Բացօթյա հանդիսանքների զովացնող ներուժը
Աննախադեպ հաջողությամբ խաղաղվեցին Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի փառատոնային տագնապնե րը: Հաստատվելով ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և արժանանալով ՀՀ մշակույթի նախարարության կրկնապատկված աջակցությանը` Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը ոչ միայն ամենամյա պարբերականության, այլև ի սկզբանե մտահղացված մարզային ընդգրկման կենսագործման հուսալի հենարան ձեռք բերեց: Ավանդույթ դարձած դրվատելի ձևաչափով այս անգամ էլ ապահովվեց մայրաքաղաքային թատերասերների անվճար երթևեկությունը փառատոնի բնօրրան Ծաղկաձոր: Եվ օրեր առաջ Ծաղկունյաց բազմամարդ հրապարակում տրվեց փառատոնի 5-րդ մեկնարկը: Դավիթ Մինասյանի հեղինակած «Թախծոտ ծաղրածուի» արձանիկն ասես լուսավորվեց` բացօթյա բեմը «պաշարած» հանդիսատեսի ջերմությունից: Ոմանց թվաց, թե իր բրոնզաձույլ «Հովանոցը» հանրածանոթ մանրապատումով փառատոնին մասնակցում է նաև մեր տաղանդաշատ հայրենակիցը` վաղամեռիկ արտիստը, ում ազգային պատկանելության ստուգորոշման հարցում այդպես էլ փոխզիջման չենք գնում ռուսների ու վրացիների հետ...
Ինչպես և ծրագրված էր, ներկայացումների մի մասի խաղարկումը ձգվեց դեպի Օրբելիների հրապարակ ու Կեչառիսի վանական համալիրի մերձակա տարածք: Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանած 8 թատերախմբերի տարաժանր հանդիսախաղերի առատությամբ` շատ շուտով թատերական գողտրիկ հնգօրյա հանգրվանի վերափոխվեց հովեկային սիրված հանգստավայրը: Ավելին, Ժիրայր Դադասյանի վաղեմի մտահղացմանը համահունչ, ծաղկաձորյան բացօթյա հանդիսախաղերի զվարթ արձագանքներն առկայծեցին նաև Դիլիջանի ամֆիթատրոնում ու Երևանի Հյուսիսային պողոտայում:
Մնջախաղայիններից զատ բացօթյա անպարփակ հանդիսասրահում ցուցադրվեցին մինչևիսկ պոետիկ խոսքով համեմված պարային և կրկեսային ներկայացումներ: Գուցե ինչ-որ առումով արդարացված էր խաղացանկային այս խայտաբղետությունը: Չէ՞ որ Մարսել Մարսոյի կողմից «մնջախաղի հանճար» որակված Լեոնիդ Ենգիբարյանը` փառատոնի գլխավոր հերոսն ինքը, բազմաժանր արտիստ էր: Փառատոնային խաղացանկում ներառված էին ոչ միայն ԵԹԿՊԻ մնջախաղի կուրսի ուսանողների, այլև Երևանի մնջախաղի պետական թատրոնին կից գործող խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիայի սաների ուշագրավ մանրապատումները:
- Անցյալ փառատոնին հյուրընկալված Մնջախաղի թատրոնների միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարկո Ստոյանովիչի (Սերբիա) մասնակցությամբ, այս տարի առաջին անգամ Հայաստանում անցկացրեցինք մնջախաղային արվեստի ներկան ու զարգացման հեռանկարները բացահայտող վարպետության դասերով և թեմատիկ ցուցադրություններով հագեցած միջազգային գիտաժողով,- գոհունակությունը չի թաքցնում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը:
Ծաղկաձորի Գրողների տան մեծ դահլիճում աշխույժ մասնագիտական քննարկումներով ուղեկցվեցին «Շարժաձևերի արտաքին տպավորությունը որպես էսթետիկա կան հույզի նախադրյալ» և «Պլաստիկ արվեստների զարգացման միտումները, պատճառներն ու հետևանքները» խորագրերով հանրահավաքները:
Արդի միջազգային թատերահարթակում ի հայտ եկած միտումներին իրազեկվելու տեսակետից առանձնակի հետաքրքրություն ներկայացրեցին դերասաններ Ջոն Ջեյքոբսի (Հարավաֆրիկյան Հանրապետություն) և Վահրամ Զարյանի (Ֆրանսիա), Վրաստանի մնջախաղի պետական թատրոնի և Սանկտ- Պետերբուրգի Հեքիաթի թատրոնի, Ուկրաինայի Մնջախաղի արվեստի լաբորատորիայի և Իրանի «Աուրա» թատերախմբի տարագույն կատարողական արվեստների համադրությունը: Մարսոյի թատերական դարբնոցում թրծված մեր հանրահայտ հայրենակիցը, ով իր ներկայացումների «նորաոճ ծաղկաքաղով» 2-րդ անգամ էր մասնակցում ծաղկաձորյան փառատոնին, տպավորվեց ազգային և եվրոպական թատերական մշակույթների ինքնատիպ զուգորդման գրավչությամբ: Հավելեմ նաև, որ շուտով մեր թատրոնը կմասնակցի Մալթայում անցկացվող միջազգային փառատոնին: Վերադառնալուն պես կձեռնարկի ներառական մնջախաղային թատրոն-ստուդիայի հիմնարկեքին Ստեփանակերտում:
Բացօթյա հանդիսանքների զովացնող ներուժի կենարար ազդեցությունը օրավուր գոտեպնդեց մայրաքաղաքային տապից Ծաղկաձորում պատսպարված զանգվածային հանդիսատեսին: Որոշակի գոհունակություն ապրեցին մնջախաղային արվեստի հայաստանցի ավագ ու կրտսեր գործիչները: Լեոնիդ Ենգիբարյանի անունն ապրեցնող փառատոնի մշտական հանդիսատեսի խանդավառությունից սրտապնդված Ժիրայր Դադասյանի մտապատկերում էլ անհամեմատ իրատեսական գույներով ուրվագծվեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի կառուցման մեկնարկը: Քաջարի հայ զինվորի աչալրջորեն պահպանած սահմանագծից այս կողմում վերին ատյաններում քանիցս ամրագրված խոստման մոտալուտ իրագործումը վերստին հավատընծա դարձավ: