Ֆենոմենի բացահայտումը
Համաշխարհային ճանաչում ձեռք բերած անհատի դիմանկարը նույնիսկ ժամանակն է անզոր մոռացության քողով խամրեցնել£ «Ձայնի ու մեղեդու մասին խոսելիս` ցանկացած հայի հոգում, ուր էլ որ նա գտնվելիս լինի` հնչում է մի թանկ ու հարազատ անուն` Գոհար Գասպարյան»,¬ իր «Գոհար Գասպարյան ֆենոմենը» գիտական աշխատության մեջ գրում է Արմինե Մելիք¬Իսրայելյանը (Նահապետյան), ում շնորհիվ մեկ անգամ ևս բացահայտվում է ճշմարիտ արվեստագետի, իրական նվիրյալի էությունը£ Եռամաս այս վերլուծությունն իր երեք` «Եգիպտական արյուն», «Գոհար Գասպարյան ֆենոմենը» և «Գոհար Գասպարյանի հետխորհրդային ներկան» բաժիններում խորին ակնածանքով ընթերցողին է մեկնում նոր բացահայտումներ և իրողություններ երգչուհու կյանքից ու բեմական նվաճումներից` չշրջանցելով, իհարկե, նրա ապրած այսօրը£ Աշխատությունը միաժամանակ յուրօրինակ անդրադարձ է խորհրդային և հետխորհրդային մամուլի ձեռքբերումներին, բացթողումներին ու թերություններին, ինչպես նաև` մամուլի վերաբերմունքը համաշխարհային ճանաչման հասած արվեստագետին£ Վերլուծությունները, որոնք կատարված են հիմնավոր փաստարկների, Գոհար Գասպարյան երևույթի արժանավոր խոսքի, արխիվային ծավալուն նյութերի հիման վրա, ինչպես հեղինակն է գրում` «Վեր են բարձրացնում ճշմարտության քողը նորանոր բացահայտումների և մինչ օրս չհրապարակված փաստերի լուսաբանման միջոցով»£ Երիտասարդ հեղինակի բեղուն գրչով, որին հատուկ է գեղարվեստական արձակի պատկերավորությունը, ընթերցողին է ներկայացվում գեղեցիկ, գրագետ հայերենով հյուսված մի յուրատիպ իրապատում£ Հեղինակը երաժշտագետներին հորդորում է խորությամբ ուսումնասիրել Գոհար Գասպարյանի մարմնավորած կերպարները` դրանցով լրացնելով երաժշտավերլուծական գրականության ցանկը£ Եվ, որ ամենակարևորն է, անտարբերության ճահճից փրկել Հայաստանի սոխակի երբեմնի փայլը, որն, հիրավի, ազգային պարծանք էր£