Եվ հրետանին դարձավ Արցախյան պատերազմի Աստվածը


Պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայակազմի հանձնաժողովի անդամ, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը ազգային բանակի անմնացորդ նվիրյալներից է: Նա հիմնադրել և 11 տարի ղեկավարել է հրթիռահրետանային զորքերի վարչությունը: Վիրավորվել է Արցախյան պատերազմում: Գեներալը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ է, պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Արիություն», «Անդրանիկ Զորավար» և այլ մեդալներով: - Մի զրույցի ժամանակ զարմանալի համեմատություն արեցիք, ասացիք. «Իմ ծննդավայր Շիշկերտի ճակատագիրը մանկությանս նման տխուր է եղել»: Ինչո՞ւ էր տխուր Ձեր մանկությունը, և ինչո՞վ էր նման Կապանի Շիշկերտ գյուղի ճակատագիրը Ձեր մանկությանը: - Նախ Շիշկերտի մասին պատմեմ: Խուստուփ լեռան լանջին փռված գեղեցիկ գյուղ է, ալպիական բնությամբ, աշխատասեր ու տոկուն մարդկանցով: Գյուղը կտրված էր հարակից բնակավայրերից, որովհետև շենը աշխարհին կապող ճանապարհները անբարեկարգ էին, գրեթե` անանցանելի: Ու որպեսզի նոր ճանապարհ չկառուցեն, խորհրդային իշխանություն ները անհավանական որոշում կայացրին. գյուղը տեղահան արեցին ու շիշկերտցիներին վերաբնակեցրին հարևան Ծավ գյուղում: Բայց մեր գյուղացիները չհարմարվեցին Ծավի կենսակերպին ու բնությանը, քանի որ Շիշկերտն ու Ծավը չնայած դրկից գյուղեր էին, բայց տարբեր էին իրենց կլիմայով ու բնությամբ: Ի վերջո շիշկերտցիների մի մասը հետ վերադարձավ, նոր տներ կառուցեցին կամ վերանորոգեցին հները և սկսեցին ապրել, սակայն շենը, որպես բնակավայր, վերացավ քարտեզից: Այսօր էլ Շիշկերտը, որպես առանձին համայնք, գոյություն չունի և հաշվառված է հարևան գյուղի կազմում: Իսկ հիմա` իմ մանկության մասին: Հորս չեմ տեսել: Ես ծնվել եմ 1942-ին, երբ հայրս ու իր երկու եղբայրները մեկնել էին պատերազմ` տանը թողնելով պապիս, տատիս, անչափահաս հորեղբորս, մորս և ինձ: Հայրս և հորեղբայրներիցս մեկը զոհվեցին պատերազմում, իսկ մյուս հորեղբայրս մահացավ պատերազմում ստացած վերքերից զորացրվելուց մեկ տարի անց: Վշտին չդիմանալով` կարճ ժամանակ անց իրար հետևից մահացան տատս, պապս, մայրս: Յոթ տարեկանում մնացի բոլորովին մենակ: Ինձ իր խնամքի տակ առավ Հայկուշ հորաքույրս, որի ամուսինը նույնպես զոհվել էր պատերազմում, որբ թողնելով մանկահասակ երեխաներին: Երախտապարտ եմ հորաքրոջս, որովհետև նա ջանում էր փոխարինել մորս, ջերմությամբ ու սիրով էր շրջապատել ինձ: Դեռ մանուկ` ես դասերից հետո աշխատում էի դաշտում, երեկոյան պատրաստում էի դասերս: Մինչև յոթերորդ դասարանը սովորել եմ Շիշկերտի դպրոցում, իսկ 8-րդ դասարանից տեղափոխվել եմ Երևան, հորաքրոջս ավագ որդու` Սոսի մոտ և հաճախել N 90 դպրոց, որը այսօր կրում է Վահան Զատիկյանի անունը: - Ինչո՞ւ հատկապես զինվորականի մասնագիտությունն ընտրեցիք: - Հայրս սպայի կոչում էր ստացել պատերազմի ժամանակ, հորեղբայրներս` սերժանտի: Ես մանկուց երազել եմ հորս հետքերով գնալ: Երբ զինկոմիսարիատում առաջարկեցին սովորել ռազմական բուհում, ես անմիջապես համաձայնեցի և ընտրեցի Թբիլիսիի հրետանային բարձրագույն ուսումնարանը: - Ակնարկային բնույթի հարցազրույցների ժամանակ այս հարցը ես տալիս եմ տարբեր ռազմական բուհեր ավարտած բոլոր զինվորականներին. ի՞նչ տվեց Ձեզ ռազմական կրթությունը մասնագիտական գիտելիքներից բացի: Փորձենք հասկանալ, թե դաստիարակության ինչպիսի՞ ծրագիր պետք է իրականացնի ռազմական բուհը, որպեսզի կարողանա պատրաստել զինվորական խավի բարձր նկարագրին ու հեղինակությանն արժանի շրջանավարտ: Կարծում եմ` խորհրդային փորձը այս դեպքում շատ ուսանելի է: - Շատ բարձր է ռազմահայրենասիրական դաստիարակության դրվածքը: Բացի այդ, մենք պարբերաբար այցելում էինք մշակութային օջախներ, մասնակցում էինք զանազան միջոցառումների: Ընդհանրապես, բարոյական դաստիարակության ծրագիրը շատ արդյունավետ էր և խնդիր ուներ դաստիարակելու ամրագրված բարոյական սկզբունքներին հավատարիմ և բազմակողմանի զարգացած զինվորական: Ուզում եմ շեշտել սպայակազմի ճիշտ աշխատանքը, վերաբերմունքը կուրսանտների հանդեպ: Ես երբեք չեմ մոռանա իմ դասակի հրամանատարին` կապիտան Անդրեյ Շկարուպային, ինչպես նաև մարտկոցի հրամանատարին` մայոր Գարբայովին: Նրանք ինձ համար և° հրամանատար եղան, և° դաստիարակ, և° ծնող: Ես բուհն ավարտեցի գերազանցությամբ: - Ձեր ծառայողական կենսագրությունը թերթելիս տեսա, որ շատ երիտասարդ տարիքում գունդ եք ղեկավարել, ժամկետից շուտ փոխգնդապետի կոչում եք ստացել, փաստորեն ծառայական առաջխաղացումը բավական արագ է եղել: Ինչո՞վ էր պայմանավորված: - Ծառայությունս սկսել եմ Անդրկարպատյան զինվորական օկրուգում, սկսել եմ դասակի հրամանատարից, հետո մարտկոց եմ ղեկավարել: 1968-72 թթ. սովորել եմ Լենինգրադի հրետանային ակադեմիայում: Ակադեմիան ավարտելուց հետո ծառայության նշանակվեցի Բելառուսում որպես դիվիզիոնի հրամանատար: 1974-ին ինձ ծառայության նշանակեցին Հեռավոր Արևելք որպես դիվիզիոնի հրամանատար, ապա` գնդի շտաբի պետ: 1975-ին վաղաժամկետ ստացա փոխգնդապետի կոչում և նշանակվեցի գնդի հրամանատար, հինգ տարի անց նշանակվեցի կորպուսի շտաբի պետ, հաջորդ նշանակումս Անդրկովկասյան օկրուգում էր` Կրասնոդարում` որպես հրթիռահրետանային զորքերի շտաբի պետ: Հայկական բանակ գալուց առաջ ծառայում էի Չեխոսլովակիայում` որպես կորպուսի հրթիռահրետանային զորքերի գլխավոր հրամանատար: Ես միշտ էլ ծառայական բարձր արդյունքներ եմ ունեցել, այդ պատճառով էլ շատ երիտասարդ` դեռևս կուրսանտ, ընդունվել եմ կոմունիստական կուսակցության շարքերը, 30 տարեկանում ավարտել եմ ակադեմիան, ժամկետից շուտ եմ ստացել հերթական կոչումս ու գնդի հրամանատար եմ նշանակվել: Ծառայական հաջողությունները պայմանավորված են նվիրված աշխատանքով, մեծ արդյունքների հասնելու ցանկությամբ: Ուրիշ գաղտնիք չկա: - Դուք եղել եք կրտսեր հրամանատար և գունդ եք ղեկավարել, հրթիռահրետանային զորքերի գլխավոր հրամանատար եք եղել, Հայկական բանակում ղեկավարել եք հրթիռահ րետանային զորքերի վարչությունը: Ո՞րն է տարբերությունը կրտսեր հրամանատարի և ավագ հրամանատարի աշխատանքում: - Կրտսեր հրամանատարի աշխատանքում ամենակարևորը անհատական աշխատանքն է, զինվորի հետ լեզու գտնելու կարողությունը, ավագ հրամանատարը պիտի կարողանա կազմակերպել և խթանել իր ղեկավարած կոլեկտիվի աշխատունակությունը, այսինքն` աշխատեցնել իր ղեկավարած կառույցի բոլոր ստորաբաժանումները: Երկու դեպքում էլ շատ կարևոր է հրամանատարի անձնական օրինակը և կերպարը: - Ե՞րբ եկաք Հայկական բանակ: - 1992-ին: Ես այդ ժամանակ գնդապետ էի և գեներալի հաստիք էի զբաղեցնում: Արձակուրդ վերցրի, եկա Հայաստան, ներկայացա Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին և հարցրի` պետք չե՞մ արդյոք Հայկական բանակին: Հենց այդ օրը նշանակվեցի հրթիռահրետանային զորքերի վարչության պետ: Ըստ էության, նշանակվեցի մի կառույցի պետ, որը դեռ չէր կազմավորվել: Լավ էր, որ մասնագիտական գրականություն էի հավաքել և բերել Հայաստան` դասագրքեր, ձեռնարկներ, որոնք շատ պետք եկան: Սկսեցինք աշխատել մի քանի ուղղություններով` կադրային համալրում, սպառազինություն, պատերազմի առաջին գծի ամրացում, զորանոցաշինություն, ռազմական ուսուցում: Մեր առաջին զենքը կարկտահար հրանոթն էր, կարճ ժամանակամիջոցում կարողացանք մեծ քանակությամբ զենք ներկրել, համալրել առաջին գիծը: Եվ 1992-ի հոկտեմբերից մեր հրետանին, իրոք, դարձավ պատերազմի Աստվածը: Խաղաղ բանակաշինության տարիներին հրթիռահրետանային զորքերը կատարելագործվեցին մեծ տեմպերով, և կառույցը դարձավ անխափան, ուժեղ ու լիարժեք համակարգ, որը հաջողությամբ կատարել և կատարում է իր առջև դրված խնդիրները: - Պատմեք, խնդրեմ, Ձեր ընտանիքի և նախասիրությունների մասին: - Կնոջս` Խաթունի հետ սովորել ենք նույն դպրոցում: Ուսումնարանն ավարտելուց հետո ամուսնացանք: Որդիս` Ասատուրը (հորս անունն է), ավարտել է պոլիտեխնիկ ինստիտուտը, աղջիկս` Գայանեն, մանկավարժ է: Երկուսն էլ ամուսնացած են, թոռնիկներ ունեմ, որոնցից մեկը ինձ պես Վլադիմիր Ասատուրի Հայրապետյան է: Իմ ամենամեծ նախասիրությունը բարեկամներիս այցելելն ու թոռնիկներիս հետ խաղալն է: - Տարին հոբելյանական է Ձեզ համար: Լրացավ Ձեր հիմնադրած կառույցի` հրթիռահրետանային զորքերի կազմավորման 15-ամյակը: Նաև` Ձեր ծննդյան 65-ամյակը: Ուզում եմ շնորհավորել Ձեզ, մաղթել առողջ, երջանիկ ու եռանդուն կյանք:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ, Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ