Նոր Կենտրոնը հին Կենտրոնից լա՞վն է


Երևանցիներս ասում ենք Կենտրոն ու հալվում ենք: Հալվում ենք այստեղ ապրելու, գտնվելու, զբոսնելու ցանկությունից: Եվ միանգամայն հասկանալի է, թե ինչու: Այն պարզ պատճառով, որ այն, ինչ երևանցիներին քաղաքի ծայրերից Կենտրոն է ձգում, այսինքն այն, ինչ ապահովում է նրանց կենցաղային, մշակութային ու հանգստի նվազագույն պահանջները, կենտրոնացած է այստեղ` քաղաքի կենտրոնում: Այսպիսով, Կենտրոնը վերածվել է բազմագործառույթ տարածքի, որի ֆունկցիաները ժամ-ժամ ավելանում են: «Կենտրոնամետ» ենք ոչ միայն տեղացիներս: Կենտրոնին են ուղղված Երևանում գործունեություն սկսած միջազգային կազմակեպությունների հայացքները: Այսօրինակ կառույցները նախընտրում են գրասենյակներ բացել Կենտրոնում, այստեղ են գործում հեղինակավոր ֆիրմաների ներկայացուցչությունները: Երևանի կենտրոնի նկատմամբ օրավուր աճող հետաքրքրությունը հանգեցնում է գերհագեցածության: «Կենտրոնը բավական հագեցած է, բայց ոչ նրանով, ինչով պետք է հագեցված լինի». սա Երևաննախագիծ ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանի դիտարկումն է: Այն այսօր շնչահեղձ է լինում կառուցապատումից, ինչպես նաև տրանսպորտային հոսքերի առատությունից: Ստեղծված իրավիճակում Կենտրոնն այլևս ի վիճակի չէ կատարել բոլոր այն գործառույթները, որոնք փորձում է կատարել: Ահա այստեղ է, որ օգնության է գալիս դեռևս անցյալ տարի հաստատված Երևանի գլխավոր հատակագիծը: Այսօր հաստատված են նաև հատակագծի հիմնադրույթները և իրականացման ծրագրերը: Ըստ այդմ, քաղաքի յուրաքանչյուր համայնք կունենա անհրաժեշտ քաղաքաշինական ինֆրակառուցվածք: Նախատեսվում է նաև սոցիալական ենթակառուցվածքների ապահովում, ինչն իր հերթին կնվազեցնի բնակչության հոսքը դեպի Կենտրոն: Բուն կենտրոնը զգալիորեն կբեռնաթափվի թվով 3 վարչագործարարական նոր կենտրոնների ստեղծմամբ: Նման մի կենտրոն կստեղծվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Տիչինայի փողոցին հարող տարածքում, որտեղ հատվում է այս և հարևան Աջափնյակ համայնքի վարչական սահմանը: Նախատեսված մյուս երկու կենտրոնները կհիմնվեն Նորագյուղի տարածքում և Տիգրան Մեծ-Արշակունյաց փողոցների միջև ընկած այն հատվածում, որն այսօր վերածվել է պահեստային տարածքի: Գլխավոր հատակագիծը մեծ իմաստով հնարավորինս պիտի վերականգնի Երևանի քաղաքաշինական-ճարտարապետական խեղաթյուրված տեսքը: «Այդ ինչպե՞ս» հարցն այստեղ որքան տեղին է, նույնքան էլ ենթակա անորոշ պատասխանի: «Էս հողը իմն է, իմ տան դեմն է», «Այս տարածքը մերն է, մեր տան վերևն է» հոգեբանությունը տեսնես մեր ազգից լավ սերտողներ կա՞ն: Ի բնե շինարար լինելու մեր էությունն էլ մյուս կողմից է իր գործն արել: Արդյունքը յուրաքանչյուրիս երևակայությանն ու նյութական հնարավորություններին համապատասխանող այն խայտաբղետ պատկերն է, որ դաջված է քաղաքի դիմանկարին: Խոսքը բնակելի շենքերի համատարած բնույթի կցակառույցների և ձեղնահարկերի մասին է, որոնց ծավալները հաճախ գերազանցում են բուն շենքերի ծավալները: Ակամա մտաբերում ես մեր մեծերի զրույցներում անցյալի հուշերից տրտմությամբ հիշատակվող մի տխուր հուշ. կարկատված շորը, որի վրա կարկատանն այնքան շատ էր, որ դժվար է եղել որոշել` հատկապես ո՞ր կտորից է կարված եղել շորը: Թեև Գուրգեն Մուշեղյանը վստահեցնում է, թե առաջիկայում այս խնդրի լուծումները կգտնվեն, սակայն իրականությունը թերահավատության հիմք է տալիս: Այնքան, որքան բնակելի ֆոնդն այսօր բնակչի սեփականությունն է և ոչ թե պետության, և նա էլ պիտի հոգա այդ խնդիրները: Օրենքներ են պետք, այդ օրենքները կիրառողներ են պետք: Իսկ այս ամենի հետ մեկտեղ և դրանից առաջ բարեկրթվել է պետք` մեր քաղաքի տեսքի մասին, այն վերականգնելու մասին մտածելու և այդ նպատակով նաև միջոցներ չխնայելու համար:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ