Ընտրողի պատգամ Վստահի°ր ուժերիդ, հավատա... քվեիդ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքից այս անգամ գոհ մնացին ոչ միայն ԵԱՀԿ և ԱՊՀ դիտորդական առաքելությունները` այն համարելով միջազգային չափորոշիչներին համարժեք, այլ այդ ընտրությունների գլխավոր դերակատարը ` ընտրողը: Սակայն, ինչպես և ենթադրվում էր, ընտրություններին այս անգամ էլ ազգովի չմասնակցեցինք: Պատճառաբանություններ` որքան ասես, և բոլորն էլ... «հարգի»: Դե, օրինակ, լոտո վաճառողն ինչպե՞ս թողնի գործը, պլան պիտի կատարի՞, թե՞ ոչ, ախր, կես ժամում կարող են չէ՞, «դափոնով» լոտո գնել: «Համ էլ, ուրիշները հենա գնում են, հերիք ա, իմ գնալն ի՞նչ պարտադիր ա»: Աշտարակից մեծ դժվարությամբ մայրաքաղաք հասած ծաղկավաճառ կնոջ` իշխանություններին ուղղված անեծքախառն խոսքերից կարելի է ենթադրել, որ ընտրություններն իր գործին «խփել» են: «Երկու ժամ մարշրուտի էի սպասում, սաղ ծաղիկներս թառամեցին: Պատգամավորը պիտի վերադարձնի՞ կորուստս»: Սակայն քաղաքացիական պարտքի գիտակցումը հարյուր-հազարավորներին ուղղորդեց ընտրատեղամասերը, որովհետև հույսն ու հավատը չկորցրած մարդիկ, այնուամենայնիվ, լավատես են վաղվա օրվա հանդեպ և համոզված են, որ նորաստեղծ ԱԺ-ն կկատարի ոչ միայն իր խոստումը, այլև կիրականացնի նախորդի անավարտ որոշումները: ՄԵՐՈՒԺԱՆ - բանաստեղծ - Բնականաբար մասնակցել եմ և ուրախ եմ, որ ականատես եղա միանգամայն բարեկիրթ ընտրությունների: Թե° իշխանությունների և թե ընդդիմության կողմից որևէ միջամտություն կամ խոչընդոտի չհանդիպեցի: Հուսանք, որ բարեհաջող ընտրությունների արդյունքում պարտվողը մեծահոգաբար կշնորհավորի հաղթողին, իսկ վերջինս էլ իր հաղթանակով կնպաստի հասարակութ յան բարօրությանը: ԱԼԲԵՐՏ ԱՅԳՈՒՆՅԱՆ - շինարար - Այս ընտրությունները նախորդների համեմատ հաջող էին կազմակերպված: Դրանք իրոք թափանցիկ էին ու արդար, ընտրողների ակտիվությունն ակնհայտ էր: Պարզորոշ նկատվում էր մարդկանց հույսն ու վստահությունը ապագա ԱԺ-ի հանդեպ: Կարծում եմ` հուսախաբ չենք լինի: ՌԱԶՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - կրպակավաճառ - Քվեարկել եմ 18/30 ընտրատեղամասում, ուր մթնոլորտն իրոք խաղաղ էր: Ինքս Ֆիրդուսի փողոցի բնակիչ եմ և ԱԺ-ից սպասում եմ մեր սոցիալական խնդիրների լուծում: Թող ընտրվեն նրանք, որոնց գործը միայն կոճակ սեղմելը չլինի: ՌԱՖԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ - արհեստավոր - Բնականաբար, մասնակցել եմ ընտրություններին և ուրախ եմ, որ ականատես եղա խաղաղ, առանց խոչընդոտների ընտրության: Հույս ունեմ, որ ԱԺ-ի ընդունած օրենքներն ու որոշումները կնպաստեն թոշակների ու աշխատավարձերի բարձրացմանը, իսկ գործարար պատգամավորները կստեղծեն զգալի թվով աշխատատեղեր: ՄԱՔՍԻՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ - տաքսու վարորդ - Թեև հույսս մեծ չէ, բայց ընտրության մասնակցել եմ: 15 տարի շարունակ մեզ խաբում են ավանդների հարցում: Մեր ստեղծած երկիրը մաս-մաս վաճառում են սրան-նրան` ինչ-որ պետական պարտքերի դիմաց: Այդ ի՞նչ պարտքեր են, որ առայսօր չեն փակվում: Իսկ մեր ավանդնե՞րը, որ խոստացան վերադարձնել, համոզված լինե՞նք, որ այս անգամ ԱԺ-ն իր խոսքը կպահի: ԹԱՄԱՐԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ - տնային տնտեսուհի - Կարծում եմ` ընտրություններին մասնակցելը պարտականություն է, անգամ եթե սպասելիքներդ քիչ են: Այս անգամ ընտրություններն իրոք թափանցիկ էին, առանց ճնշումների ու պարտադրանքի: Հերթ կանգնած ընտրողներն իրենք էլ վճռական ու հանգիստ էին, այնպես որ, դժվար թե որևէ մեկը նրանց իր կամքը թելադրելու փորձ աներ: Ցանկալի կլիներ, որ երկրի կառավարումն էլ այսուհետ լիներ խելացի ու արդար: