Կռո°ւնկ, ուստի՞ կուգաս


Վերջին շրջանում ահաբեկչության և պատերազմի չարագուշակ շունչը հայկական գաղթօջախներով հարուստ մի շարք երկրների (Իրան, Իրաք, Թուրքիա, Ռուսաստան) հայազգի ներկայացուցիչների համար դարձրել է թերևս ամենահուսալի բնակավայրը: Մեր հայրենակիցները գալիս են ընտանիքներով կամ միայնակ` հայրենի հողում վերահաստատվելու հաստատ որոշմամբ: Սակայն Հայաստանը ոչ բոլորին է գրավում: Շատերը նախընտրում են հեռանալ մեկ այլ երկիր, ուր ամեն ինչ հարկադրված սկսում են նորից: Իսկ նշված երկրներում հայկական գաղթօջախները շագրենի կաշվի պես սեղմվում են: Ուծացման վտանգն առկա է ամենուր: Հայի որերո՞րդ սերունդը կպահպանի ազգային ինքնությունը, երբ ընտանիքում արդեն անիմաստ է դառնում հայերենի կիրառումը, երբ պատանու կամ երիտասարդի ականջին գերիշխող օտար լեզուն հիմնովին զբաղեցնում է մայրենիի տեղը: Իսկ եթե գա մի պահ, երբ պոլսահայն ու լիբանանահայը կամ առհասարակ սփյուռքահայը դադարի խոսել Վարուժանի, Մեծարենցի ու Դուրյանի շքեղ լեզվով… - Անշուշտ, վտանգը կա: Ամբողջ Սփյուռքը չպետք է համախմբվի Հայաստանում, քանի որ մեր հայրենիքը նաև Սփյուռքով է զորեղ, մեկմեկու լրացնում են,- ասում է Երևանի կոնսերվատորիայի ուսանող, պոլսահայ Պողոս Եղիազարը: Արդեն 7 տարի է, ինչ նա ապրում է Երևանում: Ուսման հետ մեկտեղ բանասեր-երգիչը հայրենիքում հիմնել է նաև իր բիզնեսը, «Նարոտ» հարսանյաց ընկերության նախագահն է: - Ես իմ ապագան տեսնում եմ միայն Հայաստանում, ուստի ծնողներիս նույնպես կանչել եմ այստեղ, այստեղ էլ կամուսնանամ և ընդմիշտ կապրեմ Հայաստանում: Զրուցակցիս փաստմամբ` միայն Ստամբուլում 80 հազար հայ կա, գործում է 44 հայկական եկեղեցի, 36 դպրոցներից 18-ը փակվել են, մնացած 18-ն ընդգրկված են Ստամբուլի դպրոցների լավագույն տասնյակում: Ու թեև երիտասարդ երգիչ-բիզնեսմենը հավաստիացնում է, որ պոլսահայ երիտասարդությունը հայապահպանության հարցում խորապես գիտակցում է մայրենիի լեզվի դերը, որ դժվարանում է հաճախակի կազմակերպվող բազմաթիվ մշակութային միջոցառումներից նախապատվությունը որևէ մեկին տալու հարցում, այնուամենայնիվ, բոլորի համար պարզ է, որ Հրանտ Դինքի սպանությունը պոլսահայության ազատ և լիարժեք ապրելու երազանքը հանդերձավորում է «եվրոպացու պատմուճանով»: 7 տարի առաջ Ստամբուլի իր հայրենակիցներից բաժանված երիտասարդը, որ միայն էլեկտրոնային փոստով է տեղեկանում ընկերների առօրյային, պատկերացնում է պոլսահայի այսօրն ու վաղը: Թուրքիայի վարած «խաղաղասեր» քաղաքականության շղարշի տակ անգամ նշմարվում են հայի անհանգիստ աչքերը, սակայն կգտնվեն հողին, միջավայրին ու կենցաղին հարմարված պոլսահայեր, ովքեր «անտեր» չեն թողնի Պետրոս Դուրյանի շիրիմը, մոռացության չեն տա բազմադարյա եկեղեցիները, որպեսզի դրանք չարժանանան Այա Սոֆիայի ճակատագրին:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ