Սուրբ Էջմիածնում հողին հանձնվեցին Ալեք և Մարի Մանուկյանների մարմինները


Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պետական բարձր պատիվներով և եկեղեցական ծիսակարգով հողին հանձնվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ցկյանս նախագահ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազգային բարերար լուսահոգի Ալեք Մանուկյանի և նրա կողակից Մարի Մանուկյանի մարմինները: Հանգուցյալ մեծանուն հայորդիների մարմինները Սուրբ Գայանե վանքից տեղափոխվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր Սուրբ Տրդատ թագավորի բաց խորանի առջև դրվեցին հատուկ պատվանդանների վրա: Ապա կատարվեց հոգեհանգստյան պաշտոն բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, Ալեք և Մարի Մանուկյանների զավակներ Լուիզ Մանուկյան Սիմոնի, Ռիչարդ Մանուկյանի և Մանուկյան ընտանիքի այլ անդամների: Հավարտ արարողության Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկաներին: - ...Գոհության աղոթք բարձրացնենք երկինք, որ Տերը օրհնել է մեր ժողովրդին նվիրյալ զավակներով և նրանց հույսերով, նրանց հավատով ու ջանքերով առաջնորդել ազգս դեպի նոր արշալույս, որ շողում է մեր պետականության վերականգնումով, Արցախի ազատագրությամբ և Սփյուռքի հառնող ու ծաղկող կյանքով»,- մասնավորաբար ասաց Նորին Սրբությունը: Այնուհետև «Աշխարհ ամենայն» շարականի երգեցողության ներքո, ՀՀ Պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի և հոգևորականների ու աշխարհականների սգո թափորի ուղեկցությամբ Մանուկյանների մարմինները տեղափոխվեցին իրենց բարերարությամբ կառուցված Գանձատան առջև, որտեղ բարեհիշատակ բարերարների աճյունները պիտի հանձնվեին հողին: Այստեղ կատարվեց թաղման արարողության կարգը: ՀՀ պետական դրոշը պատվո պահակախմբի կողմից հանձնվեց Ալեք և Մարի Մանուկյանների զավակներ Լուիզ Մանուկյան Սիմոնին և Ռիչարդ Մանուկյանին: Ապա ՀՀ պետական օրհներգի ներքո լուսահոգի բարերարների մարմիններն իջեցվեցին գերեզման: Այնուհետև Վեհարանի հարկի ներքո տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքին խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ նախագահ տիար Տիգրան Թորոսյանը, տիար Ռիչարդ Մանուկյանը և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնը: