ԼՍԵ՞ Լ ԵՔ, ԱՍՈՒՄ ԵՆ...
Թե ինչպիսի վերադասավորումներ կլինեն 4-րդ գումարման խորհրդարանում, փորձեցինք ճշտել 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից: Որքան էլ անորոշ և խուսափողական էին պատասխանները, այդուհանդերձ, հնարավոր եղավ ի մի բերել պտտվող որոշ լուրեր: Արդեն իսկ շրջանառվում են ենթադրախառն տեղեկություններ, որոնց հավաստիությունն, իհարկե, առայժմ ոչ ոք չի կարող երաշխավորել: Այդուհանդերձ, ըստ այդ լուրերի` ԱԺ ընտրություն ներում, նախնական տվյալներով, որակյալ (բացարձակին մոտ) մեծամասնություն կազմող Հանրապետականը չի անտեսելու խորհրդարանում քաղաքական փոքրամասնություն կազմող կուսակցություններին` նրանց ներկայացուցիչներին ընտրելով գոնե 1-2 ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ: Ավելին, նույն աղբյուրները, հենվելով, հավանաբար, հաղթողի մեծահոգության վրա, կարծիք են հայտնում, որ ԱԺ փոխխոսնակներից գոնե մեկը կընտրվի երկրորդ տեղում հայտնված ԲՀԿ ներկայացուցիչը (հավանաբար` ԲՀ կուսակցության ծրագրի համահեղինակ Վարդան Բոստանջյանը կամ մեծամասնականով ԲՀԿ-ին հարող Վիկտոր Դալլաքյանը): ՀՅԴ-ից փոխխոսնակի պաշտոնը կարող է ստանձնել, թերևս, Արմեն Ռոստոմյանը: Իհարկե, ԱԺ նախագահի երկու տեղակալներն էլ հազիվ թե քաղաքական փոքրամասնությունից ընտրվեն: Ավելին, բավական հիմնավոր է թվում այդ պաշտոնում բազմափորձ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի թեկնածության մասին շրջանառվող պնդումը: Ենթադրվում է նաև, որ Տիգրան Թորոսյանն էլ կշարունակի պաշտոնավարել խորհրդարանի նախագահի պոստում (համենայն դեպս` մինչ ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունները): Տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն ու Բնապահպանության նախարարը հրաժեշտ կտան նախարարական պորտֆելներին և կարժանանան պատգամավորական մանդատների: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կստանձնի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, իսկ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին կհասնի Շիրակի մարզպետի պաշտոնը: Իսկ եթե ըստ էության` ապա իր միասնականությունը և ժողովրդին օգտակար լինելու պատրաստակամությունն արդեն բազմիցս վերահաստատած Հանրապետականի համար, թերևս, որևէ պաշտոն անձնավորված չի կարող լինել. իր շարքերից յուրաքանչյուրի գործունեության համար կուսակցությունը չի հրաժարվում պատասխանատվությունից: Ասել է թե` նույն միասնականությամբ ու համախմբումով էլ ՀՀԿ-ն շարունակելու է երկրի առաջընթացի ապահովմանն ու կայունության ամրապնդմանն ուղղված իր աշխատանքը: Այդ առումով իրատեսական է պատգամավոր Արմեն Աշոտյանի տեսակետը. - Ժողովրդի մեծամասնության քվեին արժանացած ՀՀԿ-ի համար պաշտոնների տեղաբաշխումը լոկ կադրային խնդիր է: Մեր նպատակը ոչ թե պաշտոններ ստանձնելն ու իշխանական բուրգում տեղ զբաղեցնելն է, այլ մեր ծրագրերի շարունակության համար համապատասխան քաղաքական հիմք ստեղծելը: Կարծում եմ` այն պաշտոնները, որոնք պետք է վերաբաշխվեն, իրականում ավելի շատ պարտականություն պետք է ենթադրեն, քան` իրավունք: Այդ առումով պետք է փաստենք, որ մեր կադրային բանկը բավական հարուստ է, և կուսակցությունը կրկին առաջնորդվելու է` յուրաքանչյուր մարդ իր տեղում սկզբունքով: