ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ` ՆԱԵՎ ԻՆՔՆԱԾԱՆՈՒՑՈՒՄ


Այնպես է ստացվել, որ Նախագահի առաջադրված թեկնածուները չափից ավելի անհամբեր են դարձել: Եվ չնայած ԿԸՀ-ն, վկայակոչելով բազմիցս նորացված «Ընտրական օրենսգիրքը», վաղուց հայտարարել է, թե քարոզարշավի պաշտոնական մասին դեռ մեկ ամսից էլ շատ ժամանակ կա, այսուհանդերձ դժվար է չհամաձայնել, որ մրցապայքարի ոչ պաշտոնական հատվածը վաղուց է մեկնարկել: Իսկ թե նման իրավիճակում որքանով են թեկնածուների գործելաոճում պահպանվում օրենքի պահանջները, դժվար է ասել: Այլ հարց է, որ քարոզչության, իսկ ավելի հաճախ` հակաքարոզչության աստիճանական ուժգնացումը երկրորդական է դարձնում, եթե չասենք` մոռացության է մատնում թե° օրենքը, թե° այնտեղ ամրագրված պահանջները: Ու չնայած այս ամենին` հատկապես առաջադրումների փուլի ավարտից հետո, և այն էլ սխալվելու չնչին հավանականությամբ, արդեն իսկ գրեթե տեսանելի է հնարավոր քվեարկության ավարտից հետո ստացվելիք պատկերը: Սակայն չշտապելով` նկատենք, որ նման իրավիճակում, երբ ամեն ինչ այսչափ պարզ ու նախանշելի է թվում, դարձյալ «անհասկանալի» է մնում չհայտարարված քարոզչական հակամարտությունների տրամաբանությունը: Ինչ խոսք, կասկածից վեր է, որ իրավիճակին լավագույնս տեղյակ են ու սպասվող հեռանկարն էլ դրանից ավելի լավ պատկերացնում են հենց իրենք` մրցապայքարի ելածները: Այլ հարց է, որ քարոզարշավին համընթաց կամ ավելի ճիշտ հենց դրա շրջանակներում որոշ թեկնածուներ ձևացնում են, թե հավատում են հրաշքների: Համենայն դեպս, նրանք այդպես են ներկայացնում, երբ խոսքն իրենց հնարավոր հաջողությանն է վերաբերում: Մինչև վերջերս բոլոր հնարավոր նախագահացուները ինտենսիվորեն քննարկում էին Սերժ Սարգսյանի հետ ընտրությունների երկրորդ փուլում մրցելու-պարտվելու թեման: Սակայն, ըստ ամենայնի, նշված խնդիրն այսօր արդեն կորցրել է հրատապությունը: Անկախ այն բանից, թե քվեարկությունը քանի փուլով կընթանա, նրանց համար կարծեք թե նախագահի մրցարշավի երկրորդ «գավաթակրի» անունը նույնպես աստիճանաբար հայտնի է դառնում: Ուստիև բոլորովին էլ պատահական չէ, որ մի քանի օր առաջ միանգամից երկու թեկնածուներ` Վահան Հովհաննիսյանն ու Արտաշես Գեղամյանը, սկսեցին երրորդ ուժ ձևավորելու թեման քննարկել: Թե նրանցից յուրաքանչյուրը որքանով է գերագնահատում սեփական հնարավորությունները, թերևս այլ խոսակցության թեմա է: Բայց այն, որ երրորդ ուժ կոչվածի աննպատակահարմարությունը հատկապես քվերակության առաջին փուլով ավարտվելու դեպքում անվիճելի է, նույնպես փաստ է: Երրորդը որքան էլ լավատես լինի, միևնույն է, այդպես էլ երկրորդ, առավել ևս առաջին չի կարող դառնալ: Եվ ուրեմն կարևորն այս դեպքում ոչ այնքան հավաքած տոկոսներն ու զբաղեցրած տեղն է, որքան քաղաքական ապագան փոքրիշատե հստակեցնելը: Իսկ տոկոսնե՞րը… Դրանք արդեն ընդամենը քաղաքական քաշը ներկայացնելու միջոց են: Ուստիև, որքան դրանք բարձր լինեն, այնքան ապագայի ծրագրերը պայծառ կարող են ուրվագծվել: Համենայն դեպս, Նախագահի առաջադրված թեկնածուներից շատերն են այդպես մտածում: