Քեզ համար ՀԱՅԱՍՏԱՆ
Իսկապես, նախընտրական քարոզարշավը ժողովրդի հետ անմիջականորեն հարաբերվելու, չմիջնորդավորված երկխոսության լավագույն միջոց է, եթե իհարկե, այն քաղաքական շոուի նպատակ չի հետապնդում: Իսկ Հանրապետականը ոչ միայն մերժում է թատերականացված ինքնածանուցումները, այլև հասարակության բոլոր շերտերի հոգսերը փոքրիշատե թեթևացնելուն է ծառայեցնում գործադիր իշխանության իր լծակները: Բարի համբավը շնորհվող պարգև չէ. այն ձեռք է բերվում տևական աշխատանքով, կոնկրետ գործերով: Եվ այս առումով ՀՀԿ ավանդույթները շարունակվում են` կուսակցության և Կառավարության Ղեկավարի անդառնալի կորստից հետո էլ: Տարբեր պաշտոններում երկարամյա իր գործունեության այս շարունակությունը Սերժ Սարգսյանը նույնպես իմաստավորեց ազգաբնակչության հետ ուղղակի շփումների ավանդույթը պահպանելով: Եվ պատահական չէր, որ Տավուշի մարզում ժողովրդի հետ իր հանդիպումներում նա շեշտում էր` նպատակը ոչ միայն և ոչ այնքան նախընտրական քարոզչությունն է. որպես վարչապետ նա իր պաշտոնեական և բարոյական պարտքն է համարում ի մոտո ծանոթանալ հայրենակիցների հոգս ու ցավերին: * * * Բերդ ավանից Դիլիջան ձգվող երթուղու «կանգառներում» (Վ. Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար, Ազատամուտ, Իջևան, Հաղարծին) ՀՀ վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին անձամբ հանդիպելու համար տեղաբնակների հոծ բազմություններ էին հավաքված: Գարնանային մռայլ եղանակը, հորդառատ անձրևն անգամ չէր վանում մարդկանց` իր պաշտոնավարման անդրանիկ այցն այս տարածաշրջանում ծրագրած Վարչապետի հետ հանդիպելու պատեհությունից օգտվել: Բարձրաստիճան հյուրը, գնահատելով նման հյուրընկալությունը, նաև դրա համար հատուկ շնորհակա լություն հայտնեց հավաքվածներին` պատրաստակամորեն ընդունելով նրանց նամակները և խոստանալով բանավոր հնչեցրած բոլոր խնդրանքներին լուծում գտնել` օրենքի շրջանակներում: * * * Հեռավոր, առավել ևս սահմանամերձ բնակավայրերում շատ ավելի կարևորվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների այցը: Ինչպես Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանն է ասում. - Դա վկայությունն է այն իրողության, որ մեր Կառավարությունը և ՀՀԿ-ն կարևորում են սահմանամերձ գյուղերի բնակչության խնդիրները: Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է 2000 թ. արժանահիշատակ Անդրանիկ Մարգարյանի այցը Տավուշ, որի արդյունքում Կառավարության ընդարձակ մի որոշում ծնվեց` մեզ բոլորիս հուզող խնդիրների լուծման ծրագրերով: Եվ անցած 7 տարիների ընթացքում այդ ծրագրերն ամբողջությամբ իրականացվել են: Նման իրատեսությունն ու գործնականությունը չէր կարող աննկատ մնալ և չշահել տեղաբնակների հավատը: Մարզպետի փաստմամբ` 62 համայնքապետերից 52-ը ՀՀԿ անդամներ են: Առաջիկա ընտրություններում ՀՀԿ հաղթանակի հանդեպ իր վստահությունը Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանը հիմնավորում է վերջին տարիներին կատարված աշխատանքներով. - Միայն վերջին 3 տարում Բերդ քաղաքում կյանքի են կոչվել ենթակառուցվածքների ուժեղացմանը և մարդկանց հոգսերի թեթևացմանն ուղղված շուրջ 5 տասնյակ ծրագրեր: Վերանորոգվել են մշակույթի տունը, մարզադպրոցը, արվեստի դպրոցը, քաղաքային թանգարանը: Ճանապարհաշինական, սանիտարական վիճակի բարելավման ծրագրեր ենք իրականացրել: Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ նույնպես շուրջ 200 ծրագրեր են կյանքի կոչվել` ոռոգման խմելու ջրի, ցանցերի վերանորոգման և այլն... Բանախոսները համոզված են, որ ժողովուրդը չի կարող սխալվել. - Հանրապետականը երբևէ չի եղել խոսքի, սին բառերի կուսակցություն: ...Դրա լավագույն վկայությունը տարածաշրջանում ամենամարտունակ Հայոց բանակն է, որի կայացման ակունքներում մեր նոր վարչապետ Սերժ Սարգսյանն է: Մեզ համար անվտանգությունը, սահմանների հուսալի պաշտպանությունը ամենակարևորն են: Եվ վերջին տարիներին բանակաշինության, սահմանների անառիկության առումով անչափ մեծ է Ս. Սարգսյանի ավանդը, ինչի համար բոլորիդ անունից խորին շնորհակալությունս եմ հայտնում նրան: Տավուշում վստահ են, որ նաև մեծամասնական կարգով առաջադրված ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանն է շահելու ժողովրդի վստահության քվեն: Ավելին, մարզի երկու ընտրատարածքներից մեկում առաջադրված Միքայել Վարդանյանի թեկնածությունը նույնպես պաշտպանում է ՀՀԿ-ն, թեև երիտասարդ գործարարը հանրապետական չէ: Ասել է թե` գնահատվում է ոչ թե սոսկ կուսակցական պատկանելությունը: Վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն անմիջական զրույցի է նման. - Իմ խորին համոզմամբ` Հայաստանի շատ թե քիչ կշիռ ունեցող պաշտոնյան իր գործունեությունը պետք է սկսի սահմանամերձ շրջաններից` Տավուշից, Նոյեմբերյանից, Ճամբարակից... Որովհետև, մոտիկից ծանոթ չլինելով սահմանամերձ տարածքների բնակչության հիմնախնդիրներին և, որ ամենից կարևորն է` նրանց տրամադրություններին, անկարելի է լիարժեք գործունեություն ծավալել: Ես այսպիսի առիթ ունեցել եմ նաև 2003-ին և, համեմատելով ձեր արտաքին տեսքը, տրամադրությունը այն ժամանակների հետ, ուրախության զգացումով եմ համակվում: Իհարկե, դուք շատ ավելիին եք արժանի, և տարիների ընթացքում դրական փոփոխություններն ավելի ակնառու կլինեն: Վարչապետի ցանկությունն է` որպեսզի տղամարդիկ իրենց ավելի վստահ զգան և համոզված է, որ այդպես էլ լինելու է: Սակայն իրատեսորեն նա նկատում է` - Միանգամից ոչինչ չի ստեղծվում... Ս. Սարգսյանի դիտողականությունը զարմացնում է շատերին. - 7 տարի իշխող կուսակցություն լինելով, ՀՀԿ-ն կարողացել է այնպես աշխատել, որ բյուջեի ծախսային մասը աճի 2, մեր համախառն ներքին եկամուտն աճի 2,5 անգամ, աշխատավարձերն ու թոշակներն աճեն 3, ուսուցիչների աշխատավարձերը` մի քանի անգամ: Բայց հարցնենք թեկուզ ուսուցիչներին` գո՞հ են իրենց աշխատավարձից: Իհարկե` ոչ: Եթե ևս 4-5 անգամ էլ բարձրացվի վարձատրությունը, միևնույնն է` լիարժեքորեն բավարար լինել չի կարող: Վարչապետը ոչ թե եղած հնարավորություններով ստիպված բավարարվելու կոչ է անում, այլ սեփական ուժերին ապավինելով` լավատեսությամբ համակվել է առաջարկում: Նա համոզված է և վստահեցնում է` - Մենք պետք է կարողանանք հավատալ` աստիճանաբար լավանալու է վիճակը: - Ինչ խոսք, մեր երկրի համար կարևորագույններից է նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը: Ես վստահ եմ, որ շատ հեռու չէ նաև այն օրը, երբ կունենանք ոչ թե աշխատատեղի, այլ աշխատողի կարիք: Այս խնդիրն, անշուշտ, լուծելի է և լուծվելու է պետական քաղաքականության շնորհիվ, գործարարների օգնությամբ: Մեր կուսակցության ամենաառաջնահերթ խնդիրն աշխատատեղեր ստեղծելն է: *** Գյուղաբնակներն, իհարկե, չէին վարանում` իրենց համար անլուծելի դարձած խնդիրներ բարձրացնել: Սակայն, ինչպես նկատեց Վարչապետը, հնչում էին միայն նեղ-անձնական հարցեր: Իհարկե, դրանք անտարբերության մատնվել չէին կարող, սակայն սպառիչ պատասխանի համար ուսումնասիրել էր պետք: Եվ ՀՀԿ խորհրդի նախագահն առաջարկեց գրավոր ներկայացնել նման խնդիրները` խոստանալով հնարավոր լուծումներ գտնել: *** Իջևանի Վալանս փողոցում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի և քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հետ Սերժ Սարգսյանը նույնպես մանսակցեց ծառատունկին` ի նշան շարունակվելիք սերտ համագործակցության: *** Մեջբերելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, տեղի ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավար Սամվել Առաքելյանի խոսքից մի հատված` հավաստիացնենք, որ նույն վստահությունը, հանուն ստեղծված կայուն քաղաքական մթնոլորտի, հանուն կայուն առաջընթացի և զարգացման` Հանրապետականին տալու կոչն ու հորդորը տարբեր ձևակերպումներով հնչում էին գրեթե բոլոր ելույթներում և մասնավոր զրույցներում. - Եթե ուզում ենք, որ Ղարաբաղի հարցը հիմնավոր լուծում ստանա, և մեր տնտեսական հաջողությունները հարատև լինեն, իսկ քաղաքական վիճակը կայուն` առաջիկա ընտրություններն անցկացնենք օրինականության մթնոլորտում: Մենք այսօր ունենք քաղաքականապես հասուն և հայրենասեր ժողովուրդ, որը չի կարող սխալվել: Պարոն Վարչապետ, Դուք տիրապետում եք ռազմական բոլոր հմտություն ներին. տնտեսական ոլորտը նույնպես յուրատեսակ ռազմի դաշտ է: Մեզ ընդունենք որպես զինվոր այդ դաշտում, և մենք, համատեղելով ջանքերը, լուրջ հաջողություններ կունենանք: Ձեր, ՀՀԿ-ի գլխավորությամբ մենք կարո°ղ ենք ժողովրդի համար ապահովել բարեկեցիկ կյանք, որին ինքն արժանի է: Դարձյալ` կոնկրետ գործեր` բոլոր հավաստիացումների փոխարեն Տավուշցիների հետ հանդիպումը նշանավորվեց կարևորագույն երկու իրադարձությամբ ևս. Իջևանում 12 ընտանիք բնակարանամուտ տոնեցին: Ինչպես պարզաբանեց ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական, վարչական ապարատի ղեկավար, գնդապետ Անդրանիկ Մելոնյանը` զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կառուցված ժամանակակից այս բնակելին այդօր հանձնվեց շահագործման: Ի դեպ, քաղաքապետարանի միջնորդությամբ նույն շենքի երկու բնակարան անհատույց հատկացվեցին մանկավարժների ընտանիքների: Բնակարանների բանալիները հանձնելով` Ս. Սարգսյանը խոստացավ ևս 24 ընտանիքի ապահովել բնակարաններով: Նմանատիպ հանդիսություն կայացավ նաև Դիլիջանում: Հուշանվերներ ՀՀԿ առաջնորդին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսխորհրդի նախագահ Կ. Իսկանդարյանն ուսանողների ձեռքով կերտված ՀՀ զինանշանը նվիրեց Սերժ Սարգսյանին, իսկ Վ. Ծաղկավան գյուղում նրան հուշանվեր-կոնյակ մատուցեցին: Վարչապետը, լրագրողներիս դիմելով, կատակեց. - Ասում եք` պատգամավորության որոշ թեկնածուներ ընտրակաշառք են բաժանում: Այստեղ ընտրողներն են նվեր տալիս... - Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար և հպարտ եմ, որ ինչ-որ չափով հույսեր եք կապում: Բայց ուզում ենք, որ բոլորդ իրատես լինեք` ես չունեմ կախարդական գավազան, որով միանգամից մեր բոլոր խնդիրները կարողանում լուծել: Ես ձեր աչքի առջև երկար տարիներ աշխատել եմ տարբեր բնագավառներում, և արդյունքը դուք տեսել եք: Հաջողությունների մենք հասել ենք միայն այն պատճառով, որ ունեցել ենք բազմաթիվ համախոհներ, աշխատանքային լավ ընկերներ, գաղափարակիցներ, որոնց հետ միասին մշակել ենք ծրագրերը: Յուրաքանչյուրը կատարել է իր պարտավորությունը: Եթե այսուհետև դուք ևս աջակցեք մեր կառավարությանը, ես վստահեցնում եմ, որ մենք հաջողություն ենք ունենալու, և մի քանի տարի հետո բոլորդ էլ հպարտությամբ եք խոսելու մեր կառավարության տնտեսական քաղաքականության մասին: Այնպես, ինչպես հիմա խոսում եք Բանակի մասին: Նորից եմ կրկնում, ես կարիքն ունեմ ձեր աջակցության, ձեր նախաձեռնությունների, ձեր խորհուրդների: ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. - Սիրելի իջևանցիներ, շատ շնորհակալ եմ, որ այս անձրևոտ եղանակին (որը չի խանգարել) այսքան հոծ բազմություն է հավաքվել: Ես սա համարում եմ վստահություն (վստահության լավագույն արտահայտություն)` Պաշտպանության նախարարին և ապագա Վարչապետին: Ասում եմ` ապագա, որովհետև դեռ ընդամենը մի քանի օր է` ստանձնել եմ Կառավարության ղեկավարի պարտականություն ները, և իսկական վարչապետ ինձ կզգամ (այն ժամանակ, երբ), երբ մեր տնտեսությունը նմանվի մեր Բանակին: Այո, Ազատամուտում ասել եմ, որ չունեմ կախարդական գավազան, որպեսզի մեկ վայրկյանում բոլոր պրոբլեմները (կուտակված բոլոր հիմնախնդիրները) լուծեմ, և մեր տնտեսությունը միանգամից նմանվի մեր բանակին: Բայց ունեմ կամք, վճռականություն, (մեծագույն) ցանկություն, և, որ ամենակարևորն է` ես ունեմ ձեր վստահությունը` այդ խնդիրները լուծելու: Ուստի (կարող եմ նաև ինձ իրավունք վերապահել) այս պարագաներում ես էլ իրավունք ունեմ ձեզ դիմելու և ասելու` սատարեք ինձ, եղել ազնիվ, և մենք մեր խնդիրներն իրոք կլուծենք: Սահմանամերձ (մարզերի) շրջանի բնակիչների տրամադրությունից է կախված, թե ինչպիսին է լինելու վաղվա մեր օրը... Մենք գույություն ունենք մեր սահմաններով և պիտի հարատևենք մեր սահմանների մեջ: Ցանկացած հանդիպման ժամանակ ձեզ հետ ես կցանկանայի տեսնել ժպտացող դեմքեր, հույս ներշնչող դեմքեր, որովհետև առանց հույսի, առանց հավատի մենք ոչ մի բան չենք կարող անել: Ակնհայտ է, որ առաջիկա 15-20 տարիների ընթացքում հնարավոր չի° լինելու Հայաստանում ստեղծել մի տնտեսություն, լուծել այնպիսի սոցիալական հարցեր, որ բոլորիս ամբողջովին բավարարի, և մեզ զգանք ինչպես դրախտում: Աշխատավարձերի բարձրացում վերջին տարիներին եղել է, ճիշտ է: Բայց միևնույն է, այն այսօր ձեզ չի բավարարում, որովհետև դուք այդ աշխատավարձով չեք կարողանում լուծել ձեր սոցիալական խնդիրները: Այստեղից եզրակացություն. մենք պետք է տարիներով քրտնաջան, տքնաջան աշխատենք: Մենք պետք է արդարություն հաստատենք, պետք է կարողանանք հավատալ, որ (մեր թիկունքում) ունենք պետություն, ունենք ժողովրդի շահերով ապրող իշխանություններ: Բոլորիդ կոչ եմ անում ակտիվ մասնակցել ընտրություններին: Այս պրոբլեմները պետք է մենք լուծենք միասին, ձեր վստահությունով, ձեր հավատով: Առանց ձեր մասնակցության անհնար է որևէ խնդիր լուծել: *** - Առաջիկա 15-20 տարիների ընթացքում ի վիճակի չենք լինելու ստեղծել այնպիսի հասարակություն, պետություն, որտեղ պրոմբլեմներ չլինեն: Բոլորս պետք է պատրաստ լինենք տքնաջան աշխատանքի, բոլորս պետք է գիտակցենք, որ ինչ անենք` անելու ենք ապագայի համար: Ահա թե ինչու մեր կուսակցությունը կարգախոս է ընտրել շատ պարզ մի կարգախոս. «Քեզ համար, Հայաստան»: Ասել է թե` յուրաքանչյուրս ամեն օր պիտի փորձի ինչ-որ մնայուն քայլ կատարել, օգտակար մի գործ` մեր պետության` Հայաստանի համար: Կոչ եմ անում հավատալ այն կառավարությանը, որը, փաստորեն, դուք պետք է ընտրեք` մայիսի 12-ին ակտիվորեն մասնակցելով ԱԺ ընտրություններին և ձայն տալով արժանավորի օգտին: Ամենածանրը առանց հավատի ապրելն է: *** ՀՀ Տավուշի մարզ կատարած այցի արդյունքներով այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն` շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մարզի բնակչության հետ հանդիպումների ժամանակ բարձրացված խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է իր մոտեցումներն ու տպավորությունները, այդ կապակցությամբ լսել պատասխանատուներին եւ հանձնարարել` հանգամանորեն ուսումնասիրել բարձրացված խնդիրներն ու հնարավորին կարճ ժամկետում լուծման արդյունավետ ուղիներ առաջարկել: Վարչապետը տեղեկացրել է խորհրդակցության մասնակիցներին, որ իր աշխատանքային այցերից հետո այս մոտեցումը մշտապես կիրառվելու է, եւ պատասխանատուները պետք է պատրաստ լինեն արագորեն արձանգանքելու եւ իրատեսական լուծումներ տալու բնակչությանը հուզող կենսական խնդիրներին: