Բացեք ձեր աչքերը, ձեր սրտերն ու... քսակները


Մտավոր և ֆիզիկական կարիքներ ունեցող մարդկանց ինտեգրումը հասարակության մեջ վաղուց նույն այդ հասարակության առջև ծառացած խնդիր է, որը, սակայն, արծարծում ների, քննարկումների մակարդակից շատ քիչ է բարձրացել: Որքան շատ է խոսվում հաշմանդամներին հասարակության մեջ ներգրավելու մասին, որքան ավելանում են դրան ուղղված ծրագրերը և որքան էլ դա ներկայացվում է որպես կայացած իրողություն, իրականությունն այլ է: Գոնե մեզ հայտնի չէ մի դեպք, երբ մտավոր խնդիր ունեցողին որևէ գործատու վերցրել է աշխատանքի: Հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հարյուրավոր հասարակական կազմակերպություններ կան: Կա և լավագույն տասնյակ, ուր ընդգրկված է «Փրկություն» «Մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների և երիտասարդների բարեգործական միություն» հ/կ-ն: «Փրկության» ամենամեծ ձեռքբերումը ցերեկային կենտրոնի ստեղծումն է, ուր կազմակերպվում է 42 մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների և երիտասարդների ուսուցումն ու առօրյան` ըստ նրանց ունակությունների և նախասիրությունների: Զարմանալուց զատ հիանալ կարելի է այն հետևողական ու նվիրյալ աշխատանքով, այն հոգատարությամբ ու համբերատարությամբ, որ տարիներ ի վեր աշխատակազմի համար գործելակերպ է դարձել: Այս երեխաներին ճանաչել ու հասկանալ է պետք, նաև սիրել է պետք, այլապես մանկավարժներին և դաստիարակներին չէր հաջողվի հասնել ինչ-որ բանի, իսկ նրանք առավելագույնին են հասել: Աշխատակազմի յուրաքանչյուր անդամ` պարետից, տեսուչներից ու խոհարարից մինչև մանկավարժ ու դաստիարակ, արժանի են այն հարգանքին ու երախտագիտությանը, որ տածում են կենտրոնի սաները, ծնողները: Այս երեխաների ուժերով կազմակերպված ցերեկույթի ժամանակ մենք տեսանք մի տատիկի արցունքները. նա արտասվում էր հուզմունքից, նա գոհ ու շնորհակալ էր կենտրոնի աշխատակիցներից, ուրախ էր իր թոռան համար, ով չորս պատից դուրս էր եկել ու հայտնվել այսպիսի հոգատարության և ուշադրության մեջ: Հ/կ նախագահ Արփինե Աբրահամյանն, անշուշտ, երախտագիտության ու շնորհակալանքի թիվ 1 հասցեատերն է: Այդ նրա հետևողական և նպատակասլաց աշխատանքի շնորհիվ է կազմակերպությունն այդպիսին դարձել: Նրան վստահել են և աջակցել, շարունակում են վստահել, որովհետև բարերարների օգնությունը լումա առ լումա ծառայեցվում է իր նպատակին: Ամերիկահայ բարերար Ջորջ Աբելյանի հիմնած ատամնաբուժական կաբինետը, որն, ի դեպ, կրում է Ջորջ կրտսեր Աբելյանի անունը, հենց նման վստահության արդյունք է: Այս ծառայությունից օգտվում են ոչ միայն հաշմանդամ երեխաները, այլև նրանց ընտանիքի անդամները, Շենգավիթ համայնքի անապահովության նպաստառու և զոհված ազատամարտիկների ընտանիքները: Հիմնումից ի վեր ատամնաբուժարանն սպասարկել է 3177 այցելուի: «Փրկություն» հ/կ-ին վստահում է նաև պետությունը: Կարևորելով հաշմանդամ երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնումը, մասնագիտության ուսուցումը և զբաղվածութ յան ապահովումը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2008-ի բյուջեից պետական աջակցություն է ցուցաբերելու` վճարելով կենտրոնի 24 աշխատակիցների աշխատավարձերը: Տիկին Աբրահամյանն այսօր մտահոգ է հ/կ-ի առջև ծառացած 3 գերխնդիրներով. Ջեռուցում. դրա համար անհրաժեշտ գումարի առյուծի բաժինը` 70 տոկոսը, հաջողվել է հայթայթել: Որտեղի՞ց գտնել մյուս 30 տոկոսը: Իսկ կարելի՞ է հաշտվել այս երեխաներին ցրտի բերան թողնելու հետ: Գութն այդքան դեֆիցի՞տ է դարձել: Տրանսպորտ: Կենտրոնն այսօր չունի սեփական տրանսպորտի միջոց` երեխաներին առավոտ-երեկո տեղափոխելու համար: Արփինե Աբրահամյանը հարցի լուծման ակնկալիքով դիմել է քաղաքային իշխանությանը, սակայն փոխադրամիջոցի փոխարեն մերժում է ստացել: Քաղաքապետարանը հարմար չի գտել դրսից ստացվող ավտոբուսների խմբաքանակից մեկ ավտոբուս տրամադրել կենտրոնին: Մինչդեռ, ինչպես հավելում է հ/կ նախագահը, որոշ կազմակերպությունների դեպքում դա հնարավոր է եղել: «Ցավալի է, որ ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող հաշմանդամների նկատմամբ տարբերակված վերաբերմունք կա»,- մտահոգված է Ա. Աբրահամյանը: Գիտե՞ն, արդյոք, մեր պաշտոնյաները, որ տրանսպորտի բացակայության պատճառով այսպիսի շատ երեխաներ պարզապես մնում են տանը: Ծնողի համար երեխային կենտրոն հասցնելը մեծ զոհողություն է` օրական 800 դրամի ծախս: Եվս մի հանգամանք. շատ անգամ հասարակական տրանսպորտի վարորդները զլանում են վերցնել այս երեխաներին: Կոմունալ վճարներ. ահա երրորդ գերխնդիրը: Բացենք մեր աչքերը` տեսնելու հաշմանդամ դեռահասների և երեխաների կարիքները, բացենք մեր սրտերը` սիրելու նրանց մեր երեխաների սիրով և մեր քսակները` այդ կարիքները փոքր-ինչ հոգալու համար: Իսկ մինչ այդ թող շնորհավոր լինի բոլորի` երեխաների, սիրագորով մանկավարժների, կենտրոնի աշխատանքից գոհ ու շնորհակալ ծնողների, ուրախ տոնածառ կազմակերպողների և պես-պես նվերներ բաժանող Ձմեռ պապի Նոր տարին:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ