ՆՎԻՐԱԿԱՆ ՏՈՆ


Մեր սիրելի Սեդա Գարեգինի Մանուշակյանը 80 տարեկան է, և այդ հոբելյանը նվիրական տոն է բոլորիս համար: Նրա ապրած կյանքը մարդկանց սիրելու, մասնագիտությանը նվիրված լինելու, բարության, անշահախնդրության լավագույն օրինակ է: Տարիները չեն խամրեցրել նրա գեղեցկությունն ու քնքուշ ժպիտը, չեն նվազեցրել եռանդը, յուրաքանչյուրին բարի խոսքով ոգևորելու անկեղծ մղումը: Թբիլիսիում բնակություն հաստատած` Եղեռնից մազապուրծ Գարեգին Ասատուրյանի ընտանիքը 1947-ին Երևան տեղափոխվեց, և 20-ամյա Սեդան անվարան Օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ դիմեց (ներկայումս` Վ. Բրյուսովի անվան): Հետո աշխատանքային հարուստ կենսագրություն հյուսեց Կամոյի անվան թիվ 76 (այժմ` Արգենտինյան) դպրոցում` ի սկզբանե շահելով մանկավարժական կոլեկտիվի, աշակերտների ու նրանց ծնողների սերն ու վստահությունը: Չորս տարի անց նա արդեն դպրոցի ուսումնական մասի վարիչ էր: Աշխատանքային 31 տարիների ընթացքում Ս. Մանուշակյանն արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, դիպլոմների, պարգևատրվել մեդալներով, ՀՀ ժողովրդական կրթության գերազանցիկ է… Ամենամեծ պարգևը, սակայն, տիկին Սեդան համարում է գնահատանքը իր գործընկերների ու սաների, ովքեր այսօր էլ հաճախ սիրով են հիշում նրան: Լիբանանից հայրենադարձողների առաջին քարավաններից մեկը Հայաստան բերող անվանի բժիշկ Գևորգ Մանուշակյանի և Սեդա Ասատուրյան-Մանուշակյանի համերաշխ ընտանիքում, բնականաբար, նույնպես մարդկանց ու երկրին օգտակար մասնագետներ դաստիարակվեցին: Նրանց Գայանե և Մարինե դուստրերն ընտրեցին բժիշկ հոր մասնագիտութ յունը: - Չորս թոռնիկներիցս Գևորգն (Բաբախանյան) ու Արմենը (Գասպարյան), փեսաս` Աշոտ Գասպարյանը և հարսս` Արմինեն, նույնպես բժիշկներ են: Մյուս երկու թոռներս այլ մասնագիտություն ընտրեցին` Տիգրանը (Բաբախանյան) արևելագետ է, Գրիգորը (Գասպարյան) կենսաբանական գիտությունների թեկնածու, Քրիստինե հարսս` մանկավարժ: Նրանցով հպարտանում եմ այսօր, համոզվում, որ զուր չեն անցել ապրածս տարիները,- ասում է իր վաստակի բերկրանքը վայելող Ս. Մանուշակյանը և ավելացնում. - Սեդա և Աշոտիկ ծոռնիկներս դեռ փոքր են, և թաքուն հույս եմ փայփայում, որ գուցե նրանցից մեկը ընտրի մանկավարժի շնորհակալ մասնագիտությունը: Սիրելի Սեդա Գարեգինովնա, սիրով շնորհավորում ենք Ձեր 80-ամյա հոբելյանը և մաղթում բազում նոր տարելիցներ, առողջություն: Ձեր հարազատը, մտերիմը լինելու երջանկությունը մենք բարձր ենք գնահատում և ցանկանում ենք, որ այսուհետ ապրելիք տարիները նույնքան բովանդակալից, հաճելի ու գեղեցիկ լինեն, որչափ Դուք եք գեղեցիկ ու համակրելի: Գեորգի, Լևոն, Կարինե, Արամ, Կարինե, Տատյանա, Կարոլինա, Ռաֆիկ, Լիլիթ ԱՍԱՏՈՒՐՅԱՆՆԵՐ, Նվարդ և Պիեռ ԴԵՐ---ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ, Մելինե, Պիեռ-Ժիլ, Սերժ-Ալեքսիս ԿՈՄՈՆ (Փարիզ), Կարինե ՆԱԶԱՐՅԱՆ (Արգենտինյան դպրոցի ուսմասվար) «Ավանգարդի» խմբագրակազմը ևս միանում է բոլոր շնորհավորանքներին և մաղթում երջանկավետ նոր հոբելյաններ` տիկին Սեդային ու Մանուշակյան-Ասատուրյան ընտանիք ներին: