«Տոն, որը միշտ մարդու հետ է...»


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 40-ամյակը Հին ու նոր Երեւանի սիրահարն ու անմահացնողը` Մարտիրոս Սարյանը, Փարիզից կնոջն ուղարկած նամակում (1927 թ., օգոստոսի 7) գրում է. «Հա¯յ գիտի, հեշտ լիներ գնալ-գալը, եւ ես կարողանայի գալ Երեւան եւ մի երկու ամիս բնականից նկարել, ի¯նչ բաներ կնկարեի, Երեւանը նկարչի համար անսպառ նյութ ունի»: 1921 թվականից նկարիչն իր կյանքը կապեց Հայոց մայրաքաղաքի հետ: Եվ պատահական չէ, որ հենց Երեւանում 1967-ի նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ մի աննախադեպ իրադարձություն: Մեծ նկարչի կենդանության օրոք բացվեց նրա տուն-թանգարանը: Ինչպես վկայում է թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ալբոմը, Մարտիրոս Սարյանը դեռ 1927 թվականին իր մի նամակում խոստովանում է. «Շատ ուրախ եմ, որ Երեւանը կառուցվում է եւ վերածվում մայրաքաղաքի: Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ իմ գործերի համար»: Նկարչի ցանկությունն աստիճանաբար դարձավ իրականություն: Փաստորեն, թանգարանի բացումից դեռեւս տասնամյակներ առաջ Սարյանի տունը, առավել եւս նրա արվեստանոցը, վերածվել էր թանգարանի: Այն էլ մի այնպիսի թանգարանի, ուր այցելուն հնարավորություն ուներ տեսնելու մեծ Վարպետին արարման պահին եւ, եթե բախտը բերեր, հեղինակից լսելու իր անմահ կտավների մեկնաբանումը: Երեւան ժամանած համարյա բոլոր անվանի հյուրերը եղել են սարյանական տաճարում, եւ նրանցից շատ-շատերին Սարյանն անմահացրել է իր վրձնով` Դմիտրի Շոստակովիչ, Վիլյամ Սարոյան, Իլյա Էրենբուրգ, Ջոն Ստեյնբեկ, ինչպես եւ մեր մեծ հայորդիներին` Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Երվանդ Քոչար, Ալեքսանդր Թամանյան, Հովսեփ Օրբելի, Արամ Խաչատրյան, Սիլվա Կապուտիկյան, Հովհաննես Շիրազ, Վեհափառ Վազգեն Առաջին: Այս մարդկանց շունչը սարյանական մենատանը տալիս է ազգային մասունքի արժեք: Նկարչի թոռնուհու` Ռուզան Սարյանի` սիրով ու իմացությամբ հրատարակված հոբելյանական ալբոմից տեղեկանում ենք, որ մեծ նկարիչն իր թանգարանի բացման առթիվ հարազատ ժողովրդին նվիրել է 1902-1957 թվականներին ստեղծած իր 30 յուղաներկ եւ 20 գրաֆիկական աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրը հպարտություն կարող է բերել աշխարհի ցանկացած թանգարանի: Սարյանը համոզված էր, որ ստեղծվում է արվեստի մի օջախ, որն իր գլուխգործոց աշխատանքները հավիտյան կկապի այնքան սիրելի Երեւանի հետ և նոր սերունդների համար կլինի վարպետության դպրոց£ Ինչպես անցած չորս տասնամյակներում, այսօր եւ ապագայում եւս Սարյանի տուն-թանգարանը կշարունակի մնալ աշխարհի առջեւ բացված հայ գեղարվեստի հանճարի փառքի վկայական: Թանգարանի հիմնական ցուցադրությունը ստեղծվեց Մարտիրոս Սարյանի ծրագրով և հինգ տարի գործեց մեծ Վարպետի հայացքի ներքո: Պետք է արժանին մատուցել, որ անցյալ տասնամյակներում մեծապես հարստացել են թանգարանի ֆոնդերը: Այս գործին իրենց նպաստն են բերել Վարպետի որդին` կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը (ով, ի դեպ, եղել է թանգարանի հիմնադիր տնօրենը), եւ երկարատեւ տարիներ տնօրեն աշխատած Շահեն Խաչատրյանը: Հավաքածուի հարստացմանն իրենց լուման են բերել նաև սարյանական արվեստի բազմաթիվ նվիրատուներ: Տուն-թանգարանն այսօր բոլոր հիմքերն ունի` դառնալու սարյանագիտության կենտրոն մեր քաղաքում: Այնտեղ տիրում է մեծ անհատին ծառայելու եւ նրա հիշատակը պահպանելու արգասաբեր մթնոլորտ: Ազգային արվեստի յուրաքանչյուր օջախ ուժեղ է իր անցյալով ու պահպանողական կոչումով, սակայն առավել ուժեղ պետք է լինի իր ներկայով եւ ապագայով: Ինչպես տեղեկացրեց թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը վերջին շրջանում կատարած գործերի եւ ապագա անելիքների մասին, 2005-ին տեղի ունեցավ թանգարանի սարյանական հուշասենյակի բացումը, ուր առաջին անգամ ներկայացվեցին շատ արժեքավոր ցուցանմուշներ` փաստաթղթեր, գծանկարներ, նամակներ, արվեստի իրեր, լուսանկարներ` կապված Սարյանի կյանքի պատմության հետ: Կուզենայինք այս շարքում հիշատակել ամեն հայի համար սրբացած մի մասունք. Հայոց Հանրապետության պետական դրոշի (Եռագույնի) 1919 թ. արված գունավոր էսքիզը, որի հեղինակը Սարյանն է: Ցուցանմուշների թվում են նշանավոր Եգիպտական դիմակը, Սարյանի ներկապնակը, վրձիններ եւ նկարչի օգտագործած ներկերից նմուշներ: Նման բաժին, ուր վավերագրային ճշտությամբ ներկայացված են մեծ անհատի ճակատագրի փուլերը, անհրաժեշտ էր թանգարանին: Այժմ թանգարանի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ կբացվի «Առավոտի շքահանդեսը» նոր ցուցադրությունը, ուր առաջին անգամ կներկայացվեն թանգարանի ֆոնդերում պահպանվող և արվեստասերներին քիչ հայտնի բազմաթիվ ստեղծագործություններ: Դրանց թվում է այնպիսի մի հետաքրքիր աշխատանք, ինչպիսին է «Տնակներ: Երեւանի մի անկյուն» մեծադիր կտավը (1968 թ.), որը պատկերում է արդեն լրիվ անհետացած հին Կոնդի մի կտորը: Հոբելյանական ընդլայնված ցուցադրություններում կներկայացվեն Արսեն Տերտերյանի, Աննա Բուդաղյանի, Ռուբեն Քաթանյանի շատ հազվադեպ դիմանկարները: Եւ մանավանդ միայն վերջերս թանգարանի ֆոնդերը համալրած Ալեքսանդր Սպենդիարյանի, Շահոսկի Սահակյանի, Գաբրիել Դոխսանյանի դիմանկարները: Թանգարանն անհաղորդ չի մնում արտերկրներում կազմակերպվող ցուցահանդեսներից: Այսպես. 2007-ի գարնանը Ֆրանսիայում Հայաստանի տարվա մշակութային ծրագրով Փարիզին հարակից Իսսի-լե-Մուլինո քաղաքում կազմակերպված «Սարյան կամ Հայաստանի գույները» ցուցահանդեսում ներկայացված էին 100-ից ավելի աշխատանքներ: Շուրջ երկու ամիս հազարավոր փարիզցիներ եւ հյուրեր հնարավորություն ունեցան հիանալու մեծ նկարչի արվեստով: Այդ ցուցադրության կազմակերպման պատասխանատուն թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանն էր, ով, ի դեպ, այդ օրերին գիտական զեկուցումով (անբասիր ֆրանսերենով) ներկայացրեց ֆրանսիական արվեստի հետ Սարյանի ունեցած առնչությունները: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, եւ մոտ ժամանակներս թանգարանը կտպագրի նոր պատկերազարդ ժողովածու` «Սարյանը եւ Փարիզը» (հայերեն, ֆրանսերեն լեզուներով): Վերջին տարիներին հրատարակված գրքերը եւ նոր ցուցահանդեսները տուն-թանգարանի արդյունավետ աշխատանքային գործունեության լավագույն վկայություններն են: Ընթացքի մեջ են Վարպետի ստեղծագործությունների ամբողջական համահավաքի (կատալոգի) ստեղծման աշխատանքները: Առաջնահերթ խնդիրներից է նաեւ ցուցադրության սրահների ընդլայնումը. եթե թանգարանը մեկ հարկով բարձրացնելու հնարավորություն ընձեռվի, ապա նոր տարածքը թույլ կտա ցուցադրել թանգարանի ֆոնդերում պահվող բազմաթիվ արժեքավոր այլ գործեր` մեծապես հարստացնելով ցուցադրությունը: Չէ՞ որ դա տոն է, որ միշտ մարդու հետ է,- եզրափակում է իր խոսքը Ռուզան Սարյանը£ Շնորհավորելով բոլոր սարյանասերներին եւ մանավանդ թանգարանի աշխատակիցներին 40-ամյակի առթիվ` ևս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել հայրենական մշակույթի պատասխանատուներին, որ Սարյանի արվեստը եզակի արժեք է, որը պատվով կարելի է ներկայացնել աշխարհի բոլոր անկյուններում, եւ այն իրական ու մնայուն փառք կարող է բերել Հայաստանին, հայ մշակույթին:

Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ