Գողթան երգերից մինչև Կոմիտաս ու Արամ Խաչատրյան


Մեր գուսանական արվեստի արմատները պետք է փնտրել հեռու-հեռավոր այն պատմական ժամանակներում, երբ տարբեր ցեղերից կազմավորվում էր հայկականը: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այն ձևավորվել ու իր ինքնահատուկ բովանդակությունն է ձեռք բերել հայոց լեզվի հետ զուգահեռ միասին` ներառելով իրենում բյուրավոր սերունդների ունեցած մարդկային հոգևոր-գաղափարական հատկանիշները, որոնք պատմական կենսափորձով հստակվելով պիտի անհատականացնեին, առանձնացնեին մեր ազգային նկարագիրը մարդկության համաշխարհային ընտանիքում: Որպիսի ջերմությամբ է խոսում հին Հայաստանի հանրահայտ Գողթն գավառի գուսանների մասին պատմահայր Խորենացին: Պատահաբար չէ, որ վաղ միջնադարյան հայերեն թարգմանական և ինքնուրույն գրականության մեջ «գուսան» բառը գործածվում է որպես հին հունական «միմոսի» համարժեքը` ընդհանրական իմաստով պարփակելով իրենում մեր օրերում ընդունված «արտիստ» հասկացությունը նաև: Գուսանները սերունդներին են ավանդել պատմական կոնկրետ դիպաշարերի ներշնչանքով հորինված առասպելական զրույցներ, ծիսական ու վիպական երգեր` դրանց հրապարակային ներկայացումները ուշագրավ դարձնելով նվագածությամբ, բանաստեղծական խոսքով ու պարով, աճպարարությամբ ու լարախաղացությամբ: Գողթան երգերից մինչև Կոմիտաս ու Արամ Խաչատրյան հայ ժողովրդական (գյուղական ու քաղաքային) երաժշտության զարգացումը ընթացել է բովանդակային-կոմպոզիցիոն կայուն նորմերով, արտահայտչամիջոցների սեփական համակարգի մշակմամբ` գործադրված սեփական եղանակներով ստեղծելով մեր ազգային խառնվածքին բնորոշ երաժշտաբանաստեղծական կերպարներ: Գողթան երգիչների հետնորդները պահպանել ու զարգացրել են քանքարավոր նախնիների ազգային բնավորությամբ օժտված արվեստը` երկնելով երաժշտական քնարերգության նոր բարձրարժեք, տարաժանր նմուշներ` օրորոցայիններ, սիրերգեր ու պարերգեր, զվարճական զվարթ և պարզ ու մտերմիկ հայրենասիրական երգեր, դրանց կախարդական թովչանքով արարված օպերային, բալետային, սիմֆոնիկ, էստրադային և այլ մեծ ու փոքր կտավի երաժշտական սքանչելի ստեղծագործություններ: Հայ երաժշտարվեստի բազմաշերտ ձայնադարանի հսկայածավալ պարունակությունից ժամանակների և միջազգային արվեստասեր հասարակայնության «դատը շահեցին» առավելապես (եթե չասեմ` միմիայն) անխառն ազգային բնավորության ու մտածողության ամբողջական կոլորիտով արարված երաժշտական գոհարները: Հասկանալի պատճառով, դրանք օրգանական մասնիկն են իրենց ծնած հողուջրի, հոգևոր-կենսական կարևորագույն նախապայման ազգային ինքնագիտակցության արթնացման ու պահպանման, ուստիև` ազգային տեսակի հարատևության համար Երկիր մոլորակի բազմատարած ու հազարալեզու բնակչության առաջավոր շարասյուներում: Անուրանալի է ժողովրդական երաժշտության ծանրակշիռ լուման հայ ազգային գիտակցության կազմակերպման ու դիմագծի պահպանման գործընթացում: Եվ առանձնահատուկ մեծարանքի են արժանի բոլոր արվեստագետները, ովքեր սկզբունքորեն ընդդիմացել են և ընդդիմանում են օտարամոլության ավերածություններին` իրենց գենետիկ ժառանգության լիարժեք տերն ու խոնարհ ծառան լինելով: Արժանավորներից է XX դարի երկրորդ կեսին ստեղծագործած հայ գուսանական նորագույն արվեստի ականավոր ներկայացուցիչ Աշոտ Հայրապետի Դադալյանը` «գուսան Աշոտը», ինչպես նրան պատվել է ժողովուրդը: Այսօր, ցավոք, կաթվածահար է ժողովրդական արվեստը պրոպագանդող վաստակաշատ կոլեկտիվների` Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի և Արամ Մերանգուլյանի անվան հեռուստատեսության ու ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլների գործունեությունը: Չեն հնչում պարզությամբ, ժողովրդական ոգուն հարազատությամբ, կատարողական ուրույն ոճով աչքի ընկնող նրանց համերգային ձայնագրությունները: Այնուհանդերձ, չի մթագնվել իր վճիտ ակունքներից կենսական ուժեր ստանալու կարոտ հայ մարդու հիշողությունը: Ի թիվս այլոց, նա շարունակում է պահանջ զգալ հաղորդակցվելու գուսան Աշոտի հուզաթաթավ երգերին, փնտրելու-գտնելու-լսելու հանրահայտ կատարումները «Սարի սիրուն յար», «Սերս վանքում Տաթևի», «Հուշարձան աղբյուր», «Հով սարեր, մով սարեր», «Արի բաղերով» և շատ ու շատ ուրիշ ստեղծագործությունների, որոնցով գորիսեցի տաղանդավոր երաժիշտը մնայուն հետք է թողել արդի հայ գուսանական արվեստում: Որպես գուսան հանդես գալով 1928-ից` Աշոտը ստեղծել է նոր, ինքնատիպ երաժշտական լեզու` ապավինելով հայ ժողովրդական երգարվեստի ձայնելևէջային, ռիթմական, կառուցվածքային ձևերի ավանդական հնարքներին: Երևանում լույս են տեսել նրա երգերի ժողովածուները` «Գուսանական երգեր», «Գուսանի սերը» և այլք: Գուսան Աշոտի երգաշխարհը մշտապես հարստացել է հինավուրց գեղջկական ու քաղաքային երաժշտության խորունկ շերտերից, ներծծվել դրանց մտածողությամբ: Ի տարբերություն իրենց գուսան կամ երգահան հռչակած անհայտ ծագման «շոումենների», նա իր ժողովրդին` նույն մասսայական ունկնդրին ու հանդիսատեսին մատուցել է ապրված զգացմունքների մարդկային վեհ ու վսեմ, գեղեցիկ ու առինքնող նրբերանգներով շաղկապված գողտրիկ երաժշտական պատմություններ` աներկբա հավաստելով սերնդե սերունդ ճշգրտված հոգևոր-մշակութային արժեքների առաջնայնությունը, հանրամատչելի օգտակարությունը: Երբեք չի տքնել ուռճացնել սեփական անձի բացառիկությունը` արհեստական դափնիների հավելումով փառապսակին, ինչպես համակիր մեծահարուստ հովանավորների չխնայվող, անսպառ միջոցներով ինկուբատորի ճտերի նման դյուրությամբ բազմացող, ապազգային «սուպեր-սթարները»` նոտաները անվարժ ու անձայն կամ անպադղորդ արտասանությամբ ծամելուց շուտով հոգնող, սկանդալային վարքուբարքով իրենց հանրաճանաչությունը «հոգացող»: Կասեի` «ժողովրդականությու նը», բայց... ժողովրդականը գուսան Աշոտն է, ով հիշվում ու սիրվում է իր մեկդարյա հոբելյանի այս օրը` հայ երգարվեստին նվիրաբերած իր ստեղծագործական բազմամյա տառապանքի պտուղներով, որոնց քաղցրությունը ինչ-որ չգրված օրենքով ու ակնհայտ ջանադրությամբ փորձում են թաքցնել կամ այլափոխել արժեքների խեղաթյուրման ստվերային ջատագովները: Մենք էլ, խամաճիկների նման, լուռումունջ ենթարկվում ենք նրանց ազգուրաց, վճարունակ կամքին` մոռանալով, որ այդպիսով ընդլայնում ենք այս հեղհեղուկ ներկայում գերիշխող դարձող, վտանգներով հղի ամենաթողության դաշտի մահագուշակ տիրույթները: Մերը թողած` գովերգում ենք ու ընդօրինակում օտարի ապրելակերպն ու արվեստը, միտումնավոր կամ ակամա որդեգրում ուրիշի հավատամքը: Չե՞նք ուզում, վերջապես, հասկանալ, պարզագույն մի ճշմարտություն` պետք է ինքդ սիրես, ըստ արժանվույն գնահատես քոնը, որպեսզի օտարներն էլ ընդունեն քո կարևորությունը, հարգեն ու մեծարեն ազգային պատկանելությունդ: Բոլոր ասպարեզներում: Հատկապես` հոգևոր-մշակութային: Ճանաչենք ինքներս մեզ և ճանաչելի դարձնենք աշխարհին: Եվ թող գուսան Աշոտի 100-ամյա հոբելյանը նոր առիթ, խթան հանդիսանա մեր ազգային ավանդներին վերադառնալու, այլախեղվող ազգային նկարագիրը վերագտնելու, օտարամոլության ախտից բժշկվելու: Հոգևոր զարթոնքի ավետաբեր Կռունկ, ե՞րբ կհայտնվես հայոց աշխարհում. «Ծառա եմ ձայնիդ»...»: Երախտագետ հիշողության ծալքերում Մարդկության պատմության մեջ նշանակալից դերակատարություն ունեցած անհատների անունն ու գործը մոռացության փոշով կպատվեն, եթե նրանց թողած հետագծի լույսը հասանելի չլինի սերունդներին: Ամենատպավորիչն ու արժեքավորն այս առումով ժամանակակիցների անմիջական խոսքն է` համեմված նրանց հետ ունեցած կենդանի փոխհարաբերությունների մասին ուշագրավ պատմություններով: Հատկապես վավերական հենքի վրա հյուսված գեղարվեստական գրավոր խոսքը, որը գտնում է իր ընթերցողին: Մեծ ու փոքր ծավալի մասսայական հրապարակումներով: Կոնկրետ կենսական միջադեպերում բացահայտվող բնութագրական մանրամասներով լրացնելով այս կամ այն երախտավորի մարդկային նկարագիրը, հետաքրքրություն առաջացնելով նրա հասարակական գործունեությանը առավել հանգամանալից ծանոթանալու` դրանք յուրատեսակ կամուրջ են դառնում սերունդների միջև, նպաստում անցյալի արժեվորմանը ներկայում` հանուն ապագայի: Չնայած սահմանափակ ընդգրկմանը` Մերուժանի վերջերս հրատարակված «Դրվագները» կարելի է գնահատել որպես մերօրյա ընթերցողին հրամցվող վերոհիշյալ գեղարվեստական խոսքի նմուշ: Յուրօրինակ հուշապատում` անցյալ դարի 60-ականների մի քանի երևելիների հետ ունեցած առնչությունների մասին, որոնց հետ անձնական մտերմության վկայագիր հանդիպումներում աներևույթ գծագրվում է նաև Մերուժան մտավորականի դիմանկարը: Սակավախոս, խռովահույզ Եզնիկ եպիսկոպոս Ազնավուրյանի, գերապատիվ հոգևորական, մեծ փիլիսոփա ու խորագետ աստվածաբան Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի մասին պատմող տողերում որոշակի երևում են գիտական աթեիզմի գերիշխանության ժամանակահատվածի եկեղեցական բարքերը, իրավազուրկ վիճակում հայտնված եկեղեցու պատիվը բարձր պահող հոգևորականների տրտմաշուք նվիրումը աշխարհիկ կյանքի հոգևոր-կրոնական առողջացմանն Աստծո փառքի միջնորդությամբ: Ընդօրինակման արժանի համարելով քրիստոնեական քաղաքակրթության մունետիկ, բազմաշնորհ Ալբերտ Շվեյցերի կյանքն ու գործունեությունը` Մերուժանը ռեֆերատիվ ակնարկով առանձնահատուկ կարևորում է խաղաղության Նոբելյան մրցանակակիր բժիշկ-հոգևորականի 90-ամյա երկրային կեցության ու բեղուն գործունեության հիմնարար փուլերը, ըստ Էյնշտեյնից վերցված ասույթի` «Ի վերջո այս ողբերգական հարյուրամյակին հայտնվեց մի մեծ մարդ»: Երախտագիտությամբ է հիշում Մերուժանը «թարգմանական գեղագիտության դաստիարակ և իմացական խոսքի խորհրդավոր կողմնացույց ի բարձունս» Սուրեն Վահունուն, որի թեթև ձեռքով, ազգայնական ընդհատակյա պայքարի դժվար օրերին, «Գրական թերթ»-ում տպագրվել է իր բանաստեղծությունների առաջին շարքը: «Թատրոնի շղթայակիր» Վահրամ Փափազյանին ներկայացնող դրվագն ընթերցելիս ակամա տխրում ես սեփական թատրոն ունենալու Վարպետի չիրականացած երազանքի համար` արտիստական ի՞նչ անզուգական սերունդ կաճեցներ տաղանդաշատ արվեստագետը: Այդուհանդերձ, արդի թատերարվեստի ներկայի հստակ գիտակցությամբ, չես հավատում «ազատ, անկաշկանդ, առանց պետական հսկողության» թատրոնի նրա ենթադրած մոդելի արդյունավետությանը, առանց պետական խիստ պրոֆեսիոնալ հսկողության ու շռայլ հովանավորության այսօր անհնար է հնամյա հայ թատրոնի լիափթիթ ծաղկունքը: Երախտագետ հիշողության ծալքերում դաջված նշանավոր հերոսները «Դրվագներ»-ի հեղինակի հետ ունեցած հանդիպումներում կենդանանում են ինքնահատուկ իրենց կերպարանքով գեղարվեստորեն հմուտ շարադրված տողերում:

Լիանա ՄԱՐԳԱՐՅԱՆ