«Տղա ջան, քեզ լավ պահի բանակում»


Աշտարակի տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Էդուարդ ՄԿՐՏՉՅԱՆԸ կոլորիտով մարդ է, անմիջական, հումորով, անկեղծ: Խոսում է իր ծննդավայրի բարբառով: Նրա կարծիքով` մարդու թերություններից ամենավատը խոսքից հրաժարվելն է, իսկ առաքինություններից մեծագույնը` արդարամտությունը: - Ձեր խոսվածքը նման չէ աշտարակցու բարբառին, ըստ երևույթին` տեղացի չեք: - Ծագումով էրզրումցի եմ, ծնվել եմ աքսորում` Ալթայում, մեծացել եմ Ախալցխայում, որը պապերիս ծննդավայրն է: Ստալինյան բռնապետության տարիներին պապիս ընտանիքը, որպես ժողովրդի թշնամի, աքսորել են: Մայրս ռուս է, հայրս ու մայրս աքսորում են ծանոթացել: Ես Ալթայը չեմ հիշում, շատ փոքր էի, երբ վերադարձանք Ախալցխա, իսկ իմ մանկության քաղաքը հիշում եմ ամենայն մանրամասնությամբ: Ախալցխան ամենագեղեցիկ անկյունն է, իզուր չեն կոչում փոքրիկ Փարիզ: Բնությունը հեքիաթ էր, ամենուր կանաչ, փարթամ անտառներ, քաղաքը բոլորող գետեր` Քուռը, Փոցխովին, Ուրավելին: Փոցխովին քաղաքը բաժանում էր երկու մասի: Ախալցխայում էին ապրում աշխարհի ամենալավ մարդիկ, ամենահրաշալի ժողովուրդը` ազնիվ, աշխատասեր, հյուրընկալ, բարեսիրտ, ավանդապաշտ: Հայրս էլ նման էր իր ծննդավայրի մարդկանց, շատ արդար էր, գթասիրտ, անշահախնդիր, օրինավոր, պարկեշտ: Հորիցս լավ մարդ աշխարհում չեմ հանդիպել: - Ձեզ ո՞վ էր դաստիարակում, ո՞ւմ հետ էիք կապված ավելի շատ: - Ինձ ոչ ոք էլ չէր դաստիարակում, որովհետև յուրաքանչյուր ախալցխացի երեխա ծնված օրից դաստիարակվում էր ավանդույթներով: Դրանք այնքան ուժեղ ու հաստատուն էին, որ լրացուցիչ դաստիարակության կարիք չկար: Բարոյական չափանիշները չգրված օրենք էին, մայրական կաթի հետ մտած, ախալցխացին չէր խաբում, չէր խարդախում, չէր գողանում, չէր զրկում: Երբ շուրջբոլորդ առաքինի մարդիկ են, երբ ծնված օրվանից բարություն, ազնվություն, սեր, աշխատասիրություն, ավանդապաշտություն ես տեսնում, պարզապես չես կարող այլ կերպ մտածել, կամ այլ վարք դրսևորել: Մենք ընդամենը մեկ տարով մեծ, մեկ դասարան բարձր տղաների խոսքը լսում էինք, հնազանդվում էինք, հարգում էինք որպես ավագ: Մեծին հարգելը օրենք էր: Հարցնում եք` ո՞վ է դաստիարակել… Մայրս Վրաստանի վաստակավոր շինարար էր, շինվարչության պետի տեղակալն էր, մշտազբաղ, գործնական կին, որ առավոտից իրիկուն աշխատում էր: Հայրս մեքենաշինական գործարանում բաժնի պետ էր, նրան ավելի քիչ էի տեսնում: Ես մեծանում էի ընկերներիս հետ, խաղերի ու զվարճանքների մեջ. ֆուտբոլ, ձկնորսություն… Հիմա, մանավանդ մեծ քաղաքներում, երեխային մի քանի րոպեով բակ են թողնում, ծեծված հետ է գալիս, մեզ մոտ նման բան չկար, ի՞նչ կռիվ, ի՞նչ ընդհարում… Բարի, խաղաղ, միամիտ երեխաներ էինք: Ախալցխայում տարբեր ազգեր էին ապրում` վրացի, հույն, ռուս, հրեա, բոլորն էլ հաշտ, համերաշխ ապրում էին, բոլոր էլ նման էին իրար` ախալցխացի էին, բոլորն էլ հայի նման հայերեն էին խոսում: Զարմանալի բան ասեմ. Ախալցխայում վրացական դպրոց ավարտած վրացիները, երբ դպրոցն ավարտելուց շատ տարիներ անց իրար հանդիպում էին Թիֆլիսում, հայերեն էին խոսում միմյանց հետ: Հայերենը բոլորիս համար մայրենի լեզու էր, հայերենը տարբեր ազգերի ախալցխացիների համար սիրո, համերաշխության, ջերմության լեզու էր: - Ի՞նչ տվեց Ձեզ ուսումնառությունը բարձրագույն ռազմական կրթօջախում: - Զինվորական մասնագիտություն, մնացածը ես ունեի, կարծում եմ` մնացածը սովորեցնելով չի, եթե միջիցդ չկա: Ի՞նչ է, բուհը ինձ ազնվություն, բարություն, մարդասիրություն, խիզախությո՞ւն պիտի սովորեցներ: Բուհը սիրով եմ հիշում, որովհետև ներքին հարաբերությունների դրվածքը ճիշտ էր, շատ պարտական եմ իմ առաջին զինվորական ղեկավարին` կապիտան Վիկտոր Իգոշինին և գնդապետ Ռոբերտ Աչարովին: Նրանք հոգեկան խթան էին ինձ համար, իսկական զինվորական մանկավարժ էին, խանդավառում էին քեզ, նպատակաուղղում էին և, որ ամենակարևորն է, կարողանում էին ճիշտ վերաբերվել կուրսանտին և ճիշտ գնահատել ցանկացած իրադրություն: - Պատմեք, խնդրեմ, Ձեր ծառայական կենսագրությունը: - Զինվորական բարձրագույն ուսումնարանն ավարտելուց հետո ծառայության եմ նշանակվել Վրաստանում տեղավորված խորհրդային զորքում, սկսել եմ դասակի հրամանատարից, եղել եմ ուսումնական խմբի պետ, Ախալցխայի դիվիզիոնի շտաբի բաժնի պետ, Վրաստանի հանրապետական զինկոմիսարիատի բաժնի պետ, Բորժոմի զինվորական կոմիսար, Մառնեուլի զինկոմ: 90 թվականին, կապված ազգամիջյան խնդիրների հետ, եկել եմ Հայաստան: Ես հրավեր ունեի Ռուսաստանից, սակայն գերադասեցի մնալ հայրենիքում և ծառայության անցա որպես Սպանդարյան շրջանի զինվորական կոմիսար: 92-2002 թթ. եղել եմ Նոր Նորքի զինկոմը, 2002 թ. նշանակվել եմ Աշտարակի տարածքային զինկոմ: - Դուք, փաստորեն, այն զինկոմներից եք, ովքեր անցել են 90-ականների սկզբի մղձավանջի միջով, երբ բանակը նոր էր կազմավորվում, զինվորի համար տարրական կենսապայմաններ չկային, երբ սահմանից ամեն օր զոհված զինվորներ էին բերում, երբ զինակոչիկին զորամաս հասցնելը մեծ դժվարություն էր: - Ամենասոսկալին զոհված զինվորին ծնողին հանձնելն էր: Պատկերացրեք, ծնողի հետ բացատրական աշխատանք եմ տարել, համոզել եմ, որ իր որդին պիտի ծառայի, պիտի պաշտպանի հայրենիքը, կամ թաքստոցից հանել-ուղարկել եմ զորամաս, ողջ-առողջ` ծնողից պոկել, զորակոչել եմ և մի երկու ամիս հետո անկենդան մարմինը հանձնում եմ ծնողին: Զինկոմը դու ես, դա դու պիտի անես: Փորձեք պատկերացնել, ու ավելի շատ կսիրեք զինկոմներին, ավելի շատ կգնահատեք նրանց աշխատանքը, նրանց ներդրումը արցախյան պատերազմում ու բանակաշի նության մեջ: Ի¯նչ խոսքեր, ինչ անեծքներ ասես չեմ լսել… Բայց ասեմ, մեր ժողովուրդը շատ քաջասիրտ, հերոս ժողովուրդ է: Մարդիկ մեզ շատ էին օգնում: Զոհվածի ծնողն էլ էդ պահին սիրտը դատարկում էր, հետո, երբ հոգեկան ցնցումից մի քիչ ուշքի էր գալիս, հասկանում էր, որ զինկոմը մեղք չունի, որ պատերազմի օրենքներն են այդպիսին: Բարևում էին, երբեմն ներողություն էին խնդրում, ոչինչ էլ չասեին` աչքերում կարդում էիր, որ չարություն չունեն քո դեմ: Եթե մեր ժողովրդի քաջությունն ու աջակցությունը չլինեին, մենք ոչ զորակոչ կկարողանայինք կազմակերպել, ոչ էլ պատերազմում կհաղթեինք: Ասեմ նաև, որ դժվար տարիներին զինկոմիսարների համար անգնահատելի էին և Վազգեն Սարգսյանի, և Սերժ Սարգսյանի, և Միքայել Հարությունյանի, և Արտուշ Խրոյանի, և Ստեփան Միրզոյանի օգնությունը, ինչպես նաև Ներքին գործերի բաժինների պետերի ինքնաբուխ աջակցությունը, նրանք թիկունք էին մեզ: - Այսօր ի՞նչ խնդիրներ կան զորակոչի և նախազորակոչային պատրաստության ոլորտում: - Ես աշխատել եմ և° մայրաքաղաքում, և° շրջանում: Երևանի և գյուղերի երեխաների միջև որոշ տարբերություններ կան: Գյուղերում կրթական մակարդակը ցածր է, չի բավարարում նաև ֆիզիկական պատրաստության որակը: Փոխարենը` գյուղի երեխաներն ավելի պատրաստակամ են գալիս բանակ, ավելի հայրենասեր են, ավելի նվիրված, բարոյական: Նախազորակոչային պատրաստության ոլորտում անելիքներ ունենք` զինկոմիսարիատ-դպրոց կապը ավելի սերտ ու արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Պետք է գտնել զինղեկների աշխատանքը խթանող նոր միջոցներ, բարձրացնել ռազմագիտություն առարկայի դասավանդման որակը, մեծ տեղ հատկացնել ռազմահայրենասիրական դաստիարակության խնդրին: Օրինակ, ես կառաջարկեի զինղեկներին նշանակել դպրոցի փոխտնօրեն և մեծացնել նրա ֆունկցիոնալ պարտականությունները, որպեսզի զինղեկը պատասխանատու լինի դպրոցում ռազմահայ րենասիրական դաստիարակության որակի համար: - Պատմեք, խնդրեմ, Ձեր ընտանիքի, Ձեր առօրյայի մասին: - Ունեմ մայր, կին, զոքանչ: Էնքան լավ մարդ եմ, որ զոքանչիս էլ եմ պահում: Շատ լավ, դաստիարակված երեք աղջիկ ունեմ, երեքին էլ շատ-շատ եմ սիրում: Հայ աղջիկը պետք է պարկեշտ լինի, լավ տանտիկին լինի, խելք ու հմայք ունենա: Հենց ազատ ժամանակ եմ գտնում, աշխատում եմ իմ տնամերձ այգում, սիրում եմ հողը, ծառը, թուփը, ծաղիկը, հանգստանում եմ հող մշակելիս, միանգամից հոգնությունս անցնում է: Սիրում եմ հարևաններիս հետ նարդի ու թուղթ խաղալ: Ես շատ շփվող եմ, մարդ սիրող եմ: Իսկ ազնիվ ու օրինավոր մարդկանց ավելի շատ եմ սիրում: - Ի՞նչ կասեք Ձեր զինակոչիկին: - Կասեմ, տղա ջան, քեզ լավ պահի բանակում, կարգին ծառայի, շառից, փորձանքից հեռու մնա, ողջ-առողջ արի, հասի հարազատներիդ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ