Հանրահավաքը չկայացավ. մեկ քայլ առաջ
Պատմության գիրկն անցան հերթական խորհրդարանական ընտրությունները. ի՞նչ տվեցին, ի՞նչ ավելացրեցին դրանք 15-ամյա հանրապետության կենսագրությանը: Նախընտրական քարոզչության մեկնարկում արձանագրված մահափորձն ու դեռևս չբացահայտված սպանությունները, մեղմ ասած, տագնապ էին առաջացնում: Ու գուցե այդ մտահոգութ յամբ էր, որ մայիսի 12-ից մի քանի օր առաջ Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայր բուհի ուսանողության ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ զգուշացրեց` կլինեն քվեարկության արդյունքներով չբավարարվածներ, ովքեր կձգտեն փորձության ենթարկել երկրի ներքաղաքական կայունությունը… Բարեբախտաբար, Նախագահի մտահոգությունը չիրականացավ: Խորհրդարանական այս ընտրությունները շահեկանորեն տարբերվեցին նախորդներից. ընդհանուր առմամբ, և° քվեարկության ընթացքն էր առանց հարայհրոցի, և° քվեարկությանը հաջորդող լուսաբացն ու օրերն են խաղաղ: Չնայած` «Իմպիչմենտ» դաշինքը, «Հանրապետություն» ու «Նոր ժամանակներ» կուսակցությունները դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում անցկացրած հանրահավաքներում հայտարարել էին, որ քվեարկության հաջորդ օրը բողոքի հուժկու ալիք են բարձրացնելու ընտրակեղծիքների դեմ, ու ժողովուրդը կտապալի, իրենց խոսքերով` «հանցավոր վարչախմբին»: Բայց մայիսի 13-ը եկավ ու անցավ, իսկ խոստացված ալիքը չկա ու չկա: Դրա ու ընտրակեղծիքների փոխարեն կան ընտրությունների ընթացքի ու արդյունքների վերաբերյալ միջազգային ու ԱՊՀ դիտորդական առաքելությունների գնահատականները` ընտրություններն անցան ազար ու թափանցիկ` եվրոպական չափանիշներին մոտ և առաջընթաց արձանագրեցին ժողովրդավարության ճանապարհին: Այս գնահատականը խիստ կարևոր է Հայաստանի ու Արցախի համար` հատկապես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլում: Այնուամենայնիվ, մեծամասնական ընտրակարգով մի քանի ընտրատարածքներում այլընտրանքային թեկնածուների բացակայությունը տխուր հիշողություն է արթնացնում նույնքան տխուր ոչ հեռու անցյալի մասին: