Բեկար նշանով «Դավիթ Բեկ»-ը


Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական բարձրարվեստ գործունեությամբ լայնախոհ մտահոգությունս, արտահայտված «Պողիկտոս»-ի առիթով, անեղծ նկարագիրը պահպանած ճշմարիտ հայրենասերներին և արդի հայ երաժշտարվեստի ճակատագրով կրակված նվիրյալներին հույսեր ներշնչեց մեր եզակի մշակութային կառույցի ներսում հարմարավետ հիմնավորված դիլետանտիզմի այսբերգի շուտափույթ հալեցման: Անցան ամիսներ: Որևէ կոնկրետ, մասշտաբային տեղաշարժ այդպես էլ տեղի չունեցավ: Պարզապես տարեվերջին ակտիվացան Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1941-50) պատմահայրենասիրական օպերայի բեմադրական աշխատանքները, և դեկտեմբերին կայացվեց առաջնախաղը: Ազգային ակադեմիական թատրոնի արժանապատվությանն անհարիր «թերթոն»-ծրագրի «Համառոտ բովանդակության» առաջին իսկ տողերից («Ապստամբների գնդերին (ֆիդայիներին) միավորում են իշխաններ Շահումյանը, Բայանդուրը և մյուսները` ղեկավարելով ժողովրդի ազատագրական պայքարը») տարակուսում եմ. XVIII դարի սկզբներին հատկապես Սյունիքում ու Ղարաբաղում թեժացած գյուղացիական ազատագրական պայքարը ի՞նչ աղերսներ ունի XIX-XX դդ. սուլթանական բռնապետութ յան դեմ մղվող ֆիդայական (հայդուկային) շարժման հետ: Գուցե նորովի խմբագրելով 1950-ին բեմադրված գործը` ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը պատմական ընդգրկուն ընդհանրացմա՞ն է ձգտել… Այդուհանդերձ, վստահ չեմ, որ նախկինում բեմադրված տարբերակը (խմբագրումը` դիրիժոր Գ. Բուդաղյանի, գործիքավորումը` Լ. Խոջա-Էյնաթյանի) չէր կարելի նույն միտումով բեմ հանել այսօր: Ավելի մեծ ընդհանրացման հասնելու համար բավական էր առավել խորաթափանցությամբ, բեմադրական ու բեմանկար չական հնարամիտ արտահայտչամիջոցներով ու խոսուն խորհրդանիշերով, բեմական շարժման համարժեք կազմակերպմամբ արտահայտել Րաֆֆու պատմավեպի հիման վրա ստեղծված երաժշտական կտավի գաղափարական հագեցվածությունը, հայրենասիրական պաթոսը` մեկ-երկու մանր շտրիխներով նաև ընդգծելով բեմական պատումի տրամաբանա կան զարգացմամբ մերօրյա առնչությունները» (ասելիքը): Ինչևէ: Նույն, մեղմ ասած, անհրապույր ծրագրից տեղեկանալով, որ գլխավոր բեմադրիչին օժանդակել են ևս ութ գործընկերներ` բեմադրող դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, ռեժիսորներ` Մարինե Սարգսյանն ու Ալիս Հեքիմբաշյանը, ռեժիսորի օգնականներ` Գ. Եղիազարյանը, Վ. Հակոբյանն ու Ա. Մուրադյանը, պարերի բեմադրիչներ` ՀՀ ժողովրդական արտիստ Հ. Դիվանյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հ. Խաչիկյանը, ենթադրում եմ, որ նոր «Դավիթ Բեկ»-ը յուրովի ուշագրավ է լինելու... Նվագախումբը հնչեցնում է ժողովրդական պարզ ու վճիտ հենքի վրա հորինված երաժտության առաջին դրվագները, կենտրոնացնում ուշադրությունս հայկական խաչքարերից վերցված զարդանախշով շղարշե վարագույրի աջ և ձախ կողմերում, խորքում սկիզբ առնող բեմական անցուդարձի վրա: Սկզբից ևեթ որսում եմ «ճակատային» մտածողության պարզունակ նշանները` արցախյան ազատամարտիկների հանդերձանքով ներկայացվող զինվորներ, զորականներ, մինչև անգամ Դավիթ Բեկը որոշակի չի առանձնանում ընդհանուր խմբում (առհասարակ վիճահարույց, երբեմն մերժելի է ոչ միայն զգեստների, այլև բեմի ձևավորումը, որ հեղինակել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գրիշա Սահակյանը), եռագույն մարտական դրոշների շարունակական «շքերթ»... Ստատիկ տեսարանների գերակայությունը չի ապահովում պայքարի, ընդվզման տպավորութ յունը: Նվագախումբը աստիճանաբար «երաժշտական պատ» է բարձրացնում բեմի ու հանդիսատեսի միջև` խլացնելով դերերգիչների կատարումները, թույլ չտալով ամբողջապես ընկալել: Անհամեմատ հարթ ու աշխույժ է Վախթանգ VI-ի (Կոստանդին Սիմոնյան) պալատում Դավիթ Բեկի (Գևորգ Հակոբյան) և Թամարի (Աննա Այվազյան) նշանադրության պատկերը` հիմնականում պարային տեսարանների շնորհիվ: Սակայն գունային լուծումների էկլեկտիկ խառնիճաղանջը նկատելիորեն թուլացնում է կարծես թե հունի մեջ մտնող ներկայացման այս դրվագի ներգործուն ուժը: Ողջ առաջին գործողության ընթացքում մունջ խաղարկման կերպարային զգացողությունը անխաթար պահպանում է ավանսցենի ձախ խորշում տեղավորված «ազատամարտիկների» խումբը միայն: Անհարկի կրճատումների բերումով ներկայացման ընդհանուր ասելիքը կցկտուր է դարձել, գործողությունների փոխկապակցվածությունը` խզվել: Այդուհանդերձ, Տաթևի վանքի դրվագում բեմական մի կարճատև ակնթարթ կլանվում ես Պողոս Բիազբեկյանի Կաթողիկոսի և Գևորգ Հակոբյանի Դավիթ Բեկի դերերգերով: Կատարողական իր բարձունքում է մնում Ռուբեն Նուրիջանյանը (Ստեփանոս Շահումյան): Ամենաուշագրավը, անշուշտ, խանի կանանոցի պարտեզում, ավանսցենի ի վերջո իմաստավորված աջ խորշում, ներկայացված հատվածն է, որում զրնգուն ձայնով, իր հերոսուհու` Շուշանի քնարական-հերոսական նկարագրի նրբին մարմնավորմամբ (դավաճան հոր ձեռքով խանին ընծայվելու տառապանքից, սիրեցյալի` իշխան Շահումյանի մասին հուզառատ ապրումներից մինչև ջահը ձեռքին բերդը հրդեհելու վճռականությունը) հմայում է Լիանա Ղազարյանը: Ավարտական տեսարանում տպավորվում է Պերճ Քարազյանի մահացու վիրավոր հետախույզ Սանթուրը` հայկական գնդերի հաղթանակի ավետիսը շուրթերին: Որպես «ընդհանրացման ամենաուժգին ուժգին շտրիխ ներկայացման վերջում բեմի վրա է իջեցվում, ըստ երևույթին, Դավիթ Բեկից մինչև մեր օրերը հասած հաղթարշավի ամենացցուն արտահայտությունը` նորանկախ Հայաստանի լայնածավալ դրոշը: Եվ ակամա մտաբերում եմ ամառային տագնապս. «Սաղմնավորման փուլում փրկենք գեթ «Դավիթ Բեկ»-ը…»: Ակնկալածս պետական ֆինանսական աջակցությանը Օպերային թատրոնն արժանացավ, իհարկե, 3 բեմադրությունների համար ստանալով 45 մլն դրամ: Արդյո՞ք միայն դա բավական է նրա ստեղծագործական արժանապատիվ, ազգային հպարտություն ներշնչող նկարագիրը վերականգնելու համար: Երաժշտական պատկերավորությամբ ասած` «բեկար» նշանով «Դավիթ Բեկ»-ը ավելի է սրում բարոյական-պրոֆեսիոնալ աջակցության զուգակցման, ավելի պարզ` երաժշտադրամատուրգիական կտավների համակողմանի բարձրարվեստ հնչեղությունը վերականգնելու անհրաժեշտությունը…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ