Մերկասերնե´ր, ձեր կողքին արդեն մահմեդականներ կան
Արմատական հովերով զինված երիտասարդ մահմեդականները Գերմանիայում տապալել են նուդիստների հանգիստը` Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի Գելդեր քաղաքի լողավազանում: Վեց տղամարդ ներխուժել են մարզահամալիր և եռանդագին սկսել են թքել մերկամարմին հանգստացողների վրա` սպառնալով հաշվեհարդար տեսնել նրանց հետ (տեղեկացրել է BreitbΖrt-ը):
Մուսուլմանները մերկասերներին հայհոյել են գերմաներեն և արաբերեն ու գոռգոռալով ահաբեկել, թե բոլոր «բարոյականությունը խախտողներին» դաժան պատիժ և տանջալի մահ է սպասվում: Հետո, իհարկե, վանկարկել են իրենց սիրելի «Ալլահ ակբար»-ը:
Լողավազանի տնօրինությանն հաջողվել է տարածքից վռնդել «բարոյական» խուլիգաններին, սակայն քիչ անց նրանք կրկին վերադարձել են: Դեպքի վայր հասած ոստիկանները ստուգել են նրանց փաստաթղթերն ու անպատիժ ազատ արձակել բոլորին:
Անկեղծ ասած` էդ մերկասերներին էլ դժվար է հասկանալ: Խմբակային զբոսանքներ, լող ու չգիտես է´լ ինչ` Եվայի հանդերձով: Վերջերս արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ իսպանացի նուդիստները համաշխարհային ռեկորդ են սահմանել զանգվածային լողով, որին մասնակցել են 729 մերկանդամ կին ու տղամարդ (vesti.ru):