ՔԱՂԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԴԱՍ հատուկ Մեթյու Բրայզայի (բայց ոչ միայն նրա) համար


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան անցյալ շաբաթ, Վաշինգտոնում գտնվող Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ հանդես գալով համատեղ ճեպազրույցով և անդրադառնալով Արցախյան հակամարտությանը, առնվազն տարօրինակ մի հայտարարություն արեց: - Մենք ելնում ենք երկու հիմնարար սկզբունքների` տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջև փոխզիջում գտնելու ցանկությունից,- ասաց նա: Այնուհետև ավելացրեց, թե իբր «աշխարհում գոյություն չունի ունիվերսալ բանաձև կամ ընդունված եղանակ` այդ երկու սկզբունքների միջև փոխզիջում գտնելու համար»: Ստիպված եմ հերթական անգամ քաղաքական անգրագիտության վերացման դասախոսություն կարդալ հատուկ պարոն Բրայզայի (բայց ոչ միայն նրա) համար: Նա կամ իսկապես չի հասկանում, կամ ձևացնում է, թե չի հասկանում, որ ՄԱԿ-ի կողմից մշակված` պետությունների տարածքային ամբողջականության պահպանման և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի երկու հիմնարար ու իրավահավասար սկզբունքների միջև բացարձակապես ոչ մի հակասություն չկա: Դրանք միանգամայն տարբեր բաների են վերաբերում, հետևաբար` ամենևին անհրաժեշտություն չկա դրանց միջև որևէ «փոխզիջում» գտնել: Սրանից ավելի քան 60 տարի առաջ Դումբարտոն Օքսում հավաքված մոլորակի ամենալուսավոր ու ամենաականավոր խելքերը, ովքեր աշխատում էին ՄԱԿ-ի Կանոնադրությունը ստեղծելու վրա, ամենևին տգետ չէին և չէին կարող միևնույն փաստաթղթի մեջ իրար հակասող երկու սկզբունք ամրագրել, ինչպես այժմ փորձում է հարցը ներկայացնել պարոն Բրայզան և, իհարկե, ոչ միայն նա: ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված «պետությունների տարածքային ամբողջականության պահպանման» սկզբունքը, ի գիտություն պարոն Բրայզայի, վերաբերում է միայն և միայն միջազգայնորեն ճանաչված պետություններին, կանոնակարգում է ինքնիշխան պետությունների հարաբերությունները: Այսինքն արգելում է, որ միջազգայնորեն ճանաչված մեկ պետությունը խախտի մյուսի տարածքային ամբողջականությունը: Դա արվել է պետությունների միջև այս կամ այն տարածքի պատկանելության հարցով վեճերը միջպետական բախումների չվերածելու, այդ հիման վրա ծագող պատերազմները բացառելու նպատակով: Իսկ ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքը արդեն միջպետական կատեգորիա չէ, ներպետակա°ն ոլորտին է վերաբերում, կանոնակարգում է տվյալ պետության և նրա կազմում գտնվող ազգային փոքրամասնությունների հարաբերությունները: Դա էլ արվել է, որպեսզի միջազգայնորեն ճանաչված պետությունը չճնշի իր տարածքում այս կամ այն պատճառով հայտնված ազգային փոքրամասնություններին, չբռնանա, չխոչընդոտի նրանց ազատ զարգացումը, չվարի ձուլման, ազգային արմատներից կտրելու, իր տարածքից այս կամ այն կերպ դուրս մղելու խտրական քաղաքականություն: Եթե ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված պետությունը բռնակալական է, եթե ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարում է այդպիսի բարբարոս քաղաքականութ յուն, ապա ՄԱԿ-ի Կանոնադրությունը ճնշման ու հալածանքի ենթարկվող տվյալ ազգային փոքրամասնությանը իրավունք է վերապահում բարձրացնելու այդ բարբարոս պետության կազմից դուրս գալու, հանրաքվեով իր ճակատագիրը որոշելու, ընդհուպ մինչև սեփական ազգային պետականությունն ստեղծելու հարցը: Սա° է Ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքի էությունը: Աչքներիս առաջ Կոսովոյի ալբանները սերբական հողի վրա անկախության են ձգտում, և միջազգային հանրությունը նրանց չի ասում, թե այդ հողը ձերը չէ, ինչպե՞ս եք ուզում ձեր պետությունն ստեղծել ուրիշի հողի վրա: Հակառակը, Կոսովոյի ալբանների ինքնորոշման ձգտումը միջազգային հանրությունը պաշտպանում է, հիանալի հասկանալով, որ ճանաչելով Կոսովոյի անկախությունը` թույլ է տալու Սերբիայի սահմանների փոփոխություն, այսինքն` նրա տարածքային ամբողջականության խախտում: Հարց է առաջանում` ինչու՞ Կոսովոյի ալբաններին Սերբիայի տարածքային ամբողջականությունը խախտել կարելի է, իսկ արցախահայությանը, որն ապրում է իր իսկ բնապատմական հայրենիքում, իբր, «չի¯ կարելի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Սա ի՞նչ փարիսեցիական մոտեցում է, երկակի ստանդարտների կիրառման ի¯նչ խայտառակ դրսևորում: Մի՞թե պարոն Բրայզայի և նրա պես մտածողների համար այդքան դժվար է հասկանալ, որ Ադրբեջանի նման բռնակալ պետության կազմից դուրս գալու, ազատ ու ինքնիշխան ապրելու արցախահայության ձգտումը միանգամայն բնական է: Դա արցախահայության արդարացի արձագանքն է 7 տասնամյակ շարունակ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ իրականացված վայրագ ճնշումների, խտրականության, ձուլման, դուրսմղման քաղաքականությանը, ոչ թե արցախահայության չակերտյալ «հանցանքը» կամ «անջատողականության» արտահայտությունը: Չեմ հավատում, թե այս տարրական ճշմարտությունը անհասանելի է պարոն Բրայզայի (և ոչ միայն նրա) ուղեղին: Պարզապես Մեթյու Բրայզան, կատարելով քաղաքական պատվեր, իրեն անհասկացո¯ղ է ձևացնում, ճամարտակելով պետությունների տարածքային ամբողջականության պահպանման և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի միջև իբրև¯ թե գոյություն ունեցող «հակասությունների» մասին: Կեղծի°ք է: Դա հորինել են նրանք, ովքեր ուզում են, որ այս կամ այն պատճառով մոտ 200 միջազգայնորեն ճանաչված պետությունների կազմում ապրող առնվազն 3 հազար ազգային փոքրամասնությունները հլու-հնազանդ ենթարկվեն այդ պետություններին, հաշտվեն իրենց անհավասար, շատ դեպքերում նաև ստրկական վիճակի հետ: Այդպիսի մոտեցումը անբարոյական է, դա իշխող ազգերի մեծապետական շովինիզմը թաքցնելու, անգամ արդարացնելու արտահայտություն է: Չկան և չեն կարող լինել անհավասար ժողովուրդներ, որոնցից նրանք, ովքեր մինչև այժմ ստեղծել են իրենց ինքնիշխան պետությունները, իրավունք ունեն ազատ ու ինքնիշխան ապրելու, իսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեռ չեն հասցնել այդ անել` հավերժորեն զրկվա¯ծ լինեն ինքնիշխան ու ազատ ապրելու իրավունքից: Պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի ետևում թաքնվելով` ժողովուրդների ազգային-ազատագրական ձգտումները խեղդելու քաղաքակա նությունն անհեռանկար է ու դատապարտված: Ազգային փոքրամասնությունների ստրկությունը այլևս ոչ մի դեպքում, պետությունների տարածքային ամբողջականության պահպանման ոչ մի հեքիաթով չի կարելի հավերժացնել: Սա 21-րդ դարն է, միջնադարը չէ°: Եթե միջազգայնորեն ճանաչված պետությունները չեն ուզում, որ իրենց տարածքային ամբողջականութ յունը ներսից խախտվի, պիտի քաղաքակրթվեն, պիտի վերջ տան իրենց մեծապետական շովինիզմին, ազգային փոքրամասնություններին ճնշելուն ու հալածելուն: Այսօրվա աշխարհում դրա միանգամայն դրական օրինակն էլ կա: Քվեբեկի ֆրանսիացիների մի մասը ձգտում է ազատվել Կանադայի գերիշխանությունից: Եվ ի՞նչ: Կանադան խեղդու՞մ է Քվեբեկի ֆրանսիացիների այդ ձգտումները: Ոչ: Թույլ է տալիս, որ քվեբեկցիներն իրենք հանրաքվեով որոշեն իրենց ճակատագիրը, իսկ վերջիններս, ահա արդեն քանի¯ անգամ, հանրաքվեով դեմ են արտահայտվում Կանադայից անջատվելուն: Ինչու՞: Որովհետև Քվեբեկի ֆրանսիացիները Կանադայի կենտրոնական կառավարության կողմից որևէ ճնշման, խտրականության, հալածանքի չեն ենթարկվում, իրենց զգում են որպես միանգամայն քաղաքակիրթ ու ժողովրդավարական այդ պետության լիարժեք ու իրավահավասար քաղաքացիները: Այդպիսի՞ն է եղել Ադրբեջանը արցախահայության համար: Ոչ: Հույս կա՞, որ երբևէ այդպիսին կդառնա: Ոչ, որովհետև Ադրբեջանն այսօր էլ մնում է նույն, նույնիսկ ավելի նողկալի բռնակալը: Ադրբեջանը արցախահայության ազգային-ազատագրական ձգտումներին հակադրել է ոչ թե Բաքվի նախորդ` խորհրդային իշխանությունների հայահալած քաղաքականութ յան դատապարտումը, այլ` իր է°լ ավելի վայրագ ու արյունռուշտ էությունը, փորձել է այդ ձգտումները խեղդել արյան մեջ: Դրանով իսկ, ինչպես մի քանի անգամ տարբեր միջազգային ամբիոններից իրավացիորեն մատնանշել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, «Ադրբեջանը կորցրել է արցախահայության անունից հանդես գալու, նրան կառավարելու բարոյական իրավունքը, որովհետև հրով ու սրով հարձակվել է այն ժողովրդի վրա, որին իր քաղաքացիներն էր համարում»: Նույնիսկ իր իսկ կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմում փառահեղ քոթակ ուտելուց և պարտվելուց հետո էլ, Ադրբեջանը շարունակում է ատամները կրճտացնել` արդեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, այլև Հայաստանի Հանրապետությանը սպառնալով նոր պատերազմով: Այդպիսի պետության կազմում որևէ կարգավիճակով արցախահայությունը կարո՞ղ է ազատ և անվտանգ ապրելու նվազագույն երաշխիք ունենալ: Պատասխանը թողնում եմ Մեթյու Բրայզայի…չեղած, իսկ միգուցե նաև` դեռևս արթնանալի¯ք խղճին:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ