Տասը դրամանոց հոգեբանություն
Սուպերմարկետ կոչվող սուպերբազարներումԼեզուդ չի էլ պտտվում ասել` կերե´ք, հարամ լինի: Այս ձևով ուտելուն «լափել» են ասում: Իսկ մենք նետում ենք այդ 10 դրամանոցները` որպես խեղկատակին նետվող մանրադրամ:
Քչերը կվերցեն փողոցում ընկած 10 դրամը: Ոմանք` կալարեն, ոմանք կմտածեն, որ իրենցից ավելի կարիքավոր մեկ ուրիշը կգա-կվերցնի, ոմանք էլ կորցնողին գուցե խղճահարվեն և ուրիշի փողն իրենց գրպանը չուզենան դնել: «Ոմանք» ասելով նկատի ունեմ սոցիալական ծանր կացության հետ ամեն օր կռիվ տվողներին: Իսկ իրենց առջև նետվող 10, 20, 50 և ավելի դրամանոցներն ընդհանրապես նրանցից ոչ մեկը չի վերցնի: Մինչդեռ նրանք, ովքեր իրենց «նազիր-վեզիների» ձեռքով կվերցնեին այդ 10 դրամանոցը` ոտքով փողոց չեն ելնում. մեքենաների մթնեցրած ապակիներն էլ թույլ չեն տալիս տեսնել ինչ-որ մեկի կորցրած մանրադրամը:
Բայց արի ու տես, որ սրանցից մի քանիսը գտել են ձևը, որ առանց կռանալու` մարդկանց գրպաններից հանեն այդ 10-ական դրամները: Սուպերմարկետ կոչվող իրենց սուպերբազարներում նրանք մթերքի տոպրակները վաճառում են հենց այդ 10 դրամով ու երևի այն համոզմունքով, թե 10 դրամի եղածն ի˜նչ է որ: Այո´, օրվա ապրուստը մի կերպ հոգացողի համար դա գուցեև մեծ չէ, և ձեզ` սուպերբազարչիներ, այն նետվում է պարզապես. գուցե դրանով հագենա՞ք: Երևի հազիվ 10-20 լումա արժեցող տոպրակը ստիպում եք գնել 10 դրամով, և այդ սպեկուլյացիան ներկայացնում եք իբր էկոլոգիակա˜ն, բնապահպանակա˜ն նպատակ: Երևանի թոքերը հանդիսացող քանի˜ հազար ծառ եք չորացրել ու կտրել` ձեր բիզնեսները բազմեցնելով դրանց տեղերում: Մայրաքաղաքն այսօր անապատում է. հետզհետե ուժգնացող քամիները դա չե՞ն հուշում:
Մինչ հուլիսյան դեպքերը քլթքլթան կաթսա էին դարձրել Երևանն ու մարզերը, մեր հնարամիտ դուքանչիները գրպանահատության նոր միջոց կամ մուրալու նոր մեթոդ ներդրեցին. մթերքի տոպրակները վաճառվում են: Ու ոչ մեկը նրանց չհուշեց, որ ախր այդ տոպրակների վրա ձեր սուպեր-դուքանների գովազդն է: Դրանցով ձեր այցելուն լինելու փաստը «վավերացնող» գնորդին դո´ւք պիտի վճարեք` որպես գովազդատու: Ո՞վ և որտեղ է լսել, որ գովազդ անողն ինքը վճարի: Էժանագին այս աճպարարության նախակարապետը «Նոր Զովք» ցանցն էր, որին հետևեց իրեն «միշտ ցածր գների» ասպետ հռչակող «Երևան սիթին», հետո ուրիշ «սուպերչիներ»:
Շուտով երևի նմանների վերնահարկը մուրացիկ-գրպանահատության նոր մեթոդներ կորոճա : Դիցուք` իրենց սուպերբազարանոցի մուտքն արժե 9 դրամ, մթերասայլակից օգտվելը` 14 դրամ, մի բաժնից մյուսն անցնելը` 8,5 դրամ…
Լեզուդ չի էլ պտտվում ասել` կերե´ք, հարամ լինի: Այս ձևով ուտելուն «լափել» են ասում: Իսկ մենք նետում ենք այդ 10 դրամանոցները` որպես խեղկատակին նետվող մանրադրամ: