ-ն կցանկանար տեսնել ՀՀ իշխանության ղեկին, ոչ մի շանս չունեն հաղթելու ընտրություններում: Հետևաբար ամերիկյան վարչակազմը իր դիրքորոշումը պետք է ճշգրտի ընդամենը իշխանական վերնախավի առանձին լիդերների նկատմամբ` որոշելով, թե իր շահերի տեսանկյունից, նրանցից ով է ավելի նպատակահարմար որպես Հայաստանի ապագա նախագահ: Իհարկե չի կարելի բացառել նաև այն վարկածը, որ Նահանգները ուշադիր հետևում է հայաստանյան իրադարձությունների ընթացքին` դեռևս հույս ունենալով անկախատեսելի ֆորսմաժորային զարգացումների, որոնց արդյունքում կստեղծվի հեղափոխական իրավիճակ: Նման պարագայում Արևմուտքը անմիջապես կաջակցի հեղափոխության ծավալմանը` որևէ թունդ արևմտամետ ուժի իշխանության բերելու ակնկալիքով: Արհեստական «գրգռիչներ» տարածողները «ներսից» են, թե, «դրսից» Որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ապակայունացմամբ լրջորեն «զբաղված» են որոշ ուժեր` երկու կարծիք լինել չի կարող: Գյումրիի քաղաքապետի նկատմամբ իրականացված մահափորձը, Էջմիածնում հնչած կրակահերթերը, մեկ այլ պատգամավորության թեկնածուի նախընտրական շտաբի հրկիզումը, պայթյունները ԲՀԿ երկու նախընտրական շտաբներում` «ընտրված» պահի առումով դժվար է համարել պարզ զուգադիպություններ: Գոնե առաջին տպավորությամբ, թվում է` դրանք նույն շղթայի օղակներն են: Սույն գործողությունների հնարավոր պատվիրատուների փնտրտուքում ԶԼՄ-երը առաջ են քաշում տարբեր վարկածներ` հավանականից` մինչև ծայրահեղ անթեթեթը: Զորօրինակ Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) դեմ մահափորձը և Սուսան Հարությունյանի շտաբի հրկիզումը վերագրվում է հենց Հակոբ Հակոբյանին` որպես իրադրությունը սրելուն միտված ակնհայտ սադրանք: Որոշ մեկնաբաններ էլ հակված են այն կարծիքին, որ ԲՀԿ շտաբների պայթեցումներն էլ կրում են իմիտացիոն բնույթ, իրենց այս ենթադրությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ Գագիկ Ծառուկյանին ձեռնտու է հանդես գալ հալածյալի կերպարով: Եթե այս վարկածների մեջ, մեծ ցանկության դեպքում, կարելի է հայտնաբերել տրամաբանության հատիկ, ապա մամուլում հնչող մի շարք այլ ենթադրություններ պարզապես զառանցամտության են հասնում: Օրինակ, փորձ է արվում «ապացուցել», որ ներքաղաքական իրադրության սրումը ձեռնտու է ՀՀ նախագահին, քանի որ դա հնարավո րություն կտա արտակարգ իրավիճակ մտցնել, հետաձգել ընտրությունները անորոշ ժամանակով, և այդ ընթացքում վերախմբավորել ուժերը իշխանական մյուս թևի` ՀՀԿ-ի անխուսափելի հաղթանակը կանխելու և նախաձեռնությունը վերջինիցս խլելու նպատակով: Այս վարկածն, իհարկե, ավելի շատ լրագրողական երևակայության արգասիք է: Սակայն մեր նպատակը չէ «հետաքննել» ու ապացույցներ գտնել, թե շրջանառվող որ ենթադրություններն են ճշմարտությանը մոտ: Պարզապես Հանրապետության համար ճակատագրական այս պահին արժե ևս մեկ ահազանգ հնչեցնել, որ քաղաքական ուժերի մի մասը ամեն ինչ անելու է` դրությունը երկրում ապակայունացնելու համար, և չի կարելի բացառել, որ «դրսի» ուժերից վերջիններս ստանում են աջակցություն: Ահա թե որտեղ պետք է զգոն լինել և ինչից պետք է զգուշանալ:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ