Լուսանցքում հայտնվելու վտանգի առջև


Ամենայն հավանականությամբ` հասարակության ուշադրությունն առաջիկա ժամանակահատվածում ուղղված կլինի սպասվող համաներմանը և այս կամ այն կերպ դրան առնչվող գործընթացներին: Հանրապետության նախագահը նախընտրեց համաներման նպատակահարմարության առաջարկությունը թողնել հասարակական կառույցներին: Եվ այդ առաջարկությամբ, ինչպես արդեն հայտնի է, հանդես եկան մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող` ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն ու Նախագահին կից հանրային խորհուրդը: Այդպիսով, ըստ էության, երկրի ղեկավարը, թերևս, փորձում է համաներման միջոցով նաև հալեցնել հասարակության որոշ շերտերում առկա անհանդուրժողակա նության սառույցը: Սակայն, այս բարի կամքը դեռ կյանքի չկոչված, արդեն դեմ առավ արմատական ընդդիմության զայրույթին: Գուցե զգալով երկրի հասարակական-քաղաքա կան կյանքում նոր խոսք ասելու իր այլևս անզորությունը, հետևապես նաև ներքաղաքական զարգացումներում լուրջ դերակատարություն ունենալու անհնարինությունը, ՀԱԿ-ը հայացքը հառում է միջազգային հանրությանը` ակնկալելով մեր երկրի վրա արտաքին գործոնների ազդեցության օժանդակությունը: Սակայն, այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ: Մի կողմից ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը հույս է ներշնչում արմատականներին, թե հանձնաժողովը իրենց շահերին համապատասխան եզրակացություն կարտահայտի: Մյուս կողմից` ՀԱԿ-ը անարգանքի սյունին է գամում Եվրոպային` Երևանի ավագանու ընտրությունները ժողովրդավարության առումով մեկ քայլ առաջ համարելու համար: Այսինքն, ստացվում է` հա°մ նալին, հա°մ մեխին. նայած, թե որ դեպքում որ տարբերակն է ձեռնտու: Փոխարենը` ուրախություն, մեծագույն հրճվանք է հարուցում ԱՄՆ` «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից Հայաստանին հատկացվող 70 մլն դոլար արժողությամբ ծրագրի կասեցումը: Սա ևս մի հնարավորություն է ՀԱԿ-ի համար` իշխանություններին վերստին անխնա քննադատելու: Դատափետելով Եվրոպային` իրեն չօժանդակելու համար, ՀԱԿ-ի առաջնորդը ոչ մի քննադատական խոսք չի ուղղում Ռուսաստանին` նշելով, որ վերջինս ընդհանրապես չի միջամտում Հայաստանի ներքին գործերին: Ըստ երևույթին, ՀԱԿ-ին ոգևորել է հարևան Վրաստանում ընդդիմության ակտիվությունը, և նա Մոսկվայի բարեհաճությունն իր նկատմամբ շահելու հույս է փայփայում: Այս հանգամանքը, թերևս, բխում է այն իրողությունից, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի Կովկասյան տարածաշրջանում և այնտեղ առկա գործընթացների վրա: Հուլիսին սպասվում է Միացյալ Նահանգների նախագահ Օբամայի այցը Մոսկվա, և Օբամա-Մեդվեդև հանդիպման ընթացքում ամենայն հավանականությամբ կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդիրը: Այսինքն, այս հանգամանքը ընդդիմությանը ևս մի հնարավորություն, ևս մի առիթ կընձեռի` անկախ արդյունքներից, ներքաղաքական պայքարում շահարկելու ղարաբաղյան հարցը: Սակայն, այս ամենի համատեքստում ակնհայտ է դառնում, որ իշխանությունների հետ անպտուղ, անիմաստ առճակատումը շարունակելու դեպքում, ՀԱԿ-ը կարող է վերածվել… ընդամենը լուսանցքային ուժի` լյումպենացնելով նաև իր համակիրների բանակը: Թերևս, զարգացումների հենց այս միտումը զգալով, արմատական ընդդիմությունը հայտարարեց ամռան ընթացքում հանրահավաքներից հրաժարվելու մասին:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ