ՉԱՐԻ ՎԵՐՋԸ


Իսկական տղամարդը կյանքում երեք բան պետք է անի` տուն կառուցի, ծառ տնկի, երեխա ունենա: Իսկ հիմա ես ձեզ կպատմեմ, թե ինչ չպետք է անի տուն կառուցողը, եթե նա իսկական տղամարդ է… Մի օր Ավետիսյան Հովհաննեսը ավտոտնակի վրա տուն կառուցեց, հետո որոշեց ցանկապատվել հարևանների աչքից և երկու մետրանոց պատ կառուցեց: Ինչ կա որ, բոլորս էլ դրա իրավունքը ունենք, սակայն այդ պատով նա փակեց հարևանությամբ գտնվող երկու մառանները, որոնք 40 տարուց ավելի է պատկանում են Պռոշյան 26 և 32 հասցեներում բնակվող Դավթյան Նինայի և Բաղդասարյան Գոհարի ընտանիքներին: Սկզբում հարևանները իրենց սեփականություն մտնելու համար պետք է թույլտվություն վերցնեին, հետո էլ նրանց ընդհանրապես արգելեցին սեփական տարածք ոտք դնել: Այդ ցանկապատով Հովհաննեսը փակել էր նաև Պռոշյան փող. 1-ին նրբանցքի պետական ճանապարհը` անհարմարություն պատճառելով հարևանների անցուդարձին: 2003 թ. դատարանի վճռով չարաբաստիկ պատը քանդվեց: Սակայն եթե կարծում եք, որ վեճերը ավարտվեցին` ապա սխալվում եք. Ավետիսյանը պատի փոխարեն մոմլաթե վրան կախեց (ըստ երևույթին մայրիկի նախաձեռնությամբ): Ի պատասխան Ավետիսյանների անպատկառության, հարևանությամբ բնակվող Չոբանյան Հրաչյան, օգտվելով սեփական իրավունքից, տան ցանկապատը առաջ բերեց և իր օրինական տեղում կանգնեցրեց: Սրա հետևանքով էլ նրբանցքի ոչ միակ, սակայն դեպի Բաղրամյան տանող ամենակարճ ճանապարհը անանցանելի դարձավ: Իր օրինական արարքով հարևանը ցանկացավ ստիպել օրինախախտին քանդել պատի մնացորդները և բացել ճանապարհը: Բայց, այ քեզ անսպասելիություն, հարևանի օրինական գործողության դեմ Ավետիսյանները դատարան հայց ներկայացրեցին, այն էլ Հրաչյայի հանգուցյալ եղբոր դեմ: Երևի հույս ունեին, որ Հրաչյան ականջի հետև կգցի հանգուցյալի անունով եկած հայցը, իսկ իրենք դատարանում իրենց գործը սուսուփուս առաջ կտանեն: Դե, իհարկե, դատավոր խնամի ունեցող մարդու դեմը խաղ չկա… Սակայն բակի բնակիչները այդպես չեն կարծում: Նրանք հուսով են, որ օրենքը դեռ չի կորցրել իր ուժը, որ բարին կհաղթի չարին… Այդ հույսով էլ հարևանները համախմբվեցին և դիմեցին Երևանի վերահսկողության բաժնի պետ պարոն Մնացականյանին: Սակայն վերահսկողության բաժնից ուղարկված տեսուչը խորհուրդ տվեց նրանց անցնել մյուս ճանապարհով: Բնականաբար, բակի բնակիչները չեն պատրաստվում հետևել նրա խորհրդին: Նրանք դիմեցին ՀՀ վերահսկողության բաժնի պետին, այնուհետև դատախազություն և անգամ` ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին: ՀՀ վերահսկողության բաժնից պատասխան եկավ, որ նրանց պարտականություններից դուրս է զբաղվել այդ հարցի քննարկմամբ և խորհուրդ տվեցին դիմել հարկադիր դատարան: Դա էլ, ինչպես կռահում եք, խոշոր գումարների հետ է կապված: Վերադառնանք Ավետիսյանների դատարան ներկայացրած հայցին: Հարևանները խելացի քայլի դիմեցին և դատարան հակընդդեմ հայց ներկայացրեցին` մանրամասն նկարագրելով Ավետիսյանների բոլոր անօրեն արարքները, որոնք վերջիններս անօրեն չէին համարում: Դատը կայացավ հուլիսի 3-ին: Դատարանում լարված իրավիճակ էր: Ավետիսյան Հովհաննեսը կարծես պատրաստված էր եկել, նույնիսկ տարածքի կեղծ հատակագիծ էր բերել: Մեղադրում էր Հրաչյային, թե նա է անօրեն պետական ճանապարհը զավթել: Սակայն երբ դատավորը խնդրեց նրան կարդալ իր իսկ ներկայացրած հայցը, Հովհաննեսը մի պահ սառեց, հետո էլ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ասաց. - Ինքը, ինքը ճանապարհը փակելա… Դե, հայցի մեջ ամեն ինչ գրածա… Դատավորի հարցին, թե այդ ինքն ով է, Հովհաննեսը պատասխանեց. «7-ի 1-ը»: Երևի չէր մտածել, որ կարելի է տանը կարդալու փորձեր անել: Այս խառնաշփոթից որևէ բան հասկանալը դյուրին գործ չէ, նույնիսկ դատավորը ոչինչ չհասկացավ, և այս ամենից գլուխ հանելու համար էլ որոշեց հետաձգել դատը մինչև հուլիսի 17-ը: Իսկ թե ով կհաղթի, կարծում եմ, բոլորիս էլ պարզ է: Միայն Ավետիսյաններն են կասկածում, երևի Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին ծանոթ չեն: Չգիտեն, որ չարի վերջը, ոնց էլ լինի, մի օր գալու է: Ինա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՌՀՀ