Առակս զի՞նչ ցուցանե
Հաճախ անտեսում ենք մեր հոգին ` հաջողության, իշխանության, հարստության ու հաճույքների հետևից վազելով: Բայց այն միակն է, որ ուղեկցում է մեզ` ուր էլ գնանք: Ու նրա հանդեպ հոգատար և ուշադիր լինելու, պահպանելու և զարգացնելու դեպքում կարող ենք ամենամեծ նվերը պարգևել աշխարհին ու մեզ:
Մի սուլթան 4 կին ուներ: Նրանցից առավել շատ սիրում էր չորրորդին, ով ամենաջահելն էր ու ամենաքնքուշը: Սուլթանը նրան շքեղ հագուստներ էր նվիրում, թանկարժեք զարդեր, անվերջ գուրգուրում էր ու խնամում:
Սուլթանը սիրում էր նաև իր երրորդ կնոջը` բացառիկ գեղեցկուհի: Ուրիշ երկրներ գնալիս` միշտ իր հետ տանում էր նրան, որպեսզի բոլորը տեսնեին կնոջ գեղեցկութ յունը: Բայց նաև շարունակ վախենում էր, որ կինը կլքի իրեն ու կգնա ուրիշ մեկի մոտ:
Երկրորդ կնոջը նույնպես սիրում էր սուլթանը: Այս կինը հնարամիտ էր և խարդավանքներում փորձված: Նա ամուսնու վստահելի անձն էր` միշտ խելացի, բարի կամեցող ու համբերատար: Խնդիրներ ծագելիս` սուլթանը վստահում էր երկրորդ կնոջը, ով միշտ օգնում էր ամուսնուն` դուրս գալ բարդ իրավավիճակներից, հաղթահարել դժվարին ժամանակները:
Իսկ առաջին կինը ամենատարեցն էր և սուլթանինն էր դարձել որպես ժառանգություն` նրա հանգուցյալ ավագ եղբորից: Այս կինը շատ նվիրված էր ամուսնուն և անում էր հնարավոր ամեն ինչ` պահպանելու և բազմապատկելու ոչ միայն սուլթանի, այլև ամբողջ երկրի հարստությունը: Չնայած դրան` սուլթանը չէր սիրում նրան և որևէ ուշադրության չէր արժանացնում:
Մի օր սուլթանը հիվանդանում է: Անկողնում պառկած` նա հիշել է անցած ողջ կյանքը, կանանց հետ ապրած վայելքները ու մտածել.
- Հիմա ես 4 կին ունեմ, բայց որ մեռնեմ` կմնամ մենակ:
Այդժամ հարցրել է իր ամենասիրելի` 4-րդ կնոջը.
- Ես քեզ բոլորից շատ եմ սիրել, քեզ եմ տվել լավագույնը, պահպանել եմ հատուկ երկյուղածությամբ: Հիմա ես մեռնում եմ. դու պատրաս՞տ ես հետևել ինձ դեպի մեռյալների արքայություն:
- Մտքո´վդ չանցնի,- պատասխանել է կինը և հեռացել:
Նրա խոսքը խանչալի պես խոցել է տղամարդու սիրտը, և նա կանչել է 3-րդ կնոջը.
- Ամբողջ կյանքում ես հիացել եմ քեզանով: Հիմա մեռնում եմ. դու պատրա՞ստ ես հետս գալ ստվերների թագավորություն:
- Չէ,- պատասխանել է գեղեցկուհին:- Կյանքն այնքան գեղեցիկ է: Երբ դու մեռնես` ես նորից կամուսնանամ:
Թախծել է սուլթանը. նրա հոգին այդպիսի ցավ դեռ չէր զգացել: Ու կանչել է երկրորդ կնոջը.
- Ես միշտ օգնություն եմ խնդրել քեզանից, և դու միշտ օգնել ես ինձ, եղել ես իմ լավագույն խորհրդատուն: Հիմա ես մեռնում եմ. դու պատրա՞ստ ես ինձ հետ գալ այնտեղ, ուր դժգույն ստվերները հառաչում են և հոգիների տիրակալից գթություն խնդրում:
- Ցավում եմ, բայց այս անգամ չեմ կարող քեզ օգնել,- պատասխանել է երկրորդ կինը:- Ամենաշատը, որ կարող եմ անել` քեզ պատվով թաղելն է:
Նրա պատասխանը շանթել է սուլթանին, ու մինչ նա ուշքի կգար, մի ձայն է լսել.
- Ես կգամ քեզ հետ այնտեղ, ուր դու կգնաս` մինչև վերջ:
Ձայնի ուղղությամբ նայելով` սուլթանը տեսել է առաջին կնոջը` հյուծված և վշտից տառապած, համարյա անճանաչելի դարձած: Ապշահար սուլթանը արտաբերել է.
- Քո հանդեպ ես ավելի ուշադիր պետք է լինեի` երբ դեռ կարող էի...
Մեզանից յուրաքանչյուրը 4 «կին» ունի: Չորրորդը մեր մարմինն է: Կարևոր չէ, թե որքան ժամանակ ու ինչ ջանքեր ենք ներդնում` այն խնամելու, լավ տեսք ունենալու համար: Բայց նա կլքի մեզ, երբ մեռնենք:
Մեր երրորդ «կինը» գործերն են, մեր դիրքը, փողը, հարստությունը, սոցիալական վիճակը: Երբ մենք մեռնում ենք, այդ ամենն անցնում է ուրիշներին:
Երկրորդ «կինը» մեր ընտանիքն ու հարազատներն են: Կարևոր չէ, թե կյանքի ընթացքում նրանք որքան են մեզ օգնել. մահից հետո նրանց ամենամեծ անելիքը մնում է մեզ գերեզման ուղեկցելը:
Դե, իսկ առաջին «կինը» մեր հոգին է, որին հաճախ անտեսում ենք` հաջողության, իշխանության, հարստության ու հաճույքների հետևից վազելով: Բայց այն միակն է, որ ուղեկցում է մեզ` ուր էլ գնանք: Ու նրա հանդեպ հոգատար և ուշադիր լինելու, պահպանելու և զարգացնելու դեպքում կարող ենք ամենամեծ նվերը պարգևել աշխարհին ու մեզ: (kolobok23.ru):