ԼՐԱՀՈՍ
n Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը կհանգեցնի միայն լարվածության սրման: Նման կարծիք է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը գերմանական SPIEGEL ONLINE-ին հարցազրույցում: «Մենք դեմ ենք պատժամիջոցներին, քանի որ դրանք կարող են վնասել ոչ միայն մեզ: Չեմ կարծում, թե պատժամիջոցները խնդրի լուծման ճանապարհ են բացում: Իրանի ղեկավարությունը համոզված է, որ գործում է միջազգային պայմանավորվածությունների շրջանակներում: Շփումների ընթացքում իրանական ղեկավարությունը հավաստում է, որ Իրանի միջուկային ծրագիրը որևէ ռազմական նպատակ չի հետապնդում, մինչդեռ Արևմուտքը հակառակ համոզմունքն ունի: Սակայն, եթե Իրանի նկատմամբ ճնշում գործադրվի եւ եթե վերջինս զգա, որ իր նկատմամբ անարդար են վարվում և որ Արևմուտքը երկակի չափանիշներ է կիրառում, իրանցիները կարող են հանգել այն համոզման, որ արդար գործի համար կարելի է եւ տուժել: Պատժամիջոցների խստացումը կհանգեցնի միայն լարվածության սրման: Եվ դժվար է ասել, թե ինչի կհանգեցնի իրադարձությունների նման բացասական զարգացումը»,- հայտարարել է Ռ. Քոչարյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանին` որպես Իրանի անմիջական հարևան, նույնպես վտանգ է սպառնում` նախագահը նշել է, որ Իրանի հետ Հայաստանը կառուցողական հարաբերությունների մեջ է գտնվում, զարգանում է տնտեսական համագործակցությունը: Եվ քանի որ երկու մյուս հարևանների` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները հեռու են բավարար լինելուց, մենք չենք ցանկանում փչացնել դրանք Իրանի հետ եւս: n ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմին ներկայացրել է ՀՀ նախագահի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակված հարկային պետական ծառայության նոր պետին` Վահրամ Բարսեղյանին եւ խոսել ծառայության առջեւ դրված խնդիրների ու նոր մոտեցումների մասին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանին` անցած չորս տարիներին կատարած աշխատանքի համար, ընդգծելով, որ նրա պաշտոնավարման շրջանում հաջողվել է որոշակի դժվարություններ հաղթահարելով, գրեթե 2,5 անգամ ավելացնել հավաքագրումների ծավալը` 120 մլրդ դրամից հասցնելով 280 միլիարդ դրամի, ինչը շոշափելի արդյունք է, սակայն ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը մեծացնելու ուղղությամբ անելիքներ դեռեւս շատ կան: ...Ներկայացնելով հարկային ծառայության նորանշանակ ղեկավարին, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ծառայության լավ ավանդույթները շարունակելով հանդերձ, նա իր աշխատանքով նոր խոսք կասի, նոր մոտեցումներ եւ մեխանիզմներ կներդնի ծառայության աշխատանքում, քանի որ, ըստ վարչապետի, առանց նոր մոտեցումների, առանց լուրջ եւ նոր լծակների կիրառման, անհնար է բարձրացնել հավաքագրումների մակարդակը եւ լիարժեք լուծել ծառայության առջեւ դրված նոր խնդիրները. «Մենք պարտավոր ենք, մենք այլ ճանապարհ չունենք մեր ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու, այլ ճանապարհ ստվերը վերացնելու, քան հավաքագրումն է` չունենք: Հստակ է, որ ցանկացած ստվեր, ցանկացած ստվերային գումար աշխատում է պետության դեմ, եւ մենք անպայման, նաեւ այս պատճառով, բայց ամենից կարեւորը, անշուշտ, որպեսզի հնարավորություն ունենանք նախատեսված ծախսերը կատարել, պարտավոր ենք լուրջ միջոցներ ձեռնարկել»,-ընդգծել է վարչապետը: ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանը վստահեցրել է, որ ծառայության աշխատանքի հիմքում անպայման դրվելու են նոր մոտեցումներ ու մեթոդներ, որոնք կարճ ժամկետում արդեն ակնհայտ կլինեն եւ թույլ կտան ծառայության աշխատանքի արդյունավետությունն ավելի մեծացնել: n ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն երեկ հանդիպում է ունեցել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2007թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպման սկզբում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ներկայացրել է տարբեր առարկաների գծով ձեւավորված թվով 17 հանձնաժողովների նախագահներին, նշելով, որ նրանք ներկայացնում են տարբեր բուհեր, եւ բոլորն էլ բազմափորձ են: Բուհական քննություններից առաջ հանձնաժողովների նախագահների հետ հանդիպմանը վարչապետը հետաքրքրվել է, թե քննական գործընթացն անխոչընդոտ, արդար եւ բարձր մակարդակով կազմակերպելու համար ՀՀ կառավարությունից կամ վարչապետից ինչպիսի՞ աջակցություն են ակնկալում հանձնաժողովների ղեկավարները, ընդգծելով, որ միասնական քննակարգով հաջողությամբ իրականացված հայոց լեզվի ավարտական քննությունները եթե ոչ ամբողջովին, ապա ինչ-որ չափով փոխել են քննական գործընթացի նկատմամբ հասարակական կարծիքը, եւ այժմ անհրաժեշտ է այն ավելի ամրապնդել: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ առաջիկա տարիներին նախատեսվող քայլերին, որոնք միտված են լինելու քննությունների ընթացքում նվազագույնի հասցնելու սուբյեկտիվությունը: Դրանք, ըստ վարչապետի, պահանջում են զգալի ներդրումներ եւ ժամանակ, որպեսզի ամբողջ քննական գործընթացն ավտոմատացվի: Կառավարությունը հաստատակամորեն իրականացնելու է այդ քայլերը, սակայն, մինչ այդ, Սերժ Սարգսյանը կարեւորել է բոլոր տեսակի ճնշումներին` կլինեն դրանք հարազատների, մերձավորների, ընկերների թե պաշտոնյաների կողմից, դիմակայելու անհրաժեշտությունը, որպեսզի գործընթացի նկատմամբ մարդկանց հավատը չխաթարվի: Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություն է մաղթել բուհական ընդունելության քննություններին: