ԽՈՆԱՐՀՈՒՄ


2009 թ. նոյեմբերի 14-ին վախճանվեց Խորհրդային Միության հերոս Սուրեն Արտաշեսի Սարգսյանը: Սուրեն Արտաշեսի Սարգսյանը ծնվել է 1924 թ. Աշտարակի շրջանի Ոսկեվազ գյուղում, միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո զորակոչվել է Կարմիր Բանակի շարքերը: Ծառայել է 238-րդ հրաձգային դիվիզիայի 837-րդ հրաձգային գնդում որպես կապավոր: Պատերազմի ընթացքում գտնվել է ռազմաճակատում: Ամենուրեք անձնվիրաբար կատարել է մարտական խնդիրները: 1944 թ. հունիսի 27-ին առաջինների թվում գետանցեց Դնեպրը Մոգիյյով քաղաքի շրջանում: Գետով անցնելիս կտրվեց հեռախոսակապը: Նա վիրավոր վիճակում կարողացավ կապի երկու մասերը պահել բերանում և ապահովել նրա անխափան աշխատանքը: Դիվիզիայի զորամասերի միջև կապը վերականգնվեց, ինչը նպաստեց նրանց գետանցմանը, պլացդարմ ստեղծելուն և վճռական հարձակման անցնելուն: Կապի վերականգնման համար Սուրեն Արտաշեսի Սարգսյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի բարձր կոչում: Սուրեն Սարգսյանը պատկանում է անցած դարի 20-ական թվականների մեր հերոսական սերնդի բանակին, որը երկու տասնյակ տարիների ընթացքում, աշխարհի մեկ վեցերորդ ամենահետամնաց մասում հաստատված Խորհրդային Միությունը դարձրեց հողագնդի 2-րդ հզոր պետությունը, առաջ թողնելով միայն ԱՄՆ-ին: Աշխարհին զարմանք պատճառող Խորհրդային պետության և նրա Զինված Ուժերի շնորհիվ էր, որ կանխվեց հետագայում ֆաշիստական Գերմանիայի կողմից Եվրոպական պետությունների օկուպացումը, իրականացվեց ֆաշիստական հորդաների վերջնական ջախջախումը: Հայ ժողովրդի հերոս զավակ Սուրեն Սարգսյանի անունը մշտապես անմահ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ: Խորապես ցավակցում ենք մեր սիրելի Սուրենի զավակներին, հարազատներին, բարեկամներին, և նրա մարտական բոլոր ընկերներին: Սուրեն Սարգսյանի` լավ ընկերոջ, Հայաստանի Պատերազմի և Զինված Ուժերի վետերանների Կոմիտեի անդամի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում: Մեր ալեհեր գլուխներն ենք խոնարհում նրա պայծառ հիշատակի առջև: Հայաստանի Հանրապետության պատերազմի, աշխատանքի, ԶՈՒ-ի և իրավապահ մարմինների վետերանների խորհուրդ