Ճգնաժամը թոթափելու 5 քայլ


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի ծաղկման` 5 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել: «Զարգացում: Արարում: Միասնություն» վերնագրով փաստաթուղթը կոալիցիոն կառավարության առաջիկա 4 տարիների մարտավարությունն է` 5 հիմնական ուղղություններով: Այն ծրագրում է հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները, վերականգնել պետության նկատմամբ քաղաքացիների վստահությունը, լուծել հասարակության տարիքային կառուցվածքի փոփոխության հիմնախնդիրը, կանոնակարգել բնական պաշարների օգտագործումը, ինչպես նաև` նոր մարտահրավերների ենթատեքստում քաղաքացիական ազատությունների ու անվտանգության ապահովման հավասարակշռություն պահպանել: Կանցլերը կառավարության գլխավոր խնդիրն է համարել Գերմանիան «կյանքի համար պիտանի երկիր» դարձնել: Մասնավորեցնելով, նա շեշտադրել է, որ անկում ապրող տնտեսության վերականգման համար գլխավորը բնակչության զբաղվածության ապահովումն է և իշխող կոալիցիայի անունից Մերկելը խոստացել է դա: Ոչ շատ առաջ, Գերմանիայի կառավարությունը հավանություն էր տվել նաև հարկերի նվազեցման ծրագրին, որը միայն 2010 թ. պետության համար կարժենա 6,1 մլրդ եվրո: Սակայն իշխանությունների համոզմամբ` հարկային բեռի թեթևացումը կխթանի տնտեսական աճը, ինչն էլ կօգնի` հաղթահարել գալիք տարի սպասվող ճգնաժամի հերթական ալիքը: