Ամենայն Հայոց Բանաստեղծի օջախում


...«Էս է, որ կա, ճիշտ եմ ասում, թասդ բեր...». երևի թե հենց այսպես, ինքնաբուխ են ծնվել մշակութային մթնոլորտով հագեցած խնջույքները Ամենայն Հայոց Բանաստեղծի Թիֆլիսի տանը£ Հյուրընկալ տանտիրուհին, այսօր` տիկին Վերժինեն, շուրջը համախմբած ընտանիքի անդամներին` Թումանյանի տուն-թանգարանի ներկայիս աշխատակազմը, սրտաբաց ժպիտով դիմավորում է թումանյանասեր արվեստի մշակներին` պատրաստակամ պահպանելու ազգային ոգու անգերազանցելի թարգման տանտիրոջ ամրագրած կենսախինդ ավանդույթները£ Հայր և որդի Աղաբաբյանների նախագծած վեհաշուք շինության հիմնանորոգված պատերի ներսում, խնամքով փայփայվող մասունքներով` Լոռվա ձորի համայնապատկերով, Ձմեռային այգով, բանաստեղծի Թիֆլիսի տան նմանողությամբ ստեղծված միջավայրով, ստեղծագործության հանրահայտ էջերն անմահացնող գեղանկարչական կտավներով ու թեմատիկ ցուցադրութ յուններով ապահովված է Մեծն Թումանյանի աներևույթ ներկայության պատրանքը, որը, Մատենադարանի աշխատակիցների գործուն աջակցությամբ կազմակերպված տիտանական հնգամյա վերականգնողական աշխատանքներից հետո, լրացվում էր ամենակարևոր մի մանրամասնով` անձնական գրադարանի բաց ցուցադրությամբ£ Բացառիկ արժեքավորությամբ Գյոթեի ու Տոլստոյի գրադարաններին չզիջող մի հավաքածու, XVI-XVII դարերից մինչև 1920¬ականները հրատարակված հազվագյուտ, տարալեզու մոտ 8000 գիրք ամփոփող հոգևոր գանձարան, որ մունջ պերճախոսությամբ վկայում է սիրելի պոետի հետաքրքրությունների բազմազանության ու ծանրակշիռ լրջության մասին£ Նաև` «Ստեղծողի գաղտնիքներին» տիրապետելու հնարավորություն ընձեռած ակունքների, որոնց մանրակրկիտ ուսումնասիրությունը, անկասկած, նոր ներդրում կլինի թումանյանագիտության մեջ£ Այդուհանդերձ, Թումանյանի անձնական գրադարանի բաց ցուցադրության փաստը հազիվ թե վերափոխվեր աննախադեպ ընտանեկան տոնի, եթե չզուգակցվեր մեկ այլ նշանակալի փաստի` բանաստեղծի դստեր` Թամար Թումանյանի ծննդյան 100-ամյա տարեդարձին£ Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում ստեղծագործած ճարտարապետը, թանգարանի հիմնադիր տնօրեն քրոջից` Աշխենից ընդունելով հայրական ժառանգության կարևորման ջահակրի հայրենասիրական առաքելությունը` շինարար բանվորի նման օժանդակել է վաստակավոր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանին նոր մասնաշենքի կառուցումը նախաձեռնելիս£ Առաջամարտիկի ակտիվությամբ ժողովրդական տոնախմբության է վերածել Բանաստեղծի 100-ամյա հոբելյանը£ Հայ գրականագիտական մտքի հսկաների սիրահոժար մասնակցությամբ զարգացրել է թանգարանի գիտահետազոտական գործունեությունը` 23 տարի անընդմեջ լինելով տերը և ծառան հայրական օջախի£ Այսօր էլ շեն է մնում Թումանյանի տունը` իր կանգուն պատերով, սրբասուրբ մասունքներով, շարունակվող ընտանեկան ավանդույթներով և հին ու նոր բարեկամներով, ովքեր արժեքավորող իրենց հուշերով, երգ ու ասմունքով առանձնահատուկ փայլ հաղորդեցին Թամար Թումանյանի ծննդյան տոնակատարությանը` Վարազդատ Հարությունյանը, Ավիկ Իսահակյանը, Սվետլանա Խանումյանը, Արմինե Հայրապետյանը, նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը, վերջին տարիների լավագույն Անուշը մեր օպերային բեմում` Անահիտ Մխիթարյանը… Տարբեր սերունդների ներկայացուցիչ բոլոր թումանյանապաշտ ներկաները£ Մշակութային բարձրարժեք փոխշփում ների կարոտ մտավորականներ, որոնց հոգևոր միասնությամբ հերթական անգամ բանաստեղծի հարկի տակ թևածեց ասես հանպատրաստից բռնկված, հոգևոր լիցքեր ճառագող համընդհանուր ուրախությունը£ Անկախ տխուր հանգամանքից` թանգարանի շուրջ չարակամությամբ բորբոքված, օրավուր ավելի անտրամաբանական բովանդակությամբ ժայթքող կրքերից... Շեն մնա օջախդ, անմահ Լոռեցի£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ