Վարորդ, քաղաքապետի թեկնածու,անունն էլ...
Անունն էլ ոչ ավելի, ոչ պակաս` Հիսուս ՔրիստոսՉէ, ծնողները չէ, որ նրան այդ անունով են կնքել: Այդ բրիտանացու ինքնագնահատանքն է հանկարծ այնքան մեծացել, որ ինքզինքը մեծարել է Փրկչի անվամբ:
Մինչև 1997 թ. նրան կոչում էին Ջոն Էդվարդ Բերտուիստլ: Ավտոբուսի այս վարորդն իրեն սկսել է Մեսիա երևակայել այն ժամանակից, երբ, ըստ իր պատմածի, վերակենդանացրել է աստիճանից ընկած մի մարդու:
- Ես բարձրանում էի սանդուղքով, որով դիմացից իջնում էր մի տղամարդ: Նա հանկարծ ընկավ ու գլորվեց ներքև: Նա սաստիկ վնասել էր վիզը և չէր կարողանում վեր կենալ: Ես մոտեցա նրան, ձեռքս դրեցի ցավող տեղին և հարցրի` «ամեն ինչ կարգի՞ն է»: Տղամարդն անսպասելիորեն պատասխանեց, որ լավ է, որից հետո վեր կացավ ու գնաց,- պատմել է բրիտանացին:
Դրանից հետո ավտոբուսի վարորդը սկսել է երազներ տեսնել, որոնք, իբր, հավաստել են նրա` ընտրյալ լինելը: Ու ինքնակոչ «Հիսուսը» հայտարարել է.
- Ես արդեն եղել եմ այստեղ` 2000 տարի առաջ: Ես դեմ եմ ելել իշխանություններին, և ինձ սպանել են: Դե ինչ, տեսնենք, թե ինչ է փոխվել Երկրի վրա` այս ընթացքում:
Հոգեբույժներն ու հոգեբանները, երևի, ավելի ճիշտ կախտորոշեն այս երևույթը, որը գնալով ավելի տարածուն է դառնում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այս պահին ինքնակոչ Քրիստոսն աշխատում է իր նախընտրական ծրագրի վրա և պատրաստվում է մարդկանց ուսուցանել` ապրելու հոգու հետ ներդաշնակ: Ցանկությունը վատը չէ. նա կամենում է սովորեցնել` լինել համերաշխ, միմյանց օգտակար և… երեխաներին տնային կրթության տալ: Նրան անհանգստացնում է միայն իր առողջությունը:
Եվ այս մարդը որոշել է քաղաքապետ դառնալ: Շատ հետաքրքիր քարոզարշավ է ստացվում: