Բարենպաստ նախադրյալներ


Երբ ՌԴ նախագահ Վ. Պուտինն իր ամերիկացի գործընկերոջն առաջարկեց համատեղ շահագործել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, հայ քաղաքագետներից և լրագրողներից շատերը, տողատակերում թաքցնելով անհանգստությունը, գրում էին, որ այդ առաջարկի ընդունման դեպքում տարածաշրջանում կմեծանա Ադրբեջանի դերը: Անհանգստությունը տեղին էր: Պատահական չէր, որ Պուտինի առաջարկին ամերիկյան կողմի պատասխանին չսպասելով, Ադրբեջանը շտապեց հայտարարել, թե պատրաստ է քննարկել իր տարածքում գտնվող ՌԼԿ-ի համատեղ օգտագործման հարցը: Սակայն այս հարցում ռուս-ամերիկյան համաձայնությունը չկայացավ, և Ադրբեջանի դերի բարձրացման հնարավորության մասին խոսակցություններն էլ մարեցին: Եվ մինչ Միացյալ Նահանգներն առայժմ միայն բարձրաձայնում է Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրելու իր մտադրությունը, Իրանին կարծես թե հաջողվում է հանդարտեցնել իր միջուկային ծրագրերի շուրջ բարձրացած աղմուկը: Վերջերս Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեց, միևնույն ժամանակ նշելով, որ շարունակելու է ուրանի հարստացման գործընթացը` ինչը հարուցում էր միջազգային հանրության անհանգստությունը: Իրանի հետ կապված ևս մի հետաքրքիր նորություն: Վկայակոչելով իրանական «Իրնա» գործակալությանը, Արմինֆոն վերջերս հաղորդել է, որ Իրանում քննարկում են Վրաստանի և Հայաստանի տնտեսություններում մեկական մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու հարցը: Սրանից կարելի է երկու կարևոր հետևություն անել: Առաջինն այն է, որ Իրանը, թերևս, անցած է համարում ԱՄՆ-ի կողմից ռազմական հարվածի վտանգը: Այլապես, ռազմական գործողությունների պատրաստվող երկիրը դժվար թե հարևան պետություններում մեկական մլրդ ներդրումների հարց քննարկի: Երկրորդ. Հայաստանի համար ոչ պակաս կարևոր է այն, որ, Վրաստանի և մեր տնտեսություններում խոշոր չափերի ներդրում կատարելով, Իրանը Անդրկովկասն իրենով անելու, այնտեղ առաջատար և կարևոր դիրք գրավելու հայտ է ներկայացնում` մրցակցությունից դուրս մղելով իր նավթով հոխորտացող Ադրբեջանին: Թերևս, վաղ թե ուշ, չի կարող դրական լուծում չստանալ նաև° Հայաստանով դեպի Եվրոպա իրանական գազի արտահանումը: Հայաստանի և Իրանի տնտեսական միջկառավարական հանձնաժողովի քննարկման օրակարգում է նաև Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու հարցը: Թերևս, հարկ չկա մանրամասնելու, թե այս հիդրոէլեկտրակայանի կառուցումն ինչ ազդեցություն կարող է ունենալ Անդրկովկասում Հայաստանի ունեցած դերի վրա` հատկապես էլեկտրաէներգիայի ներմուծման կարիք ունեցող հարևանի առկայության պարագայում: Խոսքը Վրաստանի մասին է: Տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խաղաղության ու կայունության երաշխիք է, ինչին միշտ ձգտել է միջազգային հանրությունը: Իրանի հետ համագործակ ցությունը Հայաստանին հնարավորություն է ընձեռում ներգրավվել ընդհանրապես տարածաշրջանային լայնամասշտաբ համագործակցության մեջ, ինչին միշտ խոչընդոտել և այսօր էլ խոչընդոտում են Ադրբեջանն ու նրա արյունակից Թուրքիան: Հետաքրքիր է նաև, որ Միացյալ Նահանգներում ընթացող անվտանգության ամերիկա-ադրբեջանական բանակցություններին զուգահեռ, Մինսկի խմբի ամերիկացի համանախա գահ Բրայզան ասել է, թե գոյություն չունի միջազգային իրավունքի որևէ փաստաթուղթ, որտեղ տարածքային ամբողջականությունը գերադասվի ազգերի ինքնորոշումից: Իսկ սա արդեն ներքին օգտագործման համար գրեթե ամեն շաբաթ հնչող ադրբեջանական էժանագին քարոզչություն չէ: Սա ասվել է տարածքային ամբողջականության պահպանման դիրքերից հանդես եկող գերտերության դիվանագետի բերանով: Իհարկե, նկատենք, որ այս մասին ասվել է մի այնպիսի ժամանակահատվում, երբ բուռն են զարգացումները Կոսովոյի անկախության շուրջ: Թվում է` զուգադիպություն է, որ եվրոպական հանրությունը սկսել է առավել քան լրջորեն խոսել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին բոլոր կողմերի, այդ թվում նաև Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին: Վերոհիշյալ զարգացումների համատեքստում, թերևս, և° տնտեսական, և° քաղաքական առումով Հայաստանի համար բարենպաստ նախադրյալներ են նշմարվում: Մնում է` ժամանակին և ճիշտ օգտվել դրանցից:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ