Գործունյա, բարեխիղճ և սկզբունքային


Այցեքարտ. ԱՐՄԵՆ ՊՈՒՐՏՈՅԱՆ: Ծնվել է 1970 թ. սեպտեմբերի 29-ին, Երևանում: 1988 թ. ծառայել է խորհրդային բանակում: Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, սպորտի միջազգային վարպետ է, ԽՍՀՄ երիտասարդական, աշխարհի և Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունների հաղթող: 1994-97 թթ. եղել է Երևանի «Արաքս» արտադրական կոոպերատիվի փոխտնօրեն, իսկ 1997-2003-ին ղեկավարել այն: 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Արմեն Պուրտոյանին շրջապատում ճանաչում են որպես գործունյա, բարեխիղճ և սկզբունքային ընկերոջ: Նրա թեկնածությունն այս անգամ առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով` Էրեբունի համայնքի թիվ 13 ընտրատարածքում: Պատգամավորի խորին համոզմամբ` մեր ժամանակներում ամենադժվարը հանուրի հավատը վաստակելն է: Իսկ եթե ժողովուրդն է քեզ տալու իր վստահության քվեն, ուրեմն ապավինելու է իր դժվարությունները հանձին քեզ կիսելու հավատին: Եվ այդ պարագայում անհանդուրժելի է անտարբերությունը: - Խորհրդարանական աշխատանքի 4 տարիները, թերևս, չէին կարող բավարար լինել` բոլոր ծրագրերի իրականացման համար: Անկատար ծրագրերն ավարտին հասցնելու ու նաև նոր ձեռնարկումները կենսակոչելու ուղղությամբ արդեն կանխատեսե՞լ եք Ձեր անելիքները: - Լինելով ՀՀԿ համամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավոր, իմ աշխատանքը ավելի շատ եղել է ընդհանրացված` խմբակցության ներսում: Այդուհանդերձ, մշտապես ուշադրության կենտրոնում եմ պահել քաղաքացիներին հուզող խնդիրները, հատկապես` սոցիալապես անապահով և զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Մեզ համար լեգենդ են հյուսել արցախյան գոյամարտի հերոսները, և մենք պարտական ենք նրանց` այսօրվա խաղաղության, ոգեղեն ուժի, հաղթանակի բերկրանքը վայելելով: Ի դեպ, Արմեն Պուրտոյանն ամեն ինչ անում է` հնարավորինս սահուն դարձնելու երիտասարդ մարզիկների ընթացքը դեպի մեծ սպորտ: Նրանց մարզական հաջողություններին նպաստելով թե նյութապես, թե բարոյապես, նա այդ կերպ փորձում է ինչ-որ չափով թեթևացնել նաև պետության հոգսը: Անչափ կարևորում է բնակչության իրավական իրազեկվածությունը: Այդ խնդրով մտահոգ օրենսդիրն ու պատգամավորության թեկնածուն նաև անվճար իրավաբանական ծառայություն է իրականացնում: - Ձեր վերաբերմունքը օրենսդիր մարմնի հանդեպ: - Ազգային ժողովը նեղ-անձնական խնդիրներ լուծելու արենա չէ: Դա պետք է հստակորեն գիտակցի և° ժողովուրդը, և° նրա ընտրյալը համարվող թեկնածուն: Կարծում եմ` օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պետք է մշտական կապի մեջ լինի իր ընտրողների հետ, տեղեկացված լինի նրանց հուզող խնդիրների մասին, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն սին խոստումներ տա և խարխլի ժողովրդի հավատը: Հիրավի, Արմեն Պուրտոյանն իր գործով վաղուց է հաստատել, որ իր խոսքի տերն է և իր գործով փաստել, որ վստահությունը բարձրագոչ խոսքերով չեն վաստակում. ժողովուրդը գործին է վստահում` սրտացավորեն իր հոգսը թեթևացնողին ապավինում: Հանրապետական կուսակցության գործելաոճը ինչպես միշտ, ոչ թե հայհոյելն է, այլ սեփական ծրագրերը ներկայացնելը և դրանք կյանքի կոչելը: Եվ, ի տարբերություն շատ կուսակցությունների, ՀՀԿ-ն ունի գաղափարախոսություն, այն էլ` ազգային: ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն այս առումով էլ, չշեղվելով կուսակցության հիմնական ծրագրերից, ներկայացնում է դրանք` ընտրողին թողնելով կողմնորոշվելու հնարավորությունը. - Ցավոք, հայտնի պատճառներով, Հանրապետականի համար շատ բարդ իրավիճակ ստեղծվեց: Կորուստը ծանր է և անչափելի: Այդուհանդերձ, պիտի հավաստիացնեմ, որ մեր ռազմավարությունը չի փոխվել: Թերևս այս պատճառով է, որ մրցակից կուսակցությունները, կարելի է ասել, առանձին քարոզչություն են ծավալում ՀՀԿ-ի դեմ: Ինչպես բանախոսն է նշում. - Ամբողջ մեկուկես տարի հայհոյանքները քաղաքական դաշտում չէին լռում, որը հետո վերածվեց քաղաքական հիստերիայի: Հանիրավի չէ նրա վստահությունը. - ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում կներկայանա և կաշխատի ունենալ այնքան պատգամավոր, ինչքան այսօր ունի, դեռ մի փոքր էլ ավելի: ՀՀԿ-ի հեղինակությունը թույլ է տալիս այդպես կարծել և Գալուստ Սահակյանն էլ ընդգծում է. - Լինելով նորանկախ Հայաստանի ակունքներում, իբրև քաղաքական դաշտում որոշակի առաքելություն ունեցող կուսակցություն, մեզ է վերապահվել ժամապահի դերը: Այդ իսկ պատճառով, այս բոլոր տարիներին Հանրապետականը պատասխանատվության բեռի հիմնական կրողն է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավատարիմ է իր դավանանքին: Նրա բոլոր ձեռնարկումները միտված են երկրի բարօրությանն ու խաղաղության պահպանմանը: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ ՀՀԿ-ն որդեգրել է «Քեզ համար, Հայաստան» կարգախոսը: - Եթե երազներով ու հեքիաթասացությամբ պետք է զբաղվես և Հայաստանին ոչինչ չունես տալու, ուրեմն իրավունք չունես բարձրագոչել` «Քեզ համար, Հայաստան»,- ասում է ԱԺ պատգամավորը,- այդ կարգախոսով առաջնորդվելու համար անհրաժեշտ է արժանանալ դրան և վաստակել դրա իրավունքը... Իսկ վաստակի չափանիշն այս կուսակցությունում անցած ուղին է և կոնկրետ գործերը:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ