ԵՐԵՎԱՆԸ ԿՐԱԿՆԵՐԻ ՄԵՋ կամ` Ո՞վ է նոր Ներոնը...
Միամիտ մարդուն կարող է թվալ, թե թեժ ամառն է պատճառը կամ չոր խոտերի մեջ պատահաբար նետած չհանգած լուցկու հատիկը: ծխախոտի մնացորդը, ինչպես շատ հաճախ հավատացնում են և ճշմարտության տեղ հրամցնում շատ հեռուստաընկերությունների լրատվական միջոցները... էլի են եղել հրդեհներ, բայց ոչ այսքան շատ և հաճախադեպ, որոնց արդյունքում մոխրացան բուսաբանական այգու զգալի տարածքներ, Նորքի լանջերը, դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհահատվածի լանջերը և «Փարոս» ռեստորանի հարակից լանջերը: Այրված տարածքներում հետագայում վեր են խոյանում կամ դղյակներ, կամ սրճարան-ռեստորաններ, կամ այլ շինություններ: Օրեցօր զգալիորեն պակասում են կանաչ տարածքները, և գլխակեր հրեշ քաղցկեղը, հազարավոր կյանքեր է խլում ամեն օր, ամեն ժամ, ամեն պահ... Թթվածնի քաղց է մեր քաղաքում, հատված ծառերի փոխարեն ամեն օր վեր են խոյանում բազմապիսի շինություններ, Երևանը վեր է ածվում դամբարան-քաղաքի` շենքեր ու արձաններ... Ե՞րբ և ո՞վ բռնեց նոր Ներոնի կամ ներոնների ձեռքերը, ովքեր ճարակում են Երևանի կանաչ օազիսը: Այսքա՞ն էլ «պատահականություններ» մեկ-երկու տարում, և եթե իրոք պնդում են «պատահականության» անհեթեթ վարկածը, ապա առաջ են գալիս հարցեր` ովքե՞ր են հսկում այդ տարածքները, ովքե՞ր են պատասխանատվություն կրում միտումնավոր կամ իբրև պատահաբար այրված, հրեշաբար կտրատված Նորքի անտառների համար: Անպատժելիության գաղափարը վաղուց է ամրագրվել մեր երկրում, «ինչ ուզեմ կանեմ» սկզբունքով տձևանում է Ալ. Թամանյանի հրաշագործ մտքով ու ձեռքով նախագծված երազանքների վարդագույն քաղաք Երեւանը Ի՞նչ է փոխվել, և ի՞նչն է փոխելու քաղաքի գլխավոր հատակագիծը` առայժմ հայտնի չէ: Ամառը կանցնի, աշունն էլ կանցնի, էլ հրդեհներ չեն բռնկվի գոնե այս տարի: Անցած հրդեհներն էլ կանցնեն պատմության գիրկը, ինչպես բուսաբանական այգին, Նորքի փարթամ, շքեղ անտառները, երևանյան անհայտ «Ներոնը», սակայն, կմնա իբրև խարան պատմության էջերին և մարդկանց շուրթերին, կմնա ենթադրվող կասկածյալ... Իսկ ո՞ւր են մեր իրավապահ և իրավասու այն մարմիններն ու հզոր ուժերը, ովքեր պիտի կտրեին «Ներոնի» կամ ներոնների ավերիչ ձեռքերը, պատվիրատուներին հայտնաբերեին և պատժեին օրենքի ողջ խստությամբ: Ժամանակն է, որ Ազգային ժողովը օրենսդրական դաշտում ամրագրի մի խիստ օրենք, ըստ որի մեկ ծառ կտրողը պատժվի, և մեծ տուգանք գանձվի նրանից, իսկ անտառներ այրողը, ոչնչացնողը պարզապես կալանավորվի դատարանի վճռով. միայն այսկերպ կվերանա անպատժելիության գաղափարը, և այլեւս ոչ մեկի ձեռքը չի .բարձրանա կանաչը վերացնելու, այրելու, կանաչը, որ մեր առողջության գրավականներից մեկն է: Հոդվածս ուզում եմ ավարտել իմաստուն բանաստեղծի` Համո Սահյանի տողերով` Քեզ մի պահ ծառ զգա Կացինդ սրելուց առաջ… Կ. ԱՎԱԳՅԱՆ