ՀԱՄՈԶԻՉ ԵՎ ՀՈՒՍԱԴՐՈՂ


Վերջապես փարատվեցին հայաստանյան ընտրությունների առնչությամբ թերևս ամենահիմնական կասկածներն ու մտահոգությունները. ընտրություններն իսկապես անցան ազատ, արդար և թափանցիկ: Քվեատուփեր լցնելու, անձնագրային տվյալներ կեղծելու, ընտրական կարուսելներ «պտտելու», հանձնաժողովականներին ու վստահված անձանց ահաբեկելու և քվեարկության ընթացքից մինչ այս անբաժան այլ ավանդական միջոցների մասին, կարելի է հուսալ, որ հետայսու հիշատակումներ կլինեն միայն անցյալ ժամանակով: Մնում է հրաժարվել նաև զանազան տրանսպորտային միջոցներով ընտրողներին տեղամասեր հասցնելու և, որ ավելի կարևոր է, ընտրակաշառք բաժանելու մերժելի գործառույթներից, ու հայաստանյան ընտրահամակարգը արդեն կարելի կլինի մոտեցած համարել կատարելությանը: Իսկ մինչ այդ հարկ է արձանագրել երկու բացառիկ դրական երևույթ ևս. ա) օտարերկրյա զանազան դիտորդական կազմակերպությունները երբևէ այսչափ դրական գնահատականներ չէին շռայլել հայաստանյան քվեարկությունների վերաբերյալ և բ) խորհրդարանական ընտրություններին հանրությունը վաղուց նման ակտիվ մասնակցություն չէր ունեցել: Այս ամենը վկայում է, որ «իմ քվեն ոչինչ չի փոխելու» մինչև վերջերս գերիշխող հասարակական մտայնությունն աստիճանաբար իր տեղը զիջում է իշխանություն ձևավորելուն մասնակից դառնալու ձգտմանը: Իհարկե, խորհրդային ժամանակների «բոլորս դեպի ընտրություններ» կարգախոսը երբևէ չի վերականգնվի, և այլ քաղաքակիրթ երկրների օրինակով, ՀՀ-ում ոչ մի դեպքում 90-95 տոկոսանոց մասնակցություն չի արձանագրվի: Այսուհանդերձ, մեծ է հավանականությունը, որ ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում, ի տարբերություն մայիսի 12-ի, հասարակության մասնակցության է°լ ավելի մեծ տոկոս արձանագրվի: Ի վերջո, հայաստանյան ընտրազանգվածը Նախագահ ընտրելիս շատ ավելի ակտիվ է լինում, քան ցանկացած այլ քվեարկություններում: Այնուամենայնիվ, դատելով որոշ քաղաքական ուժերի ստացած խորհրդանշական տոկոսներից` Նախագահի ընտրություններն ըստ ամենայնի պետք է որ թեկնածուների նման առատությամբ աչքի չընկնեն: Դժվար չէ մտաբերել, որ հավակնորդները հենց իրենք էին հավատացնում, որ այս հարցում առաջնորդվելու են ԱԺ ընտրություններում ստացած քվեների չափով: Ավելին, որոշ քաղաքական ուժերի, ասենք ՕԵԿ անդամների հայտարարվող թիվը գերազանցում է նրանց ստացած քվեների չափը: Նույն հակասությունն ակնհայտ է նաև ԲՀԿ-ի դեպքում: Իսկ արմատական եռյակի` վաղօրոք հայտարարված հետընտրական հանրահավաքը թերևս ընտրությունների արդյունքների համոզիչ լինելու պատճառով անակնկալ շարունակություն ունեցավ… և հետաձգվեց: Արդյուն քում հետընտրական զարգացումների մասին կանխատեսումները կարելի է միարժեքորեն ձախողված համարել: Ներքաղաքական անկայունության համար հիմքեր չկան, քանի որ քվեարկության արդյունքներն ավելի քան համոզիչ են: Այլ հարց է, որ որոշ քաղաքական ուժերի սպասելիքները չեն իրականացել: Իր հերթին այս իրողությունը ևս ի զորու չէ պայքարի թեկուզ փոքր ալիք բարձրացնել, եթե անտեսենք համապետական նոր ընտրությունների շատ շուտով զգացվելիք շունչը: Ասել է թե` խորհրդարանական քարոզարշավի տեմպը պահպանելու փորձերը հիմնականում միտված են լինելու այդ քարոզարշավին սահուն անցում կատարելուն: