Էքստրասենսի օգնությամբ


Սեպտեմբեր ամսին Մոսկվա-Սերպուխով միջքաղաքային էլեկտրուղում ոստիկանների սպանության հետքերը գտնվել են էքստրասենսի օգնությամբ: Միլիցիոներների գաղտնի օգնականը մանրամասն նկարագրել է հանցագործների արտաքինը և դաջվածքները, որոնց օգնությամբ էլ խուզարկուները հստակեցրել են չարագործների անձերը: Հիշեցնենք, որ էլեկտրագնացքն ուղեկցող 2 միլիցիոներների` Կիրիլ Վաֆինին ու Վյաչեսլավ Դռուժինին սպանված էին գտել 3-4-րդ վագոնների փակ հարթակում` երբ գնացքն համարյա դատարկ էր եղել: Ոչ ավանդական ճանաչողության մասնագետը (էքստրասենս) կարողացել էր նկարագրել ոչ միայն մարդասպանների արտաքինը, այլև նրանց մշտական բնակավայրերն ու նույնիսկ առանձնահատուկ նշանները: Հոգեբաններն էլ իրենց հերթին հուշել էին, թե ինչ դաջվածքներ կարող էին լինել նրանց մարմիններին: Մեկի վզին, օրինակ, պատկերված է եղել դանակ ու սարդ… Մի խոսքով, օրենքի պահապանները, պարզվում է` հաճախ են դիմում էքստրասենսների օգնությանը` ծանր ու խճողված հանցագործությունները բացահայտելու: Ավելին` վերջիններս հաճախ կարողանում են ասել թաքցված դիակների տեղը, տարբերակել «ստի դեդեկտոր» կոչվող սարքի ճշմարտացիությունը, բացատրել հանցագործության պատճառներն ու կատարման մեխանիզմները: Նրանք կիրառում են այսպես կոչված «վկայի հիշողության ակտիվացում» մեթոդը` լավատեղյակ վկայից հիպնոսի միջոցով կորզելով իրենց հետաքրքրող ժամանակահատվածի բոլոր մանրամասները: Այս մեթոդին ենթարկվող անձը հիշում է ամենաչնչին մանրամասներն անգամ` հանցագործի մազի և աչքերի գույները, հագուստի ձևը և այլն: Իհարկե` ոչ ավանդական այս փորձագետների հետ համագործակցությունը չի հրապարակվում, որովհետև հանցագործների փաստաբանները հեշտորեն կարող են քրեական գործերից անհետացնել էքստրասենսների նշած վկայությունները: