Ընտրությունների տված դասը


Ընտրությունների դասերից մեկը քարոզչության, քարոզարշավի ճիշտ կազմակերպումն էր. ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը գերազանցեց 50 տոկոսը: Թերևս, ոմանք դա փոքր տոկոս կհամարեն նախորդ բոլոր ընտրությունների համեմատությամբ: Սակայն նկատենք, որ այս ընտրությունները անկախ Հայաստանի թվով 5-րդն էին: Պատմությունը հուշում է, որ հասարակությունը քաղաքականապես ակտիվանում է հատկապես ազգային զարթոնքի փուլում, ինչպես եղավ 1988-90-ականներին: Բայց համազգային ինքնաբուխ այդ պոռթկումը երկար պահպանվել չէր կարող, այդ ալիքը սովորաբար օրինաչափորեն մարում է, և հասարակության քաղաքական ակտիվությունը խթանելու համար հատուկ տեխնոլոգիաների, տվյալ դեպքում` քարոզչության անհրաժեշտություն է առաջանում: Այս ընտրությունների դասերից մեկն էլ, թերևս, այն է, որ, այսպես կոչված, սև PR տեխնոլոգիաները, որոնք կիրառեց ընդդիմությունը, հատկապես «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, այնքան էլ արդյունավետ չեն: Մրցակցին փնովելուն զուգընթաց ավելի շահեկան կլիներ նշել սեփական քաղաքական ծրագրի (եթե այդպիսին կա) առավելությունը: Դա չարվեց կամ լավ չարվեց: Ընդդիմությունը ջախջախիչ պարտություն կրեց, որովհետև չկարողացավ միավորվել հանուն գաղափարի և ոչ թե ընդդեմ իշխանության առաջին դեմքերի: Բացի այդ, ընտրություններում կարելի է հաջողության հասնել ոչ թե միայն ընտրարշավի ընթացքում ակտիվանալով, այլ ամբողջ հաշվետու ժամանակահատվածում արդյունավետ աշխատելով: Սակայն դրա փոխարեն ընդդիմությունը մի ոչ կարճատև ժամանակահատվածում բոյկոտել էր խորհրդարանական աշխատանքը` երբեմն-երբեմն իր մասին հիշեցնելով անպտուղ ասուլիսներով: Այս ամենի արդյունքում, ցավոք, այսօր արմատական պարտված ընդդիմությունը հայտնվել է նոր փակուղում: Ապացուցված իրողություն է` պետությունը, իշխանություններն աչալուրջ և ուժեղ են միայն ուժեղ ընդդիմությամբ: Իսկ խորհրդարանում լինելը բոլորովին էլ պարտադիր չէ երկրի քաղաքական կյանքում ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ունենալու համար, եթե իհարկե, որպես քաղաքական միավոր կայացած ես ու քո ուրույն տեղն ունես քաղաքական ներկապնակում: Ինչևէ: Ընտրություններն ավարտվեցին, կյանքը շարունակվում է` իր առօրյա բազում հոգսերով: Եվ հիմա կարևորը ընտրություններից դասեր քաղելն է:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ