Ռուսաստանն այն երկիրը չէ, որն ուզում է երևալ


Սա արևմտյան մամուլի կարծիքն է, որը ներկայացվում է կոնկրետ փաստերով: Ամերիկացի վերլուծաբան Սքոթ Գիլմորն իր այս կարծիքն այսպես է ձևակերպել The Boston Glob պարբերականում.

- Ռուսաստանն այնպիսի երկիր չէ, ինչպիսին կարծում եք: Նրա տնտեսությունն ավելի փոքր է, քան Հարավային Կորեայինը: Նրա ազգաբնակչությունն ավելի աղքատ է, քան Ղազախստանի բնակիչները: Տեխնոլոգիաներով նա զիջում է Ֆինլանդիային, իսկ նրա ռազմական բյուջեն ավելի քիչ է, քան Սաուդյան Արաբիայինը:

Փաստորեն դրսից էլ ակնհայտ է, որ Խորհրդային Միության փլուզմամբ Ռուսաստանի հզորությունն է անկել` հեղինակազրկելով այդ Միության «հայրը» համարվող պետությանը: Ինչպես ասում են` հիմա Արևմուտքում` Ռուսաստանի կարգավիճակն աշխարհում փլվեց` Բեռլինյան պատի հետ:

- Բորիս Ելցինը լիովին համապատասխանում էր այն երկրի նախագահի պաշտոնին, որտեղ ԽՍՀՄ փլուզումից հետո կյանքի տևողությունը կրճատվել էր 5 տարով: Տեղի էին ունեցել հեղաշրջումներ, կաթվածահար էր արդյունաբերությունը, տարածվում էր կոռուպցիան, կրճատվում էին սահմանները… Սակայն Վլ. Պուտինի իշխանության գալը ճակատագրական շրջադարձ նշանավորեց Ռուսաստանի պատմության մեջ: Սկսեց փոխվել վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Նոր Ռուսաստանը պետք է դառնար այն երկիրը, որի հետ հաշվի են նստում աշխարհում,- գրում է հեղինակը:

Սակայն հավանաբար միայն ՌԴ վիճակից չէ, որ հիասթափվել է Արևմուտքը: Այնտեղ, թերևս, այլ ծրա-գրեր են ունեցել (ու ամենայն հավանականությամբ տարածաշր ջանին առնչվող), որոնց խանգարել է Ռուսաստանը: Իսկ հաճախ դառը ճշմարտությունն ասում են հենց թշնամու երեսին: Հակառակ դեպքում հազիվ թե Եվրոպայի կամ Ամերիկայի սիրտը ցավեր, որ Ռուսաստանն աղքատ է, և ՀՆԱ-ի չափով` Համաշխարհային բանկը նրան «տեղադրել» է Լիտվայից, Գվինեայից ու Ղազախաստանից: Արևմուտքին ի՞նչ, որ այստեղ չքավորության սահմանը հատածների քանակը Ռուսաստանում ավելի բարձր է, քան Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Շրի-Լանկայում:

Ավելին, ալկոհոլիզմի ցուցանիշով ՌԴ-ն առաջատարներից է աշխարհում: Հենց «Ռոսստատ» վիճակագրական գործակալությունն է արձանագրել ազգաբնակչության ծերացման և կրճատման փաստը:

Մի խոսքով`

- Եթե չլինեին Սիրիան, Ղրիմը և հնացած միջուկային մարտագլխիկները, Ռուսաստանն այնքան կարժանանար միջազգային ուշադրության, որքան Սլովակիան կամ Ուելսը,- նկատում է Գիլմորը և ուշարժան եզրահանգում անում.

- Լեբեդևը հասկացել է այն դասը, որը վաղուց և համառորեն տալիս է Պուտինը. եթե չեք կարողանում մրցակցել դաշտում, ապա որքան հնարավոր է` դրանից դուրս մեծ աղմուկ բարձրացրեք: Ռուսաստանն այնքան հետ է մնացել տնտեսական, տեխնոլոգիական, սոցիալական և քաղաքական իմաստով, որ նա այլևս նշանակություն չունի: Բայց դեռևս կարողանում է գրավել մեր ուշադրությունը: Երբ հաջորդ անգամ Ռուսաստանը տանկերը տեղաշարժի դեպի սահման` հարկավոր է լրջորեն վերաբերվել: Նա շատ տանկեր ունի (չնայած ավելի քիչ, քան Պակիստանը): Բայց մենք պետք է նաև հիշենք, որ Ռուսաստանը գերտերություն չէ: Ցուցանիշների մեծամասնությամբ` այն նույնիսկ միջին տերություն չէ: Նա ֆուտբոլային խուլիգան է, չքավոր, հարբած և խանգարված նրանից, որ այլևս չի կարողանալու հաղթել: