ԱՆՀԱՆԳԻՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ


Վերջին 7-8 տարիների ընթացքում Հարավային Կովկասում իրականացվող էներգետիկ մի շարք ծրագրեր նկատելիորեն մեծացրել են տարածաշրջանի դերը: Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը ակտիվորեն մասնակցում են հակաահաբեկչական ծրագրերին: ՆԱՏՕ-ին անդամագրվելու Վրաստանի պատրաստակամությունը, Իրանի գործոնը, նաև այն, որ վերջին տասը տարիներին զգալիորեն ընդլայնվել են ՆԱՏՕ-ի և Եվրամիության գործունեության շրջանակները Հարավային Կովկասում, ուր հաճախակի են դարձել պաշտոնատար անձանց այցելությունները: Թեկուզ այն փաստը, որ ՆԱՏՕ-ն Գյանջայում (Ադրբեջան) ցանկանում է բացել 2-րդ լրատվա-վերլուծական կենտրոնը, վկայում է տարածաշրջանի ազդեցիկ գոտի դառնալու մասին: Իսկ որքանո՞վ կարող են այս գործոններն ազդել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման վրա: Այն, որ կտրուկ սրվում են Ռուսաստան-Արևմուտք (ԱՄՆ, ՆԱՏՕ) հարաբերությունները, որից «սառը պատերազմի» հոտ է գալիս, ինքնին մեծ վտանգ է պարունակում: Եվրոպայում ստորագրված սպառազինությունների պայմանագրով ՆԱՏՕ-ի և Վարշավյան պատի միջև ամրագրվում էին «խաղի կանոններ»: Պայմանագիրը երկու կողմերի համար սահմանում էր քվոտաներ: 1999-ին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում այդ պայմանագիրը «ադապտացվեց», քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը որպես առանձին երկրներ միացան այդ պայմանագրին (ի դեպ, բոլորովին վերջերս Ռուսաստանը կասեցրեց իր անդամակցումը): - Այս տարածաշրջանի երկրների ռազմական տեխնիկայի վրա դրված են քվոտաներ, որ այդ երկրներից յուրաքանչյուրը 220 տանկից ավելին իրավունք չունեն ունենալ,- պարզաբանում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:- Եվ քանի որ քանդվում է ռազմական ճարտարապետությունը Եվրոպայում, իսկ Ադրբեջանը գնում է բացահայտ միլիտարիզա ցիայի (նա հինգ անգամ ավելացրել է բյուջեն, հասցնելով այն 1 միլիարդ դոլարի), ապա Ադրբեջանի համար զսպիչի դեր կատարող պայմանագիրը թուլացրել է իր ազդեցությունը: Մտավախություն կա, որ տարածաշրջանում կսկսվի ռազմականացման գործընթաց: Վերջերս Ադրբեջանի հեղինակությանը նպաստել է Գաբալայի շուրջ 2 գերտերությունների (ԱՄՆ-Ռուսաստան) միջև բանակցություններին նաև նրա մասնակցության փաստը, որից էլ վերջինս ավելի ինքնավստահ է դառնում: Չի բացառվում, որ ամերիկյան հակահրթիռային համակարգերը մոտ ժամանակներս հայտնվեն կամ Վրաստանում, կամ հենց Ադրբեջանում` որքան էլ որ նրանց նախագահները փորձում են հերքել այդ: - Այս ամենը ուղղակիորեն կապ ունի մեր տարածաշրջանի, Հայաստանի անվտանգության, ԼՂ-ի հարցի կարգավորման հետ, քանի որ մի երկրի նախագահ, որին դիմում են Բուշն ու Պուտինը, կարող է չկանխատեսված քայլերի գնալ: Հակասությունները է°լ ավելի են սրվում նաև Կոսովոյի խնդրում, քանի որ Ռուսաստանն իր կոշտ դիրքորոշմամբ փորձում է խափանել ծրագիրը: Նա սպառնում է օգտագործել վետոյի իր իրավունքը Անվտանգության խորհրդում, իսկ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները կճանաչեն Կոսովոյի անկախությունը, որից հարաբերություններն ավելի կլարվեն: Այս ամենն ուղիղ գծով դարձյալ կապված է ԼՂ-ի հարցի հետ: Օրերս Կիևում, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում ընդունված հայտարարությամբ` Կոսովոյի նախադեպը անթույլատրելի է կիրառել բոլոր մյուս հակամարտությունների կարգավորման դեպքում (նաև ԼՂ-ում): - Սակայն Կոսովոյի և ԼՂ-ի խնդիրներն ընդհանուր են, տարբերությունը միայն մասշտաբների մեջ է,- ասում է Ստեփան Գրիգորյանը,- Կոսովոյում ապրում է 1,5 միլիոն մարդ, իսկ ԼՂ-ում` 150 հազար: Ինքնորոշման խնդիրներն ու նպատակները միատեսակ են: Կոսովոյի հարցի լուծումն իր արձագանքն անշուշտ կունենա, որի դեմ միջազգային հանրությունը փութաջանորեն ցանկանում է կիրառել կանխարգելիչ քայլեր:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ