«Ինձ դպրոցում պահողը երեխան է»


Գյուղական դպրոցը, ինչպես և գյուղն ինքը, կարևոր առանձնահատկություններ ունի: Ում համար ընդունելի, ում համար` ոչ, սակայն դրանք անվիճելի առավելություններ են, որ ոչ միայն պատիվ են բերում համայնքին ու դպրոցին, այլև կարող են դիտվել ազգային նկարագրի դիմագիծ, հայեցի դաստիարակության բաղադրիչ: Որպես դպրոցի որակական ցուցանիշ, սովորաբար նշվում է բուհ ընդունվողների թիվը, զանազան մրցույթներում ձեռք բերված հաղթանակները: Եվ ոչ ոք չի խոսում այն մասին, թե, ասենք, դպրոցի սաներից քանի՞սն է, որ մեծերի հետ «Դուք»-ով է խոսում, մեծերի ներկայությամբ իրեն պահել գիտե, գիտե իրենից փոքրերի հետ ճիշտ վերաբերվել: Թող ինձ ներեն մյուսները, սակայն գյուղի երեխաների մոտ այս որակները որոշակիորեն առավել են: Շիրակի մարզի Մայիսյան համայնքում ինձ հանդիպած դպրոցականների պատասխաններից մի ավելորդ անգամ համոզվեցի դրանում: Ի պատիվ նրանց ուսուցիչների, տարբեր տարիքի երեխաների խոսքում կային «Դուք»-ը, հարգալից դիմելաձևն ու վերաբերմունքը: Տպավորություններս ու մտածումներս փոխանցեցի դպրոցի տնօրեն ՎԱՐԴԱՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻՆ: Լսեց ու իրավամբ հպարտացավ: Թերևս 30 տարի մանկավարժության մեջ և 25 տարի տնօրենի պաշտոնում թրծված մարդուն դու` լրագրողդ, չես զարմացնի: Նա իր երեխաներին ճանաչում է մեկ առ մեկ: Վարդան Կարախանյանը կոչված մանկավարժ է, այդ կոչումը նրան ի վերուստ է շնորհված: Ինչպես էին ծնողներն ուզում, որ իրենց որդին ինժեներ դառնար: Բայց մանկավարժությանը սիրահարված մարդն ի՞նչ ինժեներ: Գործերը պոլիտեխնիկում էին: Բա որ ընդունվե՞ր: Հնարը գտավ: Եվ այ թե հնար էր, առանց ժպիտի չես հիշի. որոշեց գնալ հիվանդանոց` չցավող կույրաղին հեռացնելու: Թե չէ` գնար ու ընդունվեր: Բա դպրո՞ցը, բա երեխանե՞րը: «Ինձ նրանց սերն է պահել դպրոցում»,- ասում է ինքը: «Մեր Սուխոմլինսկին է»,- ասում են ուսուցիչները: Տնօրենի եռանդով, երեխայասիրությամբ դպրոցում բոլորն են վարակված: «Ունենք հրաշալի կոլեկտիվ` համերաշխ, իրար թիկունքի կանգնած, իրար ձեռք մեկնող: Մենք թիրախ չենք փնտրում: Մենք օգնում ենք իրար և աշխատանք պահանջում»,- ներկայացնում է տնօրենը: Օպտիմալացումն անգամ այստեղ ցավոտ չի անցել, մարդկային մոտեցումն ամեն ինչ իր տեղն է դրել: Աշխատանքից դուրս մնացած ուսուցիչն անգամ դպրոցից հեռացել է մեծարվելով, իրեն հարգված և արժեվորված զգալով: Եվ, իհարկե, հնարավորն արվում է` օպտիմալացմանը դիմադրելու և լավ ուսուցչին պահելու համար: Ծաղիկ Մինասյանի նման ուսուցչից ո՞նց զրկվեն. «Ինչ հրաշալի դասեր է անցկացնում, լողում է իր առարկայի մեջ»,- վկայում է պարոն Կարախանյանը` շարունակելով թվարկել արժանավորների մեջ արժանավորներին. Արմինե Նիկողոսյան, Էմմա Պետրոսյան, Լիլյա Պապյան, դասվարներ Կարինե Ղազարյան, Զոյա Մարտիրոսյան: Նարինե Վարդանյանն ու Գայանե Հարոյանն էլ դպրոցի գլխավոր «դերակատարներից» են, մեկը դաստիարակության ճակատն է տնօրինում, մյուսը` մանկական կոլեկտիվը: Իսկ այ, փոխտնօրեն Մաքրուհի Հովհաննիսյանին ներկայացնել ինքս եմ հանձն առնում: Իրերի բերումով մենք առանձնազրույց ունեցանք, ինչն ինձ առիթ է տալիս գոհունակությամբ ասելու. «Ինչ լավ է, որ դպրոցում կան հոգևորի պահապաններ, հոգևոր արժեքներով, ազգային ու մարդկային արժեքներով համակված մարդիկ` պատրաստ այդ ամենը փոխանցել սերունդներին»: Ավանդապահությունն այս դպրոցում շեշտադրված տարր է: Ցանկացած միջոցառման մեջ նպատակ է հայեցի դաստիարակությունը, երեխայի մեջ ազգային պատկանելության նկատմամբ հպարտություն սերմանելը: Ջերմ է ծնողական համայնքի կապը դպրոցի հետ: Դպրոցը բաց է ինչպես ուսուցչի և երեխայի, այնպես էլ ծնողի համար: Նա տեղյակ է` ուր և ինչ նպատակի ուղղվեց իր հատկացրած մի լուման, դպրոց բերած իր մի ծեղը: Գրել Մայիսյանի դպրոցի մասին ու չներկայացնել այստեղ բացված թանգարանը, նշանակում է ասելիքը թերի թողնել: Այն, ինչ տեսանք, վեր էր թանգարանի մասին մեր բոլոր պատկերացումներից: Դե, ուրեմն, գործի դրեք ձեր երևակայության ողջ պաշարը և պատկերացրեք մեջեմեջ սրահների մի շարք` ավելի քան 100 քմ ընդհանուր մակերեսով, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է առանձին մի ոլորտ: Փառքի և անմահության սրահ, ուր ներկայացված են Մեծ հայրենականին մասնակցած բոլոր մայիսյանցիները, Անհայտ զինվորին, Եղեռնին, երկրաշարժին նվիրված առանձին սրահներ, աշխատանքի վետերանների սրահ, Հայոց բանակում ծառայող համագյուղացիներին նվիրված, նաև դպրոցի առօրյան պատկերող սրահ, գեներալի` Վաղարշակ Վարդանյանի (դարձյալ համագյուղացի) սրահ, ֆիդայատուն, պատմության ու մամուլի սրահներ… Չէ, թվարկումը շարունակել չի լինի, դա լրագրային հոդվածի հնարավորություններից դուրս է: Մնում է միայն զարմանալով հիանալ և հիանալով զարմանալ այն տիտանական աշխատանքով, այն անհնար հնարավորությունների գործադրմամբ, որի շնորհիվ ստեղծվել է այս հսկա թանգարան-դասատունը: Այո, չենք սխալվում` դասատունը: Եվ ի՞նչ չի կարելի այստեղ սովորել: Ի¯նչ դասեր կարելի է առնել փաստաթղթերով, կենսագրական ու վավերագրական նյութերով, իրեղեն ապացույցներով գերհագեցած անթիվ սրահներում: Տնօրենը պատմում էր, թե ինչպիսի ոգևորությամբ են մասնակցել այս աշխատանքներին իրենք` աշակերտները: Ամեն մեկի բաղձանքն էր հանձնարարություն ստանալ: Կարծում ենք, այսօրինակ թանգարանը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել հանրապետության դպրոցների համար և էքսկուրսիաներ կազմակերպելու տեղին առիթ դառնալ: Իսկ մինչ դպրոցները կբռնեն Մայիսյան գյուղի ճանապարհը, շնորհավորենք շարադրությունների մրցույթում պատվոգրեր շահած աշակերտներին. Անի Առաքելյան (9-րդ դաս.), Վաչագան Բաղդասարյան (9-րդ դաս.) և Մարիամ Դավթյան (8-րդ դաս.): Սպասենք նորերին:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ