Հայաստանը բարձրացրեց իր հեղինակությունը
Իհարկե, ճիշտ է այն պնդումը, որ ազատ, արդար ընտրությունների անցկացումն առաջին հերթին կարևոր է հայ ժողովրդի ու Հայաստանի պետության բնականոն զարգացման, քաղաքակիրթ հասարակական հարաբերությունների և քաղաքացիական հասարակության կառուցման համար: Սակայն եվրոպական չափանիշներին համապատասխանող ընտրությունները նույնքան կարևոր են Հայաստանի միջազգային հեղինակության և վարկանիշի առումով, քանզի քաղաքակիրթ աշխարհի հետ նորմալ հարաբերություններով են նաև պայմանավորված երկրի անվտանգությունը և աշխարհաքաղաքական «դիրքերի» ամրությունը: Այս տեսանկյունից` մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները լուրջ փորձաքար էին թե° իշխանությունների, թե° քաղաքական ուժերի և թե° ընդհանրապես մեր պետության համար: Այժմ, իհարկե կարելի է թեթևացած շունչ քաշել, քանզի հաջողվեց հաղթահարել լուրջ փորձությունը: Արևմտյան դիտորդական առաքելությունները, ընդհանուր առմամբ, դրական գնահատական տվեցին հայաստանյան ընտրություններին` նշելով, որ նախորդների համեմատ արձանագրվել է զգալի առաջընթաց: Արևմտյան դիտորդական ներկայացուցչությունների նախնական գնահատականներում, ճիշտ է, չի նշվում, որ ԱԺ ընտրությունները ամբողջապես համապատասխանում են միջազգային չափանիշներին, այնուամենայնիվ, հակառակը նույնպես չի ընդգծվում: Հիշենք, որ դիտորդները 2003 թ. ընտրությունները գնահատել էին միջազգային չափանիշներին ոչ համապատասխան: Ինչ վերաբերում է ԱՊՀ դիտորդներին, ապա նրանց գնահատականներին առանձնապես կարևորություն չի տրվում, քանզի, անկախ իրողություններից, վերջիններս հետխորհրդային բոլոր պետությունների ընտրությունները բնութագրում են նույն «ստանդարտով» «ազատ ու արդար»: Մի խոսքով, ժողովրդավարության տեսանկյունից Հայաստանը նահանջ չարձանագրեց: