Քաղաքական կայունությունը` գերխնդիր


Մայիստասներկուսյան ընտրությունները, հիրավի, ինքնօրինակ նախադեպ էին Հայաստանի 3-րդ հանրապետության ընթացքի մեջ: Դրանց տրված բազմաթիվ ու բազմապիսի գնահատականները հաճելի մի նորություն արձանագրեցին. պարտված գործիչները չսկսեցին պարսավել հաղթող ուժին: Արժանին մատուցելով նրանց իրատեսությանը, արձանագրենք, որ ՀՀԿ-ի ստացած քվեները նախևառաջ քաղաքական այդ ուժի գնահատանքն էր: Այսինքն, ժողովրդից աննկատ չի մնացել, որ կուսակցությունը կատարել է նախորդ ընտրություններից առաջ ծրագրային խոստումները և ամենակարևորը` երկիրը զերծ է պահել ջլատող ցնցումներից: Ի դեպ, այս քարոզարշավի ընթացքում էլ իշխանության լծակներին տիրապետող ՀՀԿ-ն նախընտրական սին խոստումներ շռայլել իրեն թույլ չտվեց. իրատեսորեն համբերության կոչեց ժողովրդին` համախմբվելու կոչով: ՀՀԿ նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանն օրինաչափ է համարում այդ ամենը. - Կա ժողովրդի իմաստուն հոգեբանություն: Մենք ծրագիր ենք առաջարկել և դրան զուգահեռ քարոզարշավի ընթացքում ներկայացրել ենք 2000-2007-ի ընթացքում մեր կատարածը: Խոստացել ենք, որ կանենք կրկնակին, բայց ոչ` ավելի: Իրատեսորեն` ավելին հնարավոր էլ չէ. չէ՞ որ պետք է հաշվի առնել օբյեկտիվ ու սուբյեկտիվ բոլոր գործոնները: Մեզ ձայն տալով` ժողովուրդը հավանություն տվեց մեր ծրագրերին: Այսինքն` հավաստեց, որ ինքն առաջիկայում ուզում է ապրել գոնե ներկայիս պես` աստիճանաբար ավելի լավ ապրելու հավատով: Սա նշանակում է, որ մարդիկ հավատում են մեզ. ավելի ստույգ` մեր գործելակերպում տեսնում են լավը: - Իսկապես, շատ ավելի շռայլ խոստումներով «իրենց դուռը գնացած» մյուս ուժերին չհավատացին կամ քիչ հավատացին մարդիկ: Ի՞նչ հուշեցին, պարտավորեցրին այս ընտրությունները: - Ոչ միայն ժողովրդին ընդհանրապես, այլ նաև քաղաքական բոլոր ուժերին մենք առաջարկել ենք միավորվել, միաբանվել: Հենց ինքներս միավորվեցինք Վազգեն Սարգսյանի գլխավորած «Երկրապահ» քաղաքական կառույցի ու նրան հարող բոլոր ուժերի հետ: Այսինքն` նմանատիպ գաղափարախոսություն ու ծրագիր կրող ուժերի համախմբման արդյունքում մեծանում է վստահութ յունը նրանց հանդեպ: Մեր ընդդիմությունը հրաժարվեց այդ քայլից ու մնաց կոտորակված: Մինչդեռ ընդդիմադիր տարբեր թևերի գաղափարախոսությունները հիմնականում նույնն են: Ավելին, մի քանիսինը նույնիսկ իրարից չեն տարբերվում: Այդուհանդերձ` չմիավորվեցին: Ամբիցիաները խանգարեցին, լիդերության խնդիրը չկարողացան լուծել: ՀՀԿ-ում մենք գաղափարի շուրջ ենք համախմբված և ընդունում ենք ամենաուժեղ լիդերին, ով կրում է մեր գաղափարները: Միավորվեցինք և հաղթեցինք: Հաղթեցինք մեր միաբանությամբ: -Խորհրդարանական ուժերի հետ համագործակցության եզրեր, անշուշտ, որոնելու է ՀՀԿ-ն, չնայած քաղաքական այդ ուժերի պահվածքը, կարծեք, այլ ընթացք է հուշում. ամբիցիաների առումով, իհարկե: - Այդ մասին պաշտոնապես դեռ որոշում ընդունված չէ, բայց, կարծում եմ, համագործակցություն կլինի` երկրում քաղաքական կայունություն ապահովելու համար: ՀՅԴ-ի հետ, օրինակ, արդեն համագործակցելու փորձ ունենք, ԲՀԿ-ի հետ նույնպես ընդհանուր ծրագրեր կկարողանանք իրականացնել… Փոքր-ինչ վաղ է այդ մասին խոսելը, բայց հաստատուն ծրագրեր իրականացնելու համար համագործակցությունը կարևոր է: Ն. Հ.