Հայ պատգամավորը հրաժարվել է քրեական հովանավորներից


Անցյալ երեքշաբթի ձերբակալվել է Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցում ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի դեմ մահափորձ կատարողներից մեկը: Երկրորդ ելուզակը դեռ շարունակում է մնալ հետախուզման մեջ: Ինչպես տեղեկացվել էր նախկինում, սեպտեմբերին երկու հանցագործները խուժել էին հյուրանոցի խաղասրահ, և նրանցից մեկը ատրճանակի երեք կրակոց էր արձակել այնտեղ գտնվող հայ պատգամավորի վրա, իսկ երկրորդը` երկու անգամ հարվածել դանակով: Երկուսն էլ անարգել հեռացել էին հյուրանոցից, իսկ նրանց զոհին տեղափոխել էին հիվանդանոց, ավելի ուշ` Ֆրանսիա բուժվելու: Ինչպես դեկտեմբերի 13-ին տեղեկացրել է ռուսական մամուլը` ՌԴ ՆԳՆ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի դեպարտամենտի աշխատակիցները գտել են հանցագործի հետքը. նա բնակարան էր վարձել Մատրոս Ժելեզնյակի փողոցի N 20 տանը: Հայաստանցի Ալեքսանդր Սարիբեկյանը քրեական աշխարհում հայտնի է Ալիկո մականվամբ և նախկինում էլ դատապարտված է եղել շորթումների համար: Ձեռքի հրազենից հենց նա էլ կրակել է, և այդ փաստն արձանագրել են սրահի անցուդարձին հետևող տեսահսկիչները: Վարկածներից մեկով` հայկական հանցավոր խմբավորման անդամները «Հանրապետական» կուսակցության անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին առաջարկել են իրենց հովանավորչությունը: Քաղաքական գործիչը պետական ծառայությանը զուգընթաց զբաղվում է նաև գործարարությամբ (կոնյակ արտադրող «Great Valley» ընկերության գլխավոր տնօրենն է): Մաֆիայի անդամները մեկ միլիոն դոլար են պահանջել նրան «տանիք» դառնալու համար» և ձեռնարկատիրոջ մերժմանը պատասխանել կրակոցներով: Մեկ այլ վարկածի համաձայն` հարձակումը կատարվել է անձնական թշնամանքի հողի վրա: