15 ռուփին ընդամենը 22 ցենտ է


Ու առանձնապես մեծ գումար չէ և հաստա´տ երկու մարդու կյանք չարժե: Բայց Հնդկաստանի Ութթար-Փարադեշ նահանգում այլ կերպ մտածող կա:

Բհարաթ և Մամթա ամուսինները նպարավաճառին պարտք էին մնացել 15 ռուփի` նրանից թխվածքաբլիթ գնելով: Խոստացել էին մինչև երեկո վերադարձնել պարտքը, երբ կստանային իրենց աշխատանքի դիմաց օրավարձը:

Նպարավաճառ Աշոկ Միշրան պահանջել էր անհապաղ վերադարձնել պարտքը: Սրա պահանջն անտեսելով` ամուսինները հեռացել էին ու դաշտամիջյան ճանապարհով դեպի իրենց աշխատավայր գնացել: Իսկ Միշրան արագ մտել է իր տուն, վերցրել կացինն ու վազել պարտապանների հետևից… Շատ չանցած` ոստիկաններն արձանագրել են, որ ամուսինները մահացել են տեղում` կացնահարվելով:

Ամուսինների սպանությունից հետո նրանց գյուղի բնակիչները փակել են շրջակա ճանապարհները` ի նշան բողոքի:

Բհարաթն ու Մամթան «անձեռնմխելիների» կաստայից էին: Հնդկական այս կաստան նսեմագույնն է համարվում. գտնում են, որ սրա ներկայացուցիչները կարող են «ապականել» բարձր խավերին: Ու այդ պատճառով «անձեռնմխելիներն» ապրում են ծայրամասերում առանձնացված թաղամասերում: 20-րդ դարում վերջիններս պայքարում էին երկրի մյուս բնակիչներին հավասար իրավունքներ ունենալու համար: Սակայն վերաբերմունքը նրանց հանդեպ այդպես էլ չփոխվեց: «Անձեռմխելիներն» այսօր կազմում են Հնդկաստանի բնակչության 17 %-ը:

Մի խոսքով, վայրագությունը չափ ու սահման չունի: