ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ԿՅԱՆՔԻ ԴԱՍԵՐԸ»


Յուրաքանչյուր անհատի գործունեությունն այս եռացող մոլորակի վրա պայմանավորված է տվյալ անհատի մտավոր ու հոգևոր ներուժի և, իհարկե, այդ ներուժը գործի դնելու համար շուրջն արդեն ձևավորված կյանքի կերպից: Եվ յուրաքանչյուր անհատի ներուժի հնարավորություններից է կախված այն հանգամանքը, թե որքան մեծ շրջանակներում կարող է գործել նա: 1920-ական թվականների սկզբին Ցեղասպանության սարսափներն ապրած գաղթականներով լի Երևանում ծվարում է Նախիջևանի Կզնուտ գյուղից գաղթած Սարգսյանների երիտասարդ ընտանիքը: Այստեղ է ծնվում կործանված Կզնուտի ավերված եկեղեցու վերջին քահանայի` տեր Թադևոսի թոռը, անվանվում պապի անունով և, քայլելով իր բաժին կյանքի ճանապարհով, մեզ համար մնում է Ֆադեյ Սարգսյան` Ֆադեյ Տաճատիչ: Նրա մտավոր ներուժը ձևավորվում է մի բակում, ուր մեծ հավատ կար ապագայի նկատմամբ և ամեն ինչ զոհաբերվում էր երեխաներին ուսման տալու համար: Այս բակից դուրս եկան տղաներ, ովքեր հետագայում դարձան հանրաճանաչ հեղինակություններ, գիտնականներ, ակադեմիկոս ներ: Պատանեկության շրջանում նրանց ձեռքից ձեռք անցնող գրքերը հափշտակությամբ կարդում էր նաև նրանցից տարիքով ավելի փոքրը` Ֆադեյը, և ձևավորվում որպես գիտությունն ու հայրենասիրությունն իրար շաղկապված և անհագ ընկալող անհատ: «Բակի մշտապատրաստ ռադիոտեխնիկը և էլեկտրիկը»,- այսպես է վերհիշում մանկությունն ու պատանեկութ յունն հետագայում արդեն անվանի անձնավորությունը: Իսկ ինչո՞ւ եմ կանգ առնում այս նախադասության վրա, որովհետև հենց այստեղից է սկսվում Ֆադեյ Սարգսյան անհատի մտավոր և հոգևոր ներուժի ներդրումը, մինչև նրա շրջանակների արագ թափով ընդլայնում, քանի որ չափազանց մեծ էին այդ ուղղությամբ ունեցած նրա կարողությունները: Մտավոր ու հոգևոր ներուժ: Ահա կյանքի միայն ֆիզիկական ու նեղ անձնական ընկալումներից վեր բարձրանալու ելակետը: Շրջապատի աշխարհից վեր բարձրանալու առաջին քայլերը մանկության օրերին սկսվում են ակտիվ ու գերազանց սովորող դպրոցականին ինքնաթիռով մայրաքաղաքի վրա պտտեցնելու գործողությունից: Եզակի բախտավորություն եզակի անհատների համար, որով երկնքից էր ներարկվում աչքի առջև տարածվածով հպարտանալու, տեր կանգնելու և առավել շենացնելու գաղափարը: Երբ բուռն ապրած կյանքն արդեն հետևում էր, Ֆադեյ Սարգսյանի հոգևոր ներուժը դեռ գործելու է մղում նրան և ստիպում նստել գրասեղանի առաջ: Քայլ առ քայլ շնչավորվում, ամբողջականանում և ծնվում է «Կյանքի դասեր» գիրքը: Այն ամենը, ինչ պոկվելով իր կյանքի հնարավորություններից, անցել է իր ժողովրդին ու հայրենիքին` դառնալով նրա շնչառության մի կարևոր հատվածը, չի մարելու որպես արդեն անցած, ավարտված, իրեն սպառած գործողություն: Ֆադեյ Սարգսյանը դեռ ապրում է այն ամենով, նրա մեջ դեռ կենդանի է ինքնաթիռի պատուհանից իր «ունեցածին» նայող պատանու ոգևորությունը, ուստի ձեռք է զարկում «Կյանքի դասեր»-ին` հաշտեցնելու ու ներդաշնակ պահելու նրանց շնչառությունը, ում փոխանցել է իր «ունեցածը»: «Կյանքի դասեր»: Գիրք` գրված 2000-ին, վերահրատարակված 2001-ին` վերնագրի կողքին փակագծում ունենալով մի հատիկ ու կարճ բառ` հուշեր: Ահա այս փակագծի մեջ ամփոփվածն է մտավոր ու հոգևոր այն խոշոր ներուժը, որ դարձել է խորհրդային երկրի ու հայ ժողովրդի կեսդարյա շնչառության կարևոր մասնիկն ու դեռ տրոփելու է Հայաստան երկիրն իր տունը համարող յուրաքանչյուր անհատի սրտի հետ: Հայ գրականությունը հուշագրության շատ օրինակներ ունի` ինքնակենսագրական, ճանապարհորդական, գեղարվեստական: ժամանակակից հուշագրության հրաշալի օրինակ է Ֆադեյ Սարգսյանի «Կյանքի դասերը»: Կյանք բառն արդեն խոսում է աշխատանքի նպատակաուղղվածության մասին, միայն թե նրա տակ պետք է հասկանալ ոչ թե անհատի, այլ մի ողջ ժողովրդի կեսդարյա օրագրությունը: Օրագրություն` սեղմ, հակիրճ, ճշմարիտ, անկողմնակալ, անկեղծ: Օրագրություն` նվիրումով ապրած կյանքի մասին, որի գիտելիքի ու գիտական շրջանակներն սկսվում են բակում փչացած անջատիչները վերանորոգելուց մինչև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Տոմսկի զինվորական էլեկտրատեխնիկական կապի ակադեմիա, հայրենական ռադիոլոկացիոն տեխնիկայի զարգացմանը նվիրված աշխատանքները հրետանային գլխավոր վարչությունում, այդ վարչության ավագ զինվորական ներկայացուցչի աշխատանքները Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, ներդրումները հանրապետությունում ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում օգտագործվող էլեմենտներ, միկրոսխեմաներ և սարքավորումներ մշակող ու արտադրող կարողություններ ստեղծելու համար: «Առանձնահատուկ պետք է նշել «Հրազդանմեքենա» միավորումն իր մասնաճյուղով, «Արաքս», «Մարս», «Տրանզիստոր», անջատիչների, չափող սարքերի, կոնդենսատորների, մի շարք նոր էլեկտրոնային հաշվիչ մեքենաների գործարանների ստեղծումը և այլ օժանդակ կարողությունների կազմակերպումը»,- վերհիշում է հեղինակը: Խորհրդային Միությունում մեր հանրապետության այդ բնագավառում նվաճումների օգտագործման գործակիցն ամենաբարձրն էր: Նկարագրելով խոշորագույն ձեռքբերումները հանրապետության հաշվողական տեխնիկայի զարգացման ուղղությամբ` «Կյանքի դասերի» հեղինակը որդեգրել է գրելաոճի հետևյալ տարբերակը` անձն աննկատ թողնել գիտության բնագավառում ունեցած բոլոր ձեռքբերումների հետևում: Դրան հակառակ առջևում անուններ են, իսկապես մտավոր պոտենցիալով հզոր ու հոգևոր նվիրումներով անուններ, որոնց մասին Ֆ. Աարգսյանի շարադրանքը հարստացնում է հուշագրության գիտական, պատմական արժեքը: Ֆադեյ Սարգսյանի` աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին հատուկ գրված տեքստ, իհարկե, չկա գրքում, բայց նրա անձնական օրինակը աշխատանքային բոլոր օղակներում իսկապես խոսուն է: Միայն մի նախադասություն կա գրքում աշխատանքի նկատմամբ սեփական վերաբերմունքի մասին. «Ես չեմ կարող աշխատել` ամբողջովին չնվիրվելով գործին»: Այս տողից է բխում ընթերցողի այն ենթադրությունը, թե ինչու ոչինչ չի գրվել սեփական անձնական կյանքի մասին: Փաստորեն իսկապես աշխատանքային ոճ` առանց անձնական կյանքի, առանց հանգստի: Քառորդ դարից ավելի հայրենական գիտական ու պաշտպանական արդյունաբերության բնագավառում ղեկավարի աշխատանքը չէր կարող ընթանալ առանց նշումների ու գրառումների: Դրանք էլ հենց հիմք են դարձել այն համառոտ ու ճշմարիտ փաստերի համար, որ տեղ են գտել գրքի համապատասխան բաժնում: Ավելի շուտ նորագույն սարքավորումների ու նրանց հետևում կանգնած գիտակ անհատների անուններ: Հրանտ Սագոյան, Սարգիս Թումանյան, Մնացական Բունիաթյան, Հրանտ Բաղդասարյան և ուրիշներ, որոնց աշխատանքը ոչ միայն հիշողություն է այսօր, այլև շարունակություն: Ֆադեյ Սարգսյանի հուշագրությունը մի գեղեցիկ, ուրույն ու հետաքրքիր վավերագիր է Կարեն Սերոբի Դեմիրճյանի մասին: Վերջինս, որ իր յուրօրինակ կյանքում ու աշխատանքային առանձնահատուկ գործունեության ընթացքում անտեսել էր հուշագրության կարևորությունը, ասես մեզ մոտ է վերադառնում Ֆադեյ Սարգսյանի գրքով: «Հայացքների ու նպատակների ընդհանրությունն է տասնամյակների ընթացքում նպաստել մեր ընկերության և բարեկամության ամրապնդմանը»,- գրում է Ֆ. Սարգսյանը: Իսկ ընդհանրությունն այդ ժամանակ, Կարեն Դեմիրճյանի կուսակցական ղեկավար պաշտոններ ստանալուց առաջ էլ, վերաբերում էր ճշգրիտ մեքենաշինության զարգացման նշանակությանը: Սակայն արդյոք միայն գիտնականի՞ն էր տեսնում Կարեն Դեմիրճյանը ի դեմս Ֆադեյ Սարգսյանի: Իհարկե` ոչ: «Կյանքի դասերի» մի խորագրի տակ, որ վերաբերում է Ֆ. Սարգսյանի ՀԽՍՀ Նախարարների խորհրդում աշխատանքի անցնելուն, գծագրվում է Կ. Դեմիրճյանի յուրօրինակ ու վեհ պահվածքը: Այնուհետև սկսվում է ԽՄԿԿ Կենտկոմի հետ հարաբերությունների շղթան, որ շատ ու շատ հարցերի հետ պարզություն է մտցնում նաև այն կետում, թե ինչպես են կարողանում հեշտությամբ լուծել մեր հանրապետության բոլոր կենսական հարցերը: Ֆ. Սարգսյանի օրագրության արժեքը մեծ է նաև ԽՄԿԿ Կենտկոմի պաշտոնյաների կերպարի ճշտման և նրանց գործունեության վերաբերյալ ճիշտ կարծիքների ձևավորման համար: Լինելով բավական մարդամոտ և հարաբերություններ ճշտելու մեջ գիտակ անձնավորություն` Ֆադեյ Սարգսյանը ոչինչ չի թաքցնում «վերևների» կերպարների մասին, ներկայաց նում է այդ «ոլորտն» իր դեմքով, հաճախ նույն, դառը ճշմարտության մեջ: Ինչպե՞ս էին ձեռք բերվում արտադրության կամ շինարարության համաձայնությունները: Հե՞շտ էր անել դա: Գիրքը համեմված է նաև հետաքրքիր հումորով: Կարեն Դեմիրճյանի համառ, հետևողական ու մեծ ջանքեր պահանջող աշխատանքի շնորհիվ էին շարք մտնում հանրապետության կենսապահովման ու մշակույթի օջախները: Նրա մի անզգույշ խոսքը կամ քայլը «վերևներում» կտաներ ողբերգական հետևանքների` ժողովրդի նվաստացման, հազարավոր աշխատատեղերի փակման և այլն: Իսկ ահա թե ինչպես, անեկդոտային կարգով է տրվել մետրոպոլիտենի շինարարության թույլտվությունը: «... ընդհատելով շինարարության մասին իր զեկուցումը, Ա. Կոսիգինն ասաց. «Ընկ. Սարգսյան, թույլ կտա՞ք ես զեկուցեմ»: Ես սկզբից անհանգստացա, կարծեցի գործը տանուլ ենք տվել, բայց ի՞նչ կարող էի անել, ասացի` խնդրեմ: Եվ նա կիսածիծաղելով ասաց. «Բանն այն է, որ հայերը կառուցել են տրամվայի նոր գծեր, բայց քանի որ քաղաքի տեղանքը կտրտված է, հարկ է եղել թունելներ փորելու, որպեսզի ունենան արագընթաց տրամվայ: Հետո, երբ լավ են նայել, տեսել են, որ տրամվայի գծերի փոխարեն անցկացրել են մետրոպոլիտենի գծեր: Ելնելով ստեղծված վիճակից, խնդրում եմ օրինականացնել շինարարությունը: Ի՞նչ անել»: Բոլորը ծիծաղեցին և առանց քննարկելու որոշեցին թույլատրել շինարարությունը»: Փաստեր, վկայություններ, առավել մանրամասներ մի քանի խոշոր կառույցների (Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատ, Սևանի հարց, «Նաիրիտ», բնապահպանություն և այլն) մասին: Հանրապետության սոցիալական շինարարության տարեգրություն ու վավերագրություն իրար հետևից` ասես լուսանկարային հերթականությամբ: Տեղին է հիշել գրքի առաջաբանում խմբագիր ժ. Ավետիսյանի խոսքը մեր առաջին հանրապետության այն ղեկավարների հուշագրությունների մասին, որոնցից յուրաքանչյուրն իր տեսանկյունից է գնահատել պատմական իրադարձությունները: Այդ առումով էլ դրանք չեն դարձել «կյանքի այն դասերը, որոնց շնորհիվ հնարավոր լիներ խուսափել երկրի կայունացման սխալներից: Նույն անկողմնակալությամբ է Ֆադեյ Սարգսյանը դառնում «Արցախի հիմնախնդրի» դասերին: «...Վիճում էինք, պայքարում, մեր վիճակը դժվարանում էր նրանով, որ ժողովուրդը չգիտեր այդ մասին (հիմա էլ չգիտե), իսկ մենք ինքնագովազդով չենք զբաղվում: Պատմել այն ամենի մասին, ինչ կատարվում էր վերևներում, իրավունք չունեինք, բայց մեր խիղճը մաքուր էր»: Այնուհետև, կանգ առնելով իր մասնակցությամբ տեղի ունեցած մի քանի դեպքերի վրա, Ֆ. Սարզսյանը լույս է սփռում կարևոր իրադարձությունների դրդապատճառների վրա, ամբողջականացնում երեք կողմերին (Հայաստան, Ադրբեջան, Խորհրդային Միություն), շատ կերպարներ, որոնց անունները երկար ժամանակ հոլովում էր միտինգներում ժողովրդի կողմից: «Անցանկալի անձի կարգավիճակում» խորագրի տակ Ֆ. Սարգսյանի` Նախարարների խորհուրդը թողնելու պատճառներն են, խորհրդային երկրի դիմագիծը, նրա կերպարի ամբողջականացումը: Գիտությունների ակադեմիայում աշխատանքի անցնելը վկայում էր Ֆ. Սարգսյանի անկոտրում հոգու, կամքի, իր երկրին օգուտ բերելու և վայել մակարդակի վրա պահելու ինքնազոհության մասին: Ֆ. Սարգսյանի կեսդարյա գործունեության պատմությունը լայն շրջանակներով ներկայացվող տարեգրություն է, հայտնի անունների և մարդկանց կերպարների ամբողջականա ցում: Ինչո՞ւ արթնացան Ֆադեյ Սարգսյանի` թղթերի վրա արված գրառումները ու դարձան ներկայանալի գիրք: Որովհետև հայրենի երկիրն այսօր էլ վերակենդանացման կարիք ունի, ու նաև պարզ է, որ ժողովուրդը հարգել ու հարգում է իրեն, և ճշմարիտ պատկերացում կազմելով վավերագրերում նշվող անհատների մասին, կաշխատի առավել մեծացնել սերը ունեցածի, պահպանածի նկատմամբ: Այդ սիրով էլ նա կգնա նոր ժամանակներում իր տեղը գտնելու թե° քաղաքական, թե° գիտական ներուժով: Այսօր էլ Ֆադեյ Սարգսյանը նույն աշխատանքային ծանրաբեռնվածությունն ունեցող անհատն է, որ, իր խոստովանությամբ, դեռ ասելիքներ ունի բազում հետաքրքիր հանդիպում ների ու գործերի մասին: Գնահատելով ժիրայր Ավետիսյանի աշխատանքը «Կյանքի դասերին» կենդանություն տալու առումով` կարծում եմ` բոլորս ենք սպասում դրա շարունակութ յանը: «Կյանքի դասերը» փաստում են Ֆադեյ Սարգսյանի խոսքերը գիտական ներուժի մասին: Այն, որ հեշտ չի ձեռք բերվում, իսկ կորցնելը դժվար չէ: Քանի դեռ իր ժողովրդի հետ է անվանի ակադեմիկոսը, հայ ժողովուրդը հանձին նրա պետք է ունենա գիտական ներուժը պահող և ուղղորդող խորհրդատու: Գուցե թե իսկապես նրան անհրաժեշտ է քավել իր մեղքերը խորհրդային գիտության ու արդյունաբերության մեջ հսկայածավալ ներդրումների վրա իրեն վատնելու, ոչ սպառելու համար: