Անսահման նվիրում
Երեխաների հանդեպ անսահման սեր և նվիրում պետք է ունենա մանկավարժը: Իր գործի իսկական նվիրյալ է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջն. դպրոցի ուսուցչուհի Կարմելա Գյուլբուդաղյանցը: Օտար հողում ծնված ուսուցչուհին անում է հնարավորը, որ աշակերտները հայեցի դաստիարակվեն, որ շարունակվի հայի գույնը, ձևը, տեսակը... Աստվածաշնչյան պատվիրաններն էլ նրա աշակերտների համար լոկ տետրում գրված տողեր չեն. սեր, բարություն, ներողամտություն է սերմանում աշակերտների մատաղ հոգիներում: Մեզ` ծնողներիս էլ է հանձնարարություններ տալիս. մի թղթապանակում բարեխղճորեն հավաքել մեր զավակի գրած առաջին տառը, բառը, ոտանավորը... Տարեսկզբին ուսուցչուհին մեծ կորուստ ունեցավ, սակայն հոգու ցավի դեռևս տաք ալիքը խեղդելով` մտավ դասարան ու ժպտաց իրեն տագնապած աչուկներով նայող երեխաներին: Դասը շարունակվում է... Շնորհակալություն, տիկին Կարմելա, որ կյանքի մեծ ու փոքր դժվարությունների մեջ կարողանում եք մնալ վեհ ու բարձր, մնալ ՈՒՍՈՒՑԻՉ... Երևանի թիվ 51 միջն. դպրոցի II «գ»-ի աշակերտների ծնողներ