Մերժե°նք նազարներին


Անցյալ շաբաթ Վարչապետ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել և Ստրասբուրգ, ուր կայացան նրա հանդիպումները Եվրամիության ու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնատարների հետ: Մասնավորապես, ԵՄ Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց մեր տարածաշր ջանային զարգացումներին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը շեշտեց, թե չնայած Ադրբեջանի կողմից գնալով հաճախակի դարձող ռազմատենչ հայտարարություններին, Հայաստանը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով հարցը կարգավորելու մեջ: Խավիեր Սոլանան պաշտպանեց այդ դիրքորոշումը, իր հերթին կարևորելով հակամարտության խաղաղ լուծումը և ընդգծելով, թե «Եվրամիությունը թույլ չի տա իրադարձությունների այնպիսի վատթարացում, որը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման»: Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման հնարավորությունն, իհարկե, չափազանց փոքր է: Եվ, առաջին հերթին, այն պատճառով, որ Ադրբեջանը այլևս երբեք մեր նկատմամբ չի ունենա այնպիսի ռազմական գերազանցություն, որը նրան երաշխավորեր անվերապահ հաղթանակ: Ժամանակակից աշխարհում որևէ մեկի կողմից մեկ ուրիշի նկատմամբ ռազմական երաշխավորված հաղթանակի մասին դատողությունները պարզապես զառանցանք են: Հաղթանակները շատ և շատ գործոններով են պայմանավորվում, և դրանց մեջ զենքի կամ զինամթերքի գերազանցությունը, մարդկային ու տնտեսական ռեսուրսների առկայությունը և հազար ու մի այլ բաներ, որոնց թմբկահարմամբ Բաքվում փորձում են ոգևորել իրենք իրենց, միաժամանակ վախ ու անվստահություն սերմանելով մեր մեջ, ամենևին էլ գլխավոր պայմանը չեն նոր պատերազմում հաղթանակ տանելու համար: Պատերազմներում նախ և առաջ ոգին է հաղթում, զինված ուժերի մարտունակության մակարդակն է հաղթում, զորավարների հանճարը, մարտիկների հմտությունը, քաջությունն ու անձնազոհությունն են հաղթում: Վճռական նշանակություն է ունենում նաև պատերազմող ժողովուրդների քաղաքակրթական աստիճանը, իրենց պայքարի արդարացիության մեջ նրանց համոզվածությունը, էլի շատ ու շատ բաներ: Եվ այդ բոլոր չափորոշիչների ընդհանուր հաշվարկում մենք անվերապահորեն գերազանցում ենք մեր հարևաններին: Ահա, ինչպես տեսնում ենք, նոր պատերազմն անհավանական դարձնող մի գործոն էլ հանդիսանում է Եվրամիության Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի վերը նշված հայտարարությունը, թե իրենք դա «թույլ չեն տա»: Սոլանայի այս հայտարարությունը բացառիկ կարևոր եմ համարում: Եթե Վարչապետ Սերժ Սարգսյանի եվրոպական այցը ուրիշ ոչ մի արդյունք չտար, այս մեկը բավական էր, որպեսզի մենք այդ այցը դասեինք առավել հաջողվածների շարքը: Որովհետև Սոլանայի հայտարարությունը Ադրբեջանի ռազմամոլներին ուղղված շատ կտրուկ և շատ ազդու նախազգուշացում էր: Եվրամիությունը այս աշխարհի հզորագույն աշխարհաքաղաքական բևեռներից մեկն է, ունի ցանկացած երկրի վրա թե° տնտեսական, թե° քաղաքական, թե° նույնիսկ ռազմական ներգործության շատ ու շատ ազդեցիկ լծակներ: Ուստի ուղղակի խելապակաս պիտի լինել` Եվրամիության Գլխավոր քարտուղարի շուրթերից հնչած նման նախազգուշացումը հաշվի չառնելու համար: Բայց անհոգության մեջ ընկնել էլ չի կարելի: Ո՞վ իմանա, մեկ էլ տեսար` Բաքվում իսկապես խելապակասություն դրսևորեցին: Չի կարելի թերագնահատել հակառակորդի ուժը, բայց նույնքան մեծ սխալ կլիներ այդ ուժի գերագնահատումը, առավել ևս` թշնամու ողջախոհության վրա հույս դնելը: Պատերազմից խուսափելու լավագույն միջոցը բոլոր ժամանակներում միշտ եղել և մնում է պատերազմին պատրաստ լինելը: Եվ, առաջին հերթին, հոգեբանորե°ն պատրաստ լինելը: Այս տեսակետից մեզ համար չկա ավելի կարևոր խնդիր, քան համազգային համախմբվածությունը, ժողովրդի հավաքական կամքը, սեփական ուժերի նկատմամբ վստահութ յունը: Բոլոր նրանք, ովքեր այսօր անվստահություն են սերմանում ժողովրդի մեջ, ովքեր այսրոպեական ներքաղաքական նպատակներ հետապնդելով` քարոզում են, թե մենք նոր պատերազմին, իբր, «չե¯նք դիմանա», թե մենք, բա չե¯ք ասի, «շահել ենք ճակատամարտը, բայց ոչ պատերազմը», ուստի ավելի լավ է նախապես Ղարաբաղը զիջենք, որ հետո… խաղա¯ղ ապրենք, պարզապես ջուր են լցնում թշնամու ջրաղացին: Այդ քարոզչությամբ պատերազմից խուսափել չի լինի: Հակառակը, դա կոգեշնչի հակառակորդին և կդրդի հարձակման: Որովհետև հենց թշնամուն մի բան զիջեցիր` հաջո°րդն է պահանջելու: Հենց զգաց` մեր ուժերի վրա վստահ չենք, միաբան չենք, իրար միս ենք ուտում` հարձակվելու° է մեզ վրա: Ժամանակին մեր մեծ զորավար Անդրանիկ Օզանյանը պատգամել է` «Չպատժել թուրքին մեկ վատ արարքը` կնշանակե խրախուսել հաջորդը»: Այդ պատգամը մոռանալու իրավունք մենք չունենք: Իրավունք չունենք մոռանալու նաև, որ պատերազմը դեռ չի ավարտվել: Մենք, փաստորեն, պատերազմական վիճակի մեջ ենք, որովհետև շրջափակման մեջ ենք, իսկ շրջափակումը բացահայտ պատերազմական ակցիա է: Բացի այդ, դեռ չկա նաև հաշտության ստորագրված պայմանագիր: Իսկ պատերազմական վիճակում գտնվող ցանկացած երկրում պարտվողական տրամադրություններ սերմանելը, ժողովրդին իր ուժերի նկատմամբ անվստահություն ներարկելը քրեական ծանրագույն հանցագործություն է և պատժվում է պատերազմական ժամանակների խստագույն օրենքներով: Անհասկանալի է, թե ինչո՞ւ մեր երկրում ոչ ոք ուշադրություն չի դարձնում այս հանգամանքի վրա: Ինչո՞ւ ոչ ոք չի էլ մտածում քաշել այն բամբառակների երկար ականջները, ովքեր բացարձակ անբարոյականության և ուղղակի պետական դավաճանության են դիմում` ներքաղաքական նպատակներով շահարկելով պատերազմական վտանգը, թմբկահարելով հակառակորդի ուժերն ու ռեսուրսները: Այդպիսիները հասարակությանը նոր պատերազմով սպառնալով և միակողմանի զիջումների ճանապարհով իբրև թե «պատվավո¯ր հաշտության» հասնելու սին խոստումներով ժողովրդին կերակրելով` ընդամենը ձգտում են իշխանության, ուրիշ ոչինչ: Առածն ասում է` սարսափի աչքերը մեծ են լինում: Ականջ մի° կախեք մի քանի սարսափահար քաղաքական վախկոտների կամ վախկոտություն խաղացողների բարբաջանքներին, մի° տրվեք ներքաղաքական կեղտոտ նպատակներ հետապնդողների քարոզչական սադրանքներին: Համոզված եղեք` պատերազմ չի լինի, իսկ եթե, Աստված մի արասցե, լինի, ոչ մի վայրկյան մի կասկածեք` հաղթողը դարձյալ մե°նք ենք լինելու: Ով-ով, հակառակորդը մեր տնաբույծ բայղուշներից դա շատ և շատ ավելի լավ է հասկանում: Այլապես վաղու¯ց արդեն իր նողկալի մռութը դարձյալ մտցրած կլիներ մեր բանջարանոցը: Մի բան պետք է հաստատ իմանալ. այս աշխարհում միայն նա° կարող է ապագայի հույս ունենալ, ով հավատում է իր երկրի, իր ժողովրդի ապագային, ով պատրաստ է պայքարելո°ւ հանուն այդ ապագայի: Բոլոր ժամանակներում վախկոտները միշտ և ամենուրեք պարտվել են, դուրս են մղվել թե° իրենց երկրների, թե° համաշխարհային պատմության էջերից: Իսկ եթե մնացել են, ապա մնացել են սոսկ որպես արգահատանքի արժանի քաղաքական դիակներ ու խեղկատակներ, ինչպես մեր ժողովրդական հեքիաթի Քաջ Նազարը: Մերժե°նք նազարներին….

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ