ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԱՍԵՐ
Երևանի «Հաղթանակ» զբոսայգու արևելյան մասում 1950թ. բացվեց «Ժողովուրդների առաջնորդ» Ստալինի պղնձակուռ արձանը, որի հեղինակն էր գյումրեցի քանդակագործ Սերգեյ Մերկուրովը: Արձանը դրվեց հանճարեղ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված 50 մ բարձրությամբ պատվանդանի վրա: Հիացմունք են պատճառում ճարտարապետի համարձակությունն ու հեռատեսությունը: Լավ իմանալով, որ բռնակալների փառքն անցողիկ է, ճարտարապետը «պողպատյա առաջնորդի» հսկա արձանին որպես պատվանդան կառուցել է կիրառական նշանակությամբ սովորական հայկական եկեղեցի: Ի հակադրություն պատվանդանի արտաքին սառը, ուղղանկյուն ձևերի, նրա ներսը հայկական գմբեթավոր եռանավ եկեղեցի է` իր բոլոր մանրամասներով հիշեցնելով 7-րդ դարում կառուցված Հռիփսիմեի տաճարը: Ճարտարապետի կանխատեսումը տարիներ անց իրականացավ. հանվեց Ստալինի արձանը և նույն տեղում 5 տարի անց` 1967-ին տեղադրվեց Արա Հարությունյանի «Մայր Հայաստան» հուշարձանը, որը խորհրդանշում է արհավիրքի պահին սրով ու վահանով Հայրենիքը պաշտպանող հայ կնոջը: Պատվանդանի շուրջ 3000 քմ տարածքում գործում է ՊՆ ռազմապատմական թանգարանը: Այստեղ հավաքված ու ցուցադրվող մասունքները պատմում են Երկրորդ աշխարհամարտին հայ ժողովրդի մասնակցության, 20-րդ դարի 80-90-ական թվականների Արցախյան ազատամարտում հերոսացած հայորդիների մասին: Ֆաշիզմի դեմ մղված մարտերին մասնակցեցին ավելի քան կես միլիոն հայեր, որոնցից 106-ն արժանացան Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման, 3-ը` մարշալի, 1-ը` ծովակալի զինվորական աստիճանի: Երբ 20-րդ դարի վերջին նժարի վրա դրվեց արցախահայության լինել-չլինելու հարցը, հազարավոր հայ աշխարհազորայիններ մարտի ելան հանուն հայրենիքի պաշտպանության: Նրանցից շատերը, փառքով պսակելով իրենց անունները, ընկան հերոսի մահով: Նրանց ու պատերազմից հաղթանակով վերադարձած ազատամարտիկների հերոսական գործերի, Շուշիի ազատագրման մասին պատմող ցուցանմուշները ներկայացված են թանգարանի 2-րդ հարկում: Թանգարանի օրգանական շարունակությունն են կազմում բացօթյա ցուցադրությունը, Անհայտ զինվորի հուշարձանը, որտեղ վառվող անմար կրակը լուսավորում է զոհված ու անհետ կորած բազում զինվորների ու սպաների սուրբ հոգիները: Չեն մոռացվում նաև Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկի մոտ կանգնած հայրենասերները, բանակի սպայական ու շարքային կազմը: Ինչպես նախկինում, այսօր էլ թանգարանի ցուցադրության առաջին հարկն ամբողջությամբ նվիրված է Երկրորդ աշխարհամարտին հայ ժողովրդի մասնակցությանը: Դեռևս մեծ թիվ են կազմում Հայրենական մեծ պատերազմի մասնակից ներն ու նրանցից մնացած մասունքները թանգարանին հանձնողները: Նկատի ունենալով թանգարանային միջոցներով դաստիարակչական աշխատանքի արդյունավետությունը` «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանում մշակվել և իրագործվում են ցուցադրական, գիտահավաքչական, գիտամասսայական և հրատարակչական աշխատանքները բարելավելու, նոր պահանջներին համահունչ վերակառուցելու հեռագնա ծրագրեր: Թանգարանի հիմնական ցուցադրությունը թարմացնելուն, նոր նյութերով համալրելուն զուգընթաց կազմակերպվում են թեմատիկ էքսկուրսիաներ, այս կամ այն հոբելյանին նվիրված երեկույթներ ու ցերեկույթներ, հանդիպումներ Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի մասնակիցների, նշանավոր զորահրամանատարների ու ազատամարտիկների հետ: Որպես կանոն, ազգային բանակ զորակոչված զինվորի ծանոթությունը թանգարանի հետ սկսվում է ավանդական դարձած զինվորական երդումից: Հանդիսավոր այս պայմաններում ազգային հերոսների ու մեր ժողովրդի մյուս նվիրյալ զավակների մասունքների կողքին երդվող զինվորի համար այդ օրը դառնում է հիշարժան ու տպավորիչ, նրան ուղեկցում է ողջ կյանքում` միշտ հիշեցնելով երդմանը հավատարիմ լինելու սուրբ պարտականության մասին: Այնուհետև զինվորը էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջում է թանգարանում, ծանոթանում ցուցադրությանը, վերհիշում պատմության դասագրքերից հայտնի դեպքերը, առավել խորացնում գիտելիքները պատմական անցքերի, ազգային-ազատագրական պայքարի ու պատերազմների հերոսների մասին: Հանդիպումները Երկրորդ աշխարհամարտի մասնակիցների ու Արցախյան ազատամարտի հայտնի մարդկանց հետ, կենդանի զրույցները, բանավեճերն ու հարցուպատասխանները էլ ավելի են ամրապնդում հայրենասիրության զգացումը զինվորի մեջ, նրան դարձնում ազգային արժեքների ժառանգորդը, հայրենիքին մինչև վերջ նվիրված ու հանուն հայրենի հողի ամենաթանկը նվիրելու պատրաստ մարտիկ: Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանի պետի գիտական գծով տեղակալ