Միայն հյութարտադրությո՞ւնը


Մինչ պետությունը ժամանակ առ ժամանակ ասպարեզ է բերում սննդի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ այս ու այն ծրագիրը, մինչ պատկան մարմինները պայքարում են բնակչության առողջության համար վտանգավոր ժամկետանց սնունդը շուկա չթափանցելու և սպառողին չհասնելու դեմ, սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները սննդի վտանգավորության, կասկածելի ծագման, ժամկետանց լինելու փաստեր են հրամցնում հասարակությանը` սպառողներին կոչելով զգոնության ու զգուշության: Սակայն ամենազգոն և զգուշավոր սպառողն անգամ պաշտպանված չէ իր առողջության համար վտանգավոր սննդից, քանզի շատ սննդատեսակների ներկայացվող պահանջները (ընդ որում` թե° տեղական արտադրության և թե° ներմուծվող) մեզանում պետականորեն կարգավորված չեն: Ստանդարտացման և տեխնիկական անվտանգության վարչության թրի տակով առայժմ անցել է, որքան հայտնի է, մսամթերքը: Կաթնամթերքի վերաբերյալ նման տեղեկություն առայժմ չկա: Փոխարենը վարչությունն զբաղվել է հյութերին և հյութամթերք ներին ներկայացվող պահանջների կանոնակարգմամբ: Կանոնակարգման ընդունված կարգը հյութեր և հյութամթերքներ արտադրողների համար փաստաթուղթ է, որով նա պարտավոր է առաջնորդվել: Ըստ այդմ, մինչև հիմա ինչ խմել-չենք խմել արդեն էական չէ: Չէ, բայց ճիշտ որ, ի՞նչ ենք խմել, ավելի ճիշտ, ինչպիսի՞ հյութ ենք խմել մինչև հիմա, մինչև արտադրողներին կարգ ու օրենք պարտադրելը: Կասեք` բնական հյութ: Կարծո՞ւմ եք: Իզուր էլ կարծում եք. չէ մի չէ, բնական հյութ: Եվ ոչ մի պատրանք: Գուցե արտադրողի ձեռքն ինչ ընկել է, խառնել է իր արտադրած հյութին, համուհոտը տեղը բերել, վրան էլ գրել` բնական: Մենք էլ միամիտ-միամիտ կարծել ենք, թե հենց բնական հյութ էլ խմում ենք: Եթե նույնիսկ փոքր-ինչ տուրք տվեցինք չափազանցությանը, ապա դա մեր մեղքը չէ: Ուրիշ ինչ կարելի է մտածել` լսելով Առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանին: «Մինչև հիմա հյութարտադրությունը բարձիթողի վիճակում է եղել»,- ասում է ոլորտի պատասխանատուն: Կանոնակարգը հստակ սահմանում է, թե ինչ նյութեր չի կարելի օգտագործել հյութերի, այդ թվում նաև մանկական հյութերի արտադրության մեջ: Կանոնակարգը հատուկ նշանակություն է տալիս նաև հյութերի մակնիշմանը, ուր պիտի երևա` ինչ մրգեր և բանջարեղեն է օգտագործվել, որ տարիքային խմբերի համար է նախատեսված տվյալ հյութը: Արգելվում է տուփի վրա պատկերել այն մրգերը կամ բանջարեղենը, որոնք հյութի արտադրության մեջ չեն օգտագործվել: Կանոնակարգի մշակման հեղինակները վստահ են ու համոզված, որ հյութարտադրության և մակնիշման բոլոր ընթացակարգերի սահմանումը էապես կնպաստի սպառողների շահերի պաշտպանությանը: Սպասենք օրինագծի կիրարկմանը և, որպես սպառող, մեզ պաշտպանված զգալու զգացողությունն ունենալուն:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ